HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չէր ներկայացել իր գործով առաջին դատական նիստին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր նշանակված էր «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով առաջին դատական նիստը, որով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին տուժողի կարգավիճակ ունի: Նիստին, սակայն, Թավադյանն ու պաշտպանը չէին ներկայացել:

«5-րդ ալիքի» սեփականատիրոջը, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով առաջին դատական նիստի օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Թավադյանը, մասնավորապես, մեղադրվում է 2019թ․ մայիսի 13-ին դատարանի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու մեջ: Նշենք, որ միջադեպի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող Վարդգես Գասպարիին շշով հարվածել էին, վերցրել նրա պաստառը:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ դատարանը գրություն է ստացել Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանից, որտեղ վերջինս նշել է, որ մասնակցում է նախապես նշանակված մեկ այլ նիստի, ուստի այդ պատճառով չի կարող ներկայանալ: Պաշտպանը հայտնել էր նաև, որ Արմեն Թավադյանը նույնպես չի ներկայանալու:

Գործով տուժող Վարդգես Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, անդրադառնալով Հովհաննես Խուդոյանի բացակայությանը, ասաց, որ պաշտպանի դիմումի մեջ նշված տեղեկությունը մասնակի է համապատասխանում իրականությանը:

«Ժամը 1-ին նշանակված է եղել մի նիստ, որին ես էլ՝ որպես տուժողների ներկայացուցիչ, մասնակցել եմ, սակայն այդ նիստը հետաձգվել է, չի կայացել: Այս պահին այդ նիստով պայմանավորված որևէ մեկը չի կարող պատճառաբանել այս նիստի հետաձգումը: Ինչ վերաբերում է Արմեն Թավադյանին, ապա ինքը նշված նիստով որևէ մասնակցություն չունի, նրա մասնակցությունն այդ նիստով ընդամենը, այսպես ասած, երկրպագուների խմբի մասնակցության կարգավիճակ է՝ ի պաշտպանություն Քոչարյանի և այդ կարգավիճակով այս նիստի բացակայություն չի կարող հարգելի համարվել: Հետեւաբար ես խնդրում եմ Թավադյանի բացակայությունը հարգելի չհամարել»,- հայտարարեց Եգորյանը:

Նշենք, որ այսօր՝ ժամը 13:00-ին Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը, որին մասնակցում են նաև Հովհաննես Խուդոյանն ու Տիգրան Եգորյանը, և վերջինս հենց Քոչարյանի նիստի մասին էր խոսում, երբ հայտնեց, որ ժամը 13:00-ի նիստը հետաձգվել է:

Մեղադրող դատախազ Մարտին Արզումանյանը Թավադյանի բացակայությունն անհիմն որակեց՝ դատարանին միջնորդելով նրան բերման ենթարկել:

Դատարանը, սակայն, միջնորդությունը չբավարարեց՝ որոշելով հաջորդ դատական նիստի մասին ևս ծանուցել կողմերին: Նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց նոյեմբերի 13-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter