HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարուժան Գեղամյան

Պոլսո պատրիարքության «85-րդի» ընտրությունը

Մեր հարևանությամբ քաղաքական և սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող իրադարձությունները երբեմն զարգանում են այնպիսի արագությամբ, որ արդյունքում դրանցից որոշները չեն արժանանում բավականաչափ ուշադրության և վերլուծության։

Իրադարձություններով և դրամատիկ զարգացումներով լեցուն էր նաև անցնող տասնօրյակը, որից առավել մեծ ուշադրության արժանացավ Թուրքիայի ԶՈւ կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության ակունք» անունով ռազմական գործողության մեկնարկը։ Իհարկե, թեման խիստ կարևոր է և ունի անմիջական առնչություն մեզ՝ Հայաստանի ու հայության հետ, սակայն մենք դեռ առիթներ կունենանք այդ գործողության ընթացքին առավել մանրամասն անդրադառնալու (հատկապես, որ ներկա դրությամբ դեռ վերջնականապես պարզ չէ, թե ինչպես կզարգանան ռազմական գործողությունը և դրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը)։ Թուրքիայի հարավային սահմանների երկայնքով սփռված տարածքում ծավալվող և հայոց պատմության 100-ամյա վաղեմության իրադարձությունների հետ բազմաթիվ աղերսներ ունեցող այս գործընթացներին զուգահեռ ոչ պակաս դրամատիկ զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայի մյուս ծայրում՝ Ստամբուլ-Պոլիսում։ Այստեղ ապրող հայության համար կենսական նշանակություն ունեցող հարցը՝ Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության խնդիրը, ինչպես և սպասելի էր, դարձավ ներհամայնքային հին ու նոր տարաձայնությունների հերթական հանգրվանը, ինչպես նաև ցուցադրեց Հայաստան-Թուրքիա չերևացող հարաբերությունների ևս մի դրվագը։

Պատրիարք՝ наше все

Պոլսո հայոց պատրիարքությունը, որը Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական 2 աթոռներից մեկն է, շատ յուրահատուկ տեղ ունի հայության կյանքում։ Այն առաջին հերթին մերօրյա Թուրքիայում բնակվող հայության հոգևոր գլխավոր կենտրոնն է և հավաքական արևմտահայ մշակութային ժառանգության կարևորագույն հենասյուներից մեկն է: Բացի դրանից, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Պոլսու հայոց պատրիարքը, ըստ էության, հայության և Հայաստանի շահերի միակ օրինական և ազդեցիկ ներկայացուցիչն է մեր հարևան երկրում՝ այդպիսով կատարելով նաև դիվանագիտական-քաղաքական յուրօրինակ գործառույթ։ Ըստ այդմ կարելի է ասել, որ պատրիարքությունը գործում է բացառիկ հասարակական-քաղաքական միջավայրում, որտեղ աշխատանքի կազմակերպումը խիստ շրջահայաց, լայնախոհ և պատասխանատու մոտեցում է պահանջում։ Ուստի պատահական չէ, որ Պոլսո հայոց պատրիարքները կարևորագույն խորհրդանշական դեր են խաղում նաև Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում, իսկ թուրքական պետությունը ամենայն զգոնությամբ է հետևում հայոց պատրիարքի գործունեությանը՝ հաճախ փորձելով վերահսկել վերջինիս:

Նշված պայմաններում պատրիարքության առանց այդ էլ բարդ ու խճճված աշխատանքը կրկնակի բարդանում է, երբ ստեղծվում են անսպասելի իրավիճակներ։ Այդպիսի դրություն ստեղծվեց 2008 թվականին, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանում հայտնի դարձավ, որ Պոլսի 84-րդ պատրիարք Մեսրոպ Բ (Մութաֆյանը) անբուժելի հիվանդ է։ Հիվանդանոցում անգիտակից վիճակում 11 տարի մնալուց հետո պատրիարքը մահացավ 2019թ. մարտ ամսին։ Մինչև պատրիարքի մահը պատրիարքության փաստացի ղեկավարը, որոշ ընդհատումներով) պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն էր։ 

Պատրիարքի հիվանդ լինելը բավական դժվարացնում և սահմանափակում էր համայնքի բնականոն գործունեությունը, ինչի պատճառով համայնքի տարբեր ներկայացուցիչներ և խմբեր պարբերաբար հանդես էին գալիս նոր պատրիաքրի ընտրություն կազմակերպելու նախաձեռնությամբ։ Սակայն պատրիարքական ընտրություն կազմակերպելու հարցում, համաձայն Թուրքիայում գործող օրենսդրության, վերջին խոսքը պատկանում է պետությանը (մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարությանը): Միանգամայն օրինաչափորեն Թուրքիայի գործող իշխանությունները, շահագրգռված չլինելով լիարժեք գործող պատրիարքարան ու համայնքային կյանք ունենալու մտադրությամբ, չէին համաձայնում թույլատրել նոր պատրիարքի ընտրություններ կազմակերպել՝ քանի դեռ ողջ էր Մեսրոպ Բ-ն: 

Նախաձեռնակ մարմինը

Սակայն Մութաֆյան պատրիարքի մահից հետո նոր պատրիարքի ընտրության հարցը դարձավ գերարդիական։ Ընտրության կազմակերպության համար ստեղծվեց «Նախաձեռնող մարմինը» (Müteşşebis Heyet), որի առջև դրված հիմնական խնդիրը կապված էր պատրիարքի ընտրությունների անցկացման համար պետությունից համապատասխան կանոնակարգ ստանալու հետ։ Ըստ սահմանված ավանդույթի՝ Պոլսո պատրիարքի ընտրությունը կարգավորվում է 1863թ. Ազգային սահմանադրությամբ։ Դրա հիման վրա 1961 թվականից ի վեր Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր ընտրությունից առաջ կազմել է ընտրությունների կանոնակարգը՝ սահմանելով որոշակի լրացուցիչ դրույթներ:

Գործընթացի մեկնարկից ի վեր ակնհայտ էր, որ Պոլսո 85-րդ պատրիարքի ընտրությանն ընդառաջ ամենամեծ հարցը պատրիարքի հնարավոր թեկնածուների ցանկի վերջնականացումն էր. անհրաժեշտ էր հասկանալ, թե ով իրավունք ունի առաջադրվելու որպես թեկնածու։ Եւ հենց այս հարցում էր, որ անհրաժեշտ էր պետության կողմից ընտրական կանոնակարգի հաստատումը։ 

Հաշվի առնելով Պոլսո աթոռում եպիսկոպոս հանդիսացող հոգևորականների թվի սակավությունը՝ հասկանալի էր, որ գլխավոր խնդիրը Հայ առաքելական եկեղեցու այլ թեմերից եպիսկոպոսների առաջադրման հնարավորությունն էր (առաջադրվելու համար ամենակարևոր պայմանը Թուրքիայում ծնված լինելն է կամ թեկնածուի ծնողների՝ Թուրքիայում ծնված լինելն է): Չնայած 1863 թվականի Ազգային սահմանադրության այն դրույթին, որը նշում է պատրիարքի թեկնածուի՝ Պոլսո աթոռին պատկանելու անհրաժեշտությունը, սակայն անցնող տասնամյակներում պատրիարք դարձած 3 հոգևորականներից 2-ը չեն հանդիսացել նվիրապետական աթոռի անդամներ և եղել են արտասահմանցի (Շնորհք Գալուստյանը և Գարեգին Կազանջյանը), քանի որ պետության սահմանած կանոնակարգում աթոռին պատկանելու սահմափակումը դրված չի եղել:

Վերոնշյալ դրույթի լինել-չլինելու հարցը լրացուցիչ կարևորություն էր ստանում ոչ միայն այն պատճառով, որ սահմանափակման բացակայության դեպքում համայնքը ստանում էր ընտրության ավելի լայն ու տարբերակված հնարավորություն (իսկ հաշվի առնելով համայնքում առկա տրամադրությունները՝ կարելի է վստահորեն նշել, որ այդ հնարավորությունը առանցքային նշանակություն ունի), այլև պայմանավորված էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններով: Խոսքը Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հնարավորության մասնակցության մասին է, ով ոչ միայն հայտարարել էր իր առաջադրվելու մասին, այլև ուներ աջակիցների մեծ խումբ Պոլսո համայնքում: «Հայաստանցի» Չուլջյանի թեկնածության հանգամանքը նոր ենթատեքստ կարող էր հաղորդել ընտրություններին, քանի որ թուրքական պետության համար Չուլջյանը նոր գործոն կհանդիսանար՝ Հայաստան պետության հետ ամուր կապերով:

Չուլջյանից բացի կային նաև այլ, այսպես կոչված «բնական թեկնածուներ», որոնք կարող էին հավակնել պատրիարքական աթոռին: 

«Բնական թեկնածուները»

Այսպիսի իրավիճակում սեպտեմբերի 23-ին պետության կողմից պատրիարքարանին ուղարկվեց վեց էջանոց կանոնակարգը, որում նշված էր, որ թեկնածուներ կարող են լինել «Ստամբուլի Հայոց պատրիարքարանի անդամ հանդիսացող եպիսկոպոսների դասի ներկայացուցիչները»։ Կանոնակարգի այսպիսի սահմանափակումը միանգամից մեծ տարաձայնությունների առիթ տվեց պոլսահայ համայնքում և դրա սահմաններից դուրս։ Ըստ էության, այս կետով պետությունը խստորեն սահմանափակեց հնարավոր թեկնածուների թիվը. թեկնածու կարող էին առաջադրվել պատրիարքական տեղապահ Սահակ Մաշալյանը, կրոնական ժողովի ատենապետ Արամ Աթեշյանը և Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքչյանը։ «Բնական» այլ թեկնածուները, որոնք վայելում էին համայնքի մի մասի աջակցությունը, այս ցանկում տեղ չեն գտնի։

Համայնքի ներկայացուցիչները արտահերթ նիստ գումարեցին՝ քննարկելու համար նշված խնդրահարույց կետը։ Սակայն ժողովականները ձայների մեծամասնությամբ որոշեցին չբողոքարկել պետության կանոնակարգը և հաստատեցին այն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «հայաստանցի» Սեպուհ արքեպիսկոպոսի հնարավոր թեկնածությունը և սատարողների մեծաթիվ շրջանակների առկայությունը մեծ իրարանցում էր առաջացրել, կարելի է ենթադրել, որ պետության համար վերջինիս առաջադրվելը և հնարավոր հաղթանակը կարող էր խնդրահարույց լինել։ Ուստի «բնական թեկնածուների» համար սահմանափակումը կարելի է դիտարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում՝ որպես արգելք հայաստանցի հոգևորականի համար Թուրքիայում կարևորագույն պաշտոն զբաղեցնելու համար։ Այս պարագայում համայնքի վերնախավը ի դեմս ժողովականների որոշեց չվիճարկել պետության մոտեցումը, թեև դրա համար առկա էին իրավական հիմքեր (օրինակ՝ Սահմանադրական դատարանի վերջին ամիսների որոշումները, որտեղ նշված է, որ պետությունն իրավունք չունի որոշելու այս կամ այն կրոնական առաջնորդի ընտրության կարգի հարցը): 

Կարևոր է սակայն նշել, որ այս սահմանափակումը առաջին հերթին հարված է հասցնում հենց Պոլսո հայոց համայնքին, որի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները (ազգային կրթությունից մինչև հայկական գույքի պահպանություն) նոր մոտեցումներ են պահանջում: Սահակ Մաշալյանն ու Արամ Աթեշյանը ավելի քան 10 տարի ժամանակ ունեին՝ ցուցադրելու իրենց կարողությունները այս հարցերին լուծման ուղղությամբ: Եւ այն հանգամանքը, որ համայնքի մի զգալի մասը սատարում է այլ թեկնածուների մասնակցության գաղափարը, վկայում է այն մասին, որ պոլսահայերը կարիք ունեն այդ նոր մոտեցումների ու նոր դեմքերի: Սակայն կարծես թե այս անգամ այդպիսի հնարավորություն նրանք չեն ստանա:

Պոլսո 85-րդ պատրիարքի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի սկզբին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter