HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հետադարձ ուժի մասով խնդիր չենք ունենա». Արդարադատության փոխնախարարը՝ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրինագծի մասին

Արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ այսօր կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որի շրջանակներում քաղաքացիական հասարակության, պետական մարմիների ներկայացուցիչներին ու լրագրողներին ներկայացվեցին օրենքի նախագծի հիմնական դրույթները:

Օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով և որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը: Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները, իսկ տասը տարուց առավել վաղ ժամանակահատվածի ուսումնասիրության բացառություն սահմանվել է այն դեպքերում, երբ պահպանված կլինի հնարավոր ապացուցողական բազան՝ ոչ միայն իրավասու մարմնի, այլ նաև պատասխանողի, այսինքն՝ այն անձի համար, որի գույքի ձեռքբերման օրինականությունն, ըստ էության, դրվել է կասկածի տակ:

Օրենքի կարգավորման տիրույթում «հասարակ քաղաքացին չէ»

«50 մլն դրամն ընտրվել է այն կանխավարկածից ելնելով, որ հասարակ քաղաքացին իրեն չզգա այս օրենքի կարգավորման տիրույթում»,- ասաց Սրբուհի Գալյանը: Վերջինս նշեց, թե «հասարակ քաղաքացի» ասելով՝ նկատի ունի Հայաստանի Հանրապետության բոլոր այն  իրավահպատակ քաղաքացիներին, ովքեր թաթախված չեն եղել կոռուպցիոն գործարքների մեջ, ովքեր չեն կատարել քրեորեն պատժելի արարք: Օրենքի նախագծում հստակ սահմանված են այն հանցատեսակները, որոնց առկայության դեպքում կարող է օրենքի այս նախագծով սկսվել ուսումնասիրության վարույթ: Փողերի լվացման, ապօրինի հարստացման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, յուրացում, վատնում կատարելու և մի շարք այլ հոդվածներով նախատեսվող արարքները ներառված են այդ հանցատեսակների ցանկում:

Հիմքեր, որոնց առկայության դեպքում կարող են ուսումնասիրություններ սկսվել

Օրենքի նախագծում թվարկված են այն հիմքերը, որոնք կարող են ազդակ հանդիսանալ այս ուսումնասիրության վարույթը սկսելու համար: Հիմքերը, մեկ բացառությամբ, կապված են հանցագործությունների հետ, այսինքն` պետք է քրեական վարույթ սկսվի կամ սկսված քրեական վարույթի իրականացումն անհնարին լինի, որպեսզի այս ուսումնասիրության վարույթը հարուցվի:

Կա նաև մեկ այլ հիմք` ուսումնասիրությունների վարույթ հարուցելու վերաբերյալ` առանց քրեական գործի առկայության: Փոխնախարար Գալյանն ասաց, որ խոսքն այն մասին է, երբ օպերատիվ  տվյալներ են ձեռք բերվել անձի՝  ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ:

Ո՞ւմ գույքը կարող է բռնագանձվել և ի՞նչ պայմաններում

Անձի գույքը, որի ծագման օրինականությունը չի հիմնավորվել, դատարանի որոշմամբ կարող է բռնագանձվել անգամ այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում անձի մեղավորությունը չի հաստատվում:

«Եթե քրեական գործով անձն արդարացվի, դա գույքի բռնագանձման վարույթի վրա որևէ ազդեցություն չի ունենալու: Մենք գործ ենք ունենալու ապացուցման տարբեր շեմերի հետ: Եվրոպական դատարանն էլ է արձանագրել, որ արդարացման դատավճռի պարագայում դեռևս խոսք չի կարող գնալ ոչ իրավաչափ քաղաքացիա-իրավաչափ վարույթի մասին: Այսինքն` արդարացման դատավճռի դեպքում դա պրոյեկտել քաղաքացիական գործընթացների վրա և ոչ իրավաչափ համարել կամ բեկանել քաղացիական դատարանի վճիռը, հնարավոր չէ»,- ասաց Սրբուհի Գալյանը:

Օրենքով հնարավոր կլինի բռնագանձել նաև այն անձանց գույքը, որոնք, օրինակ, կգտնվեն հետախուզման մեջ կամ այլ պատճառով չեն լինի նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո:

Ըստ Սրբուհի Գալյանի՝ նմանատիպ իրավիճակը ստեղծում է քրեական վարույթի անհնարինություն, իսկ քրեական վարույթի անհնարինությունը ներառված է գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթ սկսելու հիմքերում:

Քննարկման ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նկարագրեց իրավիճակ, երբ անձի՝ որոշակի չափով գույքի ապօրինի ծագումը հիմնավորվում է, սակայն դրանից հետո այդ գույքի ճիշտ կառավարումը և զարգացումը հանգեցնում է նոր գույքի ձեռքբերման: Այվազյանը հարցրեց, թե տվյալ իրավիճակում բռնագանձման ենթակա է անձի ողջ ունեցա՞ծքը, որի հիմքում ապօրինի ծագած գույքն է, թե՞ միայն ապօրինի ծագում ունեցող գույքը:

Սրբուհի Գալյանն ի պատասխան հայտնեց, որ տվյալ իրավիճակում բռնագանձման ենթակա է այն ամբողջ գույքը, որի ծագումն ի սկզբանե  ապօրինի է եղել:

Օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս ուսումնասիրել մինչև դրա ընդունումը ձեռք բերված գույքի օրինականությունը

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ «Ապօրինի ծագած գույքի բռնագանձման մասին օրենքն» ավելի շատ միտված է ապագային, բայց նախագիծը թույլ է տալիս ուսումնասիրել նաև մինչև օրենքի ընդունումը ծագած գույքի ձեռքբերման օրինականությունը:

Հայաստանի օրենսդրությամբ՝ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն: Գալյանին հարց ուղղվեց, թե արդյոք  այս օրենքը չի՞ շահարկվի հետադարձ ուժ ունենալու իմաստով։ Փոխնախարարը նշեց, որ հետադարձ ուժի հարցը լայնորեն քննարկվել է, ու եկել են հիմնավոր եզրակացության, որ այս հարցում խնդրի առաջ չեն կանգնում:

«Ունենք համապատասխան միջազգային փորձ և ՄԻԵԴ համապատասխան որոշումներ: Հետադարձ ուժի մասով խնդիր չենք ունենում, որովհետև սա սահմանում է մի ընթացակարգ, որը նպատակ ունի տնտեսական շրջանառությունից հանել ապօրինի ծագած գույքը: Եթե այս ապօրինությունը սկիզբ է առել X ժամանակահատվածում, այն շարունակվում է մինչև հիմա: Այսինքն՝ ինձ հիմա է հետաքրքրում, որ դու ունես ապօրինի ծագած գույք, որ այդ գույքն իրականում չի համապատասխանել կամ համապատասխանում քո օրինական եկամուտներին, և ես հիմա եմ իրականացնում ուսումնասիրությունը, որպեսզի այդ՝ ապօրինի ծագած գույքը ետ վերցնեմ: Այսինքն ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի տիրապետումը, տնօրինումը, օգտագործումը շարունակվում է մինչ օրս, և իմ նպատակն է այդ խախտումը վերացնելը»,- ասաց Սրբուհի Գալյանը:

Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի գործառույթն այսօր հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծության գործընթացի կանոնակարգումը և հայտարարագրերի հրապարակումը, հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը և վարչական տույժեր նշանակելն է, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը, այսպես ասած, փոխակերպվելու է կոռուպցիայի կարգավորման հանձնաժողովի կամ ներառվելու է այդ հանձնաժողովում և պաշտոնատար անձանց գույքի և օրինական եկամուտների հետ կապված որոշակի անհամաձայնությունների, անհամապատասխանության դեպքում արդեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ չարամիտ, անզգույշ խախտումների դեպքում հարուցելու է վարչական վարույթ, իսկ չարամիտ խախտումների դեպքում գործն ուղարկել դատախազություն, որպեսզի գործն ընթանա քրեաիրավական ճանապարհով:

Ըստ Սրբուհի Գալյանի՝ առանց բանկային գաղտնիքի ազատականացման այս ինստիտուտը գոյություն ունենալ չի կարող, բայց բանկային գաղտնիքի ազատականացում ասելով, ըստ նախարարի, ինքը նկատի չունի, թե ցանկացած դեպքում և պայմաններում դատախազությունը կարող է պահանջել այս կամ այն անձի բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter