HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Վիտալի Բալասանյան. «2012 թվականին կար կոռուպցիայի խնդիր, հիմա չկա»   

Հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության պատշպանության բանակի նախկին փոխնախարար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը:

«Հետքը» Վիտալի Բալասանյանին հարց ուղղեց կոռուպցիայի մասին. «Հիմա Արցախում չկա՞ կոռուպցիա ու ապաշնորհ կառավարում, ինչի մասին 2012 թվականին միշտ խոսում էիք»:

Բալասանյանը հարցադրումով պատասխանեց. «Տեղյա՞կ եք, որ կոռուպցիա կա: Տեսել՞ եք, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը քանդված է: Ֆիքսեք ու ասեք, որ գյուղատնտեսության նախարարությունում, պարոն գեներալ, այ այսպիսի խնդիր կա: Միանշանակ, կան տնտեսական լուրջ խնդիրներ, համապատասխան գերատեսչություններն իմ` նախագահ ընտրվելուց հետո տեսնելու եք, որ բոլորը պատասխան են տալու: Ես տեղյակ չեմ ընդհանրապես, ասում եք` կաշառք են տալիս»:

«2012-ին կար կոռուպցիա, հիմա արդեն չկա՞»,- հարցը կրկնեց «Հետքը»:

«2012 թվականին կար կոռուպցիայի խնդիր, հիմա չկա: Իհարկե: Դուք տեղյակ չեք եղե՞լ, որ այն ժամանակ պետավտոտեսուչին փող էին տալիս, որ էն ժամանակ դատախազին փող էին տալիս, հիմա ես չեմ լսում նման խնդիրների մասին, եթե կան` ասեք: 2012-ին տեղյակ եմ եղել, ես ժամանակին նամակներ եմ գրել հանրապետության նախագահին, որ այստեղ այսպիսի խնդիր կա, այնտեղ`մեկ ուրիշ խնդիր: Էսօր Ճանապարհային ոստիկանությունը գումա՞ր է վերցնում որևէ մեկից: Ես չեմ լսում, որ փող են վերցնում: Ես չեմ լսում, որ դատարաններում փող են վերցնում, անկեղծ եմ ասում, որ դատախազությունում կամ ԱԱԾ-ում կաշառք են վերցնում»,- պատասխանեց Բալասանյանը:

Հիշեցնենք, որ Բալասանյանը 2012 թվականին Արցախի նախագահական ընտրությունների քարոզարշավին քննադատում էր գործող նախագահ Բակո Սահակյանին, մեղադրում, որ Արցախում ծաղկում է կոռուպցիան, ու ապաշնորհ կառավարումը թուլացնում է երկիրը: Նույնիսկ ասել էր, որ շատերս ենք հինգ տարի առաջ ընտրել գործող իշխանություններին (խոսքը 2007 թվականի մասին է- Հ.Ղ.)` հույս ունենալով իրականացված տեսնել ներկայացված ծրագրերը: «Սակայն ներկայիս իշխանություններն անկարող գտնվեցին: Ես ուզում եմ իմ ներողությունը խնդրել իմ ժողովրդից, քանզի ես էլ էի կանգնած նրանց կողքին, բայց ի փառս Աստծո, շատ կարճ ժամանակով»,- ասել էր 2012թ. Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:  

«100 տոկոսով ավարտել են այդ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ինժեներական օբյեկտները, և սկսել են կրակոցները»  

Ասուլիսին խոսք եղավ նաեւ սահմանային լարվածության մասին։ Բալասանյանն ասաց, թե հիմա ոմանք խոսում են սահմանին լարվածության նվազման մասին, ինչը, ըստ նրա, «հայտնի վերելակային փաստաթուղթն է»:

Բալասանյանի խոսքով՝ Ադրբեջանին ձեռնտու է եղել, որպեսզի սահմանային լարվածությունը զրոյանա։ «Յուրաքանչյուրդ կարող եք Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ-Ադրբեջան սահմանագծին տեսնել, թե ինչպիսի ինժեներական աշխատանք է կատարել Ադրբեջանը. պատշպանողական, հարձակողական ու հակահարձակողական մարտ վարելու և օդային, գիշերային ու ցերեկային դիտարկում կատարելու համար: Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ կոչվածը հակահայ, վտանգավոր, մեր անվտանգությունը խաթարող պայմանավորվածություն է եղել, գնացեք և աչքներովդ տեսեք, ես օդից չեմ խոսում: Մի քանի ամիս առաջ Դավիթ Շահնազարյանը ցույց էր տալիս այն նկարները, թե ինչ ինժեներական աշխատանքներ են կատարել, դա եղել է դեռ սկիզբը, հիմա լրիվ, 100 տոկոսով ավարտել են այդ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ինժեներական օբյեկտները և սկսել են կրակոցները», - ասաց Վիտալ Բալասանյանը:

Հարց հնչեց 2017 թվականին Արցախում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների և Բակո Սահակյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի մասին: Բալասանյանն ասաց, որ այն ժամանակ էլ է բարձրաձայնել՝ դեմ է եղել ցանկացած սահմանադրական փոփոխության, եթե դա հանգեցնում է իշխանության վերարտադրության:

 

Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter