HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան. «Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում մասնագիտությամբ ոչ թե բժիշկ, այլ պրոֆեսիոնալ մենեջեր է հարկավոր»

«Ալավերդու բժշկական կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնի ընտրության հոկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքների պատճառով Ալավերդիում լարված իրավիճակը շարունակվում է:

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին ժամը 4:30-ի սահմաններում, Շահումյան թաղամասի ճանապարհաեզրին հավաքված՝ վիրաբույժ Գևորգ Ազարյանի համակիրները փորձում էին փակել միջպետական ճանապարհը:

Նրանց վրդովմունքի պատճառը նախօրեին ի պատասխան Գևորգ Ազարյանի բողոքի՝  Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրապարակած որոշումն էր, որտեղ մարզպետն անփոփոխ էր թողել մրցութային հանձնաժողովի թիվ 5 որոշումը, համաձայն որի՝ մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել։

Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը հավաքվածներին հորդորեց միջպետական ճանապարհը փակելու փոխարեն մրցույթի արդյունքները բողոքարկել դատարանում:

Ավագանու անդամ Սեյրան Հովհաննիսյանի ասելով՝ ճանապարհ փակելով մարդիկ ուղղակի ուզում են  բարձրաձայնել կատարված  անարդարությունը՝ այն Կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին լսելի դարձնելու համար:

«Եղած մրցույթը չեղյալ է հայտարարվում, չենք հասկանում ինչի համար: Պատճառը ո՞րն է»,- ասում է ավագանու անդամը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը  օրեր առաջ «Հետք»-ին հայտնել է, որ «Ալավերդի բժշկական կենտրոնի» տնօրենի ընտրության համար նոր մրցույթ է անցկացվելու, որին կարող են մասնակցել ինչպես նախորդ՝ հոկտեմբերի 8-ի մրցույթի մասնակիցները, այնպես էլ նոր թեկնածուներ:

«Բժշկական կենտրոնի զարգացման ծրագրերը իրականացնելու համար տնօրենի պաշտոնում մեզ հարկավոր է ոչ թե բժիշկ, այլ պրոֆեսիոնալ մենեջեր»,- ասաց մարզպետը:

Ավագանու անդամ Ս. Հովհաննիսյանը մարզպետի որոշումից հետո անիմաստ է համարում Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի ընտրության նոր մրցույթ նշանակելը: «Թող իրենց  ճաշակով պրոֆեսիոնալ մենեջեր նշանակեն էդ գործում: Եթե ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանին կարելի է նշանակել Լոռու մարզպետ, ապա ինչպես կարելի է վիրաբույժ Գևորգ Ազարյանին չնշանակել բժշկական կենտրոնի տնօրեն: Էդ դեպքում հայտարարության մեջ երևի պետք է գրեին, որ մրցույթին կարող են մասնակցել միայն պրոֆեսիոնալ մենեջերներ»,- ասաց Սեյրան Հովհաննիսյանը:

Վերջինիս բնութագրմամբ՝  Գևորգ Ազարյանը վիրաբույժի իր գործը լավ գիտի, հարյուրավոր մարդկանց  կյանք է փրկել, հաղթել է նաև բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթում և կարող է նորմալ ղեկավարել բժշկական կենտրոնը:

Հավաքվածներից Աննա Ոսկանյանը Շահումյան թաղամաս էր եկել իր բողոքն արտահայտելու: Նա ասում է, որ անձամբ բժշկական կենտրոնի գործող տնօրեն Ստեփան Մոսինյանի անձի դեմ ոչինչ չունի: Բայց ինքը և հավաքված մյուս ալավերդցիներն արդարություն են պահանջում:

«Եթե Գևորգ Ազարյանը բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթում հաղթել է, պետք է պայմանագիր կնքել նրա հետ՝ տնօրենի պաշտոնում աշխատելու համար»,- ասում է Աննա Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքներով ընտրության 2-րդ փուլից դուրս են մնացել բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը և բժշկուհի Անուշ Իսպիրյանը: Հանձնաժողովի   ամփոփիչ արդյունքներով 3-րդ փուլ է անցել միայն վիրաբույժ Գևորգ Ազարյանը: Երրորդ փուլին թեկնածուները մրցութային կարգով պետք է ներկայացնեին բժշկական կենտրոնի զարգացման իրենց ծրագրերը:

Ազարյանի խոսքով՝ բժշկական կենտրոնի զարգացման իր ծրագիրը ուղղված է եղել հիմնականում Ալավերդու բժշկական կենտրոնում առկա կոռուպցիայի վերացման և կոլեկտիվում մարդկային հարաբերությունների վերականգնմանը: Ասաց, որ ներկայացրել է նաև բժշկական կենտրոնի զարգացման ասպեկտներ, սակայն մրցութային հանձնաժողովն իրենից մանրակրկիտ հաշվարկներ է պահանջել բժշկական կենտրոնի զարգացման մասին:

Փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Լոռու մարզպետարանի կողմից  «Ալավերդու բժշկական կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը Կառավարության 2011թ-ի  հուլիսի  7-ի N 992 որոշման համաձայն անցել է երեք փուլով, այն է՝ թեստավորում, հարցազրույց  և կազմակերպության զարգացման մասին թեկնածուների ծրագրերի մրցակցում: Հոկտեմբերի 8-ի մրցույթի 3-րդ փուլին թեկնածուներից միայն 1-ին և 2-րդ փուլում հաղթած Գևորգ Ազարյանն է մասնակցել:

«Այսինքն Կառավարության 2011թ.-ի N 992 որոշումը 3-րդ փուլում իր ընդհանուր բովանդակությամբ  կորցրել է մրցույթի իմաստը, քանի որ մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում հաղթած մրցակիցը այդ փուլում կազմակերպության իր ներկայացրած ծրագրով թեկնածուներից որևէ մեկի հետ չի մրցակցել: Նա ուղղակի հանձնաժողովի անդամների 6 դեմ և 1 կողմ քվեարկությամբ չի ընտրվել բժշկական կենտրոնի տնօրեն,- պարզաբանեց Ալեքսանդր Ծատինյանը՝ ավելացնելով, որ Կառավարության N 992 որոշումը հակասություն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի հետ, իսկ  նորմատիվ  իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 40 հոդվածի համապատասխան՝ իրավական ակտերի միջև հակասություն լինելու դեպքում կիրառվում է ավելի վաղ ընդունված իրավական ակտը: Այս տեսանկյունից Ա. Ծատինյանը մատնանշեց ներկայումս ուժի մեջ գտնվող՝ Կառավարության 2005թ.-ի  հունվարի 25-ի N 224 որոշումը, որին համապատասխան նշված մրցույթի կազմակերպման կարգը  որոշվել է լիազոր մարմնի կողմից,  և մարզպետարանում առկա է  Լոռու մարզպետի 2006թ.-ի  հոկտեմբերի 16-ի N 285 որոշումը, որին համապատասխան՝ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը պետք է անցկացվի միայն թեստավորման և հարցազրույցի փուլերով, որն էլ հաղթահարել է վիրաբույժ Գևորգ Ազարյանը:

Փաստաբանի խոսքով՝ ելնելով վերոնշյալից, մարզպետարանի մրցութային հանձնաժողովը պետք է  Ալավերդի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի ընտրության մրցույթում Գևորգ Ազարյանին ճանաչեր հաղթող և նրա հետ կնքեր աշխատանքային պայմանագիր:

Գևորգ Ազարյանն իր համակիրներին ասաց, որ  բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի  ընտրության հոկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքները բողոքարկելու է  ընդհանուր իրավասության դատարանում: Նա իր համակիրներին խնդրեց զերծ մնալ միջպետական ճանապարհ փակելուց:

Մեկնաբանություններ (4)

Գևորգ Եսայան
Սիմոն Զախարով էտ դու դեռ կաս՞, այ օձունցի Միսկարյանի գործ տվող, քո դարդից էլ էտ մարդը մահացավ այ 2 x 250 մլ 0,45%-ոց աղի լուծույթ (ֆիզլուծույթ բառը քո համար շատ ա)։ Այ բժշկական ընդունարանի դիսպեչերի օգնական, կնձ թվումա ինձ հասկացար, եթե չէ` վաղը եթեամբողջ համացանցում կտեղադրվեն քո բոլոր պատմությունները ու բոլորը կտեսնեն քո անգրագետության աստիճանը, որպես բժիշկ։ Հիմնադրամի ամբողջ սարքավորումնեչը, պարավաները հանեցիր վաճառքի. վիրասեղան, բուժպարագաներ... շարունակեմ թե բավական ա՞ Ամբողջ Լոռու մարզի բուժպարագաները և բժշկական համազգեստները վառելիքով փոխանականեցիր, շարունակեմ թե՞ բավականա։ Ճանապարհ փակող տղա ե՞ս։ Անգամ ձեր տան դուռը չես կարողացել փակ պահել, քեզնից ինչ ճանապարհ փակող։ Այսքանը քեզ բավական ա թե շարունակե՞մ։ Դե լսի քեզ ինչ եմ ասում. արագ մտի բունդ ու էլ դուրս չգաս թե չէ Բելգիայում բնակվելու հրավեր կստանաս։ Ինչ ասեմ, իրան հարգող տղամարդը էսքանից հետո իրան ինչ կաներ, դե դու արդեն գիտես...
Գոհար
Էդ որ ճանապարհ եք փակում , կամ հարգելի հոդվածագիր ինչի եք միակողմանի հքդված գրում, միթե Դուք չգիտեք այն ինտրիգներն քւ անհարիր պահվածքը որին տիրապետում է Ազարյան Գևորգը։ Տասնյակ աշխատողների հետ անհարիր պահվածք և այլն: Միգուցե լսեք նաև մոտ 230 բուժաշխատողի ձայն: Բա քւր է կառուցած ժողքվրդավար երկիրը? Հետքի հարգելի խմբագիր պարոն էդիկ ես չեմ ուզում հավատալ, որ հետքը ոչ անաչառ և միակողմանի հոդվածներ է գրում։ Միգուցե դա ձեռք է տալիս լրագրողին, պարոն Բաղդասարյան ես չեմ ուզում հավատալ, որ դա հետքի քաղաքականությունն է։
Գոհար
Զոռքվ է ։ Հետաքրքիր է ինչի եք Գյուլնազ տատի հեքիաթը պատնաւմ ,եթե ծրագիրը կարևքր չլինոր,տրամաբանական չի ,որ 3-րդ փուլ չէր լինի:
Մերի Սարգսյան
Կարդալով ձեր գրառումները՝մարդ զարմանք է ապրում։Դուք նշում եք,որ թեկնածուներից միայն մեկն է հասել մրցույթի վճռորոշ 3 փուլ,սակայն,ձեր իսկ խոսքերով,չունենալով ուժեղ ռազմավարական զարգացման ծրագիր և չտիրապետելով նույնիսկ իր ներկայացրած հեղհեղուկ ծրագրի ուղիներին,տապալել է մրցույթի վերջին փուլը՝հավաքելով 6 դեմ և 1 կողմ ձայներ։Ի՞նչ եք կարծում,որ դեպքում է մարդ ճանաչվում հաղթող։Այստեղ ճշմարտությունը մեկն է․հաղթող է ճանաչվում այն թեկնածուն,ով հաղթահարել է մրցույթի բոլոր փուլերը։Իսկ ըստ ձեզ՝ ե՞րբ է թեկնածուն համարվում պարտվող։Միթե կարևոր է մրցույթի որ փուլից է նա դուրս մնացել մրցուղուց։Փաստացի տնօրենի մրցույթում չկա հաղթող ոչ թե անարդարության հետևանքով,այլ հավակնորդների մրցութային կարգի բոլոր փուլերը չհաղթահարելու հետևանքով։Սպասենք նոր մրցույթի ընթացքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter