HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանում ցուցմունք տվեցին Պավել Մանուկյանն ու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր սկսվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների հարցաքննությունը:

Դատարանում առաջինը ցուցմունք տվեց ամբաստանյալ Պավել Մանուկյանը:

«Մեկ տարի, երկու ամիս առաջ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, որը դատարանն ընդունեց որպես ցուցմունք: Ես հիմա էլ  յուրաքանչյուր բառս պնդում եմ, դա բացարձակ ճշմարտությունն է»,- ասաց Պավել Մանուկյանը՝ նկատի ունենալով, որ ասել է, թե Արմեն Բիլյանը չի կրակել ՊՊԾ գնդում հրազենային վնասվածք ստացած, ապա հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանին:

Նշենք, որ Պավել Մանուկյանը նման հայտարարություն է արել այն ժամանակ, երբ դատարանը քննում էր Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու հարցը: Այդ ժամանակ գործով բոլոր ամբաստանյալները, բացառությամբ սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի, արդեն ազատության մեջ էին: Մանուկյանը  հայտարարել է նաև, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը հրազենային վիրավորում է ստացել ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող մեկ այլ ամբաստանյալի՝ Էդվարդ Գրիգորյանի պատահական կրակոցից:

Մանուկյանը դատարանում հայտնեց, որ Էդվարդ Գրիգորյանն իրեն շատ վատ է զգացել պատահական կրակոցի պատճառով:

«Ինքն իրեն շատ վատ զգաց. մեռած էր, թաղած չէր»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ այս փուլի համար ինքն առայժմ ասելու ոչինչ չունի, և երբ խմբի մյուս անդամները խոսեն, այդ ժամանակ ինքն իր ասելիքը կշարունակի:

«Բայց կրկնում եմ՝ Բիլյան Արմենը չի: Բանկոմատը նույնպես Արմենը չի»,- հայտարարեց Պավել Մանուկյանը: Նշենք, որ վերջինս մեկ տարի առաջ տված ցուցմունքում հայտնել էր նաև, որ ՊՊԾ գնդի տարածքում եղած «բանկոմատի գրոհի հեղինակը եղել է ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը»:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Մանուկյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, և, ի պատասխան, Պավել Մանուկյանն ասաց, թե նախաքննությունից հետո իրավիճակ էր փոխվել, ուստի ինքը որոշել էր ցուցմունք տալ:

«Մինչ այս ո՞ր դատարանին ցուցմունք տայի: Երկրում իշխում էր Սերժի հանցավոր բանդան, ու՞մ ցուցմունք տայի»,- հայտարարեց Պավել Մանուկյանը: Վերջինս դատարանի հարցին ի պատասխան հայտնեց նաև, որ Արմեն Բիլյանին անձամբ չի տեսել ՊՊԾ-ի տարածքում գտնվող բանկոմատը կոտրելիս:

Պավել Մանուկյանը մեղադրող կողմի և դատարանի այլ հարցերին չպատասխանեց կամ չտվեց բովանդակային պատասխաններ: Նա պատասխաններ տվեց միայն սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կնոջ հարցերին՝  հայտարարելով, թե դրանց պատասխանում է, որպեսզի ոստիկանի կինն իր մեջից հանի Արմեն Բիլյանի նկատմամբ ունեցած ոխը:

Մանուկյանը հայտնեց, որ պատահական հնչած կրակոցի ժամանակ Արմեն Բիլյանը եղել է ՊՊԾ գնդի զորամասի անցագրային կետի մուտքի մոտ, այսինքն՝ ոչ այն հատվածում, որտեղ հրազենային վնասվածք է ստացել Գագիկ Մկրտչյանը: Հայտնեց նաև, որ իրենք Գագիկ Մկրտչյանին օգնել են, ձեռքը փաթաթել, միասին զրուցել, նա շուրջ կես ժամ մնացել է զորանոցում, ապա նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ թե ով կամ ինչ մեքենայով է տեղափոխել, Մանուկյանը չգիտի: Վերջինս հայտնեց, որ պատահական կրակոցից վիրավորում է ստացել նաև խմբի անդամներից Արմեն Լամբարյանը:

Սպանված ոստիկանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը Մանուկյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ էին անփորձ անձանց, որոնք պատահական կրակոց կարող են արձակել, իրենց հետ տարել հեղափոխություն անելու:

«Ես բան չունեմ ասելու, վերևն Աստված կա, ու ոնց տեսնում եմ՝ Աստված հերթով իր պատիժը տալիս է: Անկախ նրանից՝ ինչ է եղել, մարդու կյանք եք խլել, ու այսօր ձեր պատճառով իմ որդու վիզը ծուռ է: Հազա՛ր ամոթ: Պատահական կրակոց չի եղել. երկու քայլ հետ եք գնացել ու կրակել: Բանալի չտալու համար կրակո՞ց եք արձակում»,- ասաց Հասմիկ Ոսկանյանը:

«Այնտեղ ոչ մեկը ոչ մեկին չի ցանկացել սպանել»,- ի պատասխան ասաց Պավել Մանուկյանը՝ պնդելով, թե ինքը բացարձակ ճշմարտությունն է հայտնում:

«Ես եղել եմ արդարության մարտիկ: Շատ վատ է, որ ամբողջ հանրապետությունով մեկ տարածում են, թե Նիկոլ Փաշինյանը մեզ ազատեց: Ես չեմ հասկանում՝ մեզ Նիկոլ Փաշինյանը ազատե՞ց, թե՞ արդարադատությունը»,- դատարանում նաև նման հայտարարություն արեց Մանուկյանը: Վերջինիս հարցաքննությունն ավարտվեց:

Ըստ դատակոչի ցուցակի՝ հաջորդ մեղադրյալը, ով պետք է ցուցմունք տար, Արմեն Բիլյանն էր: Վերջինս հայտնեց, որ չի ցանկանում ցուցմունք տալ, հետագայում, կախված նրանից, թե դատական պրոցեսն ինչպես կընթանա, ինքը կասի իր ասելիքը:

Բիլյանն, այնուամենայնիվ, պատասխանեց դատավոր Մեսրոպ Մակյանի այն հարցին, թե ինչու նախկինում չի բարձրաձայնել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության հանգամանքների մասին այն ամենն, ինչի մասին խոսում է Պավել Մանուկյանը:

«Էդ աճպարարական հնարքներով, որ մեղադրանքներն իմ վրա դրեցին, ես ընդհանրապես քննիչ կամ այլ անձ չտեսա: Ուղղակի թուղթը բերեցին, դրեցին, ասացին՝ պարո՛ն, խնդրեմ, գրել ենք քո փոխարեն ամեն ինչ: Ես առաջին օրվանից ասել եմ, որ մեղադրանքը չեմ ընդունում, որ այն շինծու է և շատ լկտի, սուտ մեղադրանք է: Այն ներկայացնող քննիչներին ասել եմ, որ դրա համար պատասխան են տալու: Դատարանում էլ բազմիցս կրկնել եմ, որ մեղադրանքը գրելու և ներկայացնելու համար անձինք պատասխան են տալու ՀՀ դատարաններում: Ես արդարության համար եմ պայքարել, և գնացել եմ ապստամբության իմ ժողովրդի համար, որի հետևանքով տեղի ունեցավ հեղափոխություն»,- հայտարարեց Արմեն Բիլյանը:

Վերջինս նշեց, թե իր դաստիարակությունն ու տղամարդկությունը թույլ չի տվել ավելին խոսել, սակայն նշեց, որ ամեն տղամարդ պետք է ունենա բարոյականություն և  համարձակություն, որպեսզի տեր կանգնի իր արածներին, իսկ ինքն իր արածներին միշտ տեր է կանգնել և կանգնելու է:

Մյուս ամբաստանյալների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Լուսանկարում՝ ձախից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter