HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Բաղրամյանի ալյուր»-ում նորից միջատներ են հայտնաբերվել. գործարանի տնօրենը կարծում է՝ պահման պայմաններից է

Վերջերս «Անվտանգ սնունդ/ Հետք» խմբում սպառողները բողոքել էին «Բաղրամյանի ալյուրից», քանի որ միջատներ էին հայտնաբերել ալյուրի մեջ։

«Բաղրամյանի ալրաղաց» գործարանի տնօրեն Սայաթ Գասպարյանը մեզ հայտնեց, որ նման բան կարող է լինել պահման սխալ պայմանների պատճառով, ու թեև ամեն բան էլ հնարավոր է, սակայն վստահ է, որ իրենց գործարանում ամեն ինչ լավ է:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ «Բաղրամյան ալրաղաց» գործարանում  դիտարկում են արել, սակայն որևէ շեղում չեն հայտնաբերել։ 

 

Դեռևս մեկ տարի առաջ «Հետք»-ի ընթերցողները դիմել էին՝ դարձյալ բողոքելով «Բաղրամյանի ալյուր»-ում եղած «միջատներից», «ցեցերից» և «որդերից»:  Այդ ժամանակ ընթերցողների ահազանգերին ընթացք էր տվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ փորձաքննության ուղարկելով «Բաղրամյանի ալյուր»-ի մի քանի նմուշ: Սակայն որևէ խախտում չէր հայտնաբերվել:

Այս անգամ մենք չկարողացանք կապ հաստատել «Բաղրամյանի ալյուր»-ը փաթեթավորող «Ալեքս Հոլդինգ» ընկերության հետ, բայց նախորդ մեր զրույցի ժամանակ ընկերության այդ ժամանակվա տնօրեն Սամսոն Գասպարյանը մեզ հայտնել էր, որ «խոնավության փոփոխության կամ ջերմաստիճանի տատանման դեպքում ինքն իրենով հնարավոր է, որ դա առաջանա» կամ տանը, եթե սպառողները խախտել են պահպանման պայմանները:

«Եթե գործարանում էլ հայտնաբերում ենք ինչ-որ խնդիր, ապա այդ ալյուրն արդեն մատակարարման ենթակա չէ»,_պարզաբանել էր նա:

Մենք զրուցեցինք նաև «Բաղրամյանի ալրաղաց» գործարանի տնօրեն Սայաթ Գասպարյանի հետ: Վերջինս դարձյալ պնդեց, որ պահման պայմաններից է.

«Միջատները կարան մարդկանց խոհանոցի շկաֆում էլ հայտնվեն, որովհետև միջատներն առաջանում են ջերմային ոչ ճիշտ պայմաններում. խոնավությունից, մթնոլորտային ճնշումից», -ասաց Ս. Գասպարյանը: 

Ըստ նրա՝ ամեն ինչ պայմանավորված է հենց պահպանման սխալ պայմաններով: Այն հարցին՝ արդյոք կարող է իրենց մոտից լինել խնդիրը, Սայաթ Գասպարյանը պատասխանեց, որ «ամեն ինչ էլ հնարավոր է կյանքում», բայց իրենք ամեն 2 ժամը մեկ ստուգումներ են իրականացնում.

«Արտադրության պրոցես է, մենք չենք կարող չստուգել,- ասում է Ս․ Գասպարյանը։- Երկու ժամը մեկ մեր լաբորատորիան ստուգում է: Էդ էլ մեր աշխատանքն է, մեր բիզնեսը, ո՞նց թողանք ինչ-որ վատ բան»: 

Զրույցի ընթացքում նա մտաբերեց նմանատիպ բողոքներ, որոնք իրենք ստացել են մոտ երկու տարի առաջ։ Ս. Գասպարյանը նաև նշեց, որ միջատները կարող են հայտնվել հատկապես «միջսեզոնային ժամանակահատվածում»՝ երբ տաք ու սառը ջերմաստիճաններն իրար հաջորդում են։

«Մենք պահեստ չունենք: Մենք միանգամից տեսակավորում ենք ու ուղարկում ենք այնտեղ, որտեղ որ վաճառում են: Ուրիշ ալրաղացները մեշոկներով լցնում, իրենց մոտ շարում են, բայց մեզ մոտ ըտենց խնդիր չկա»,-նշեց Ս․ Գասպարյանը։

Իրենց գործարանում, ըստ տնօրենի, ալյուրը մեկ-երկու օրվանից ավելի չի մնում․ «Վստահ կարող եմ ասել, որ մեզ մոտ նմանատիպ խնդիր արդեն չկա»,-եզրափակեց նա։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ «Բաղրամյան ալրաղաց» գործարանում  դիտարկում է արվել, սակայն որևէ շեղում չի հայտնաբերվել:

Նախատեսվում է վերահսկողություն իրականացնել նաև փաթեթավորման վայրում և «Երևան Սիթի»-ի Կոմիտասի մասնաճյուղի պահեստում` ստուգելու պահման պայմանները: Այսօր ՍԱՏՄ-ից «Հետք»-ին հայտնեցին, որ տեսուչների ծանրաբեռնվածության պատճառով, վերահսկողական գործողությունները կիրականացվեն հաջորդ շաբաթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter