
Ճանապարհներին տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից. նոր նախագիծ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է ավտոմոբիլային ճանապարհների գովազդային վահանակների վրա փակցված սոցիալական գովազդն ազատել հարկերից, դրա վերահսկողության իրականացումը վերապահել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
Նման առաջարկություն է նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Բացի այդ, վերահսկողության նպատակով գովազդակիրը սոցիալական գովազդի տեղադրման ժամկետների վերաբերյալ պետք է տեղեկատվություն ներկայացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե:
Նախարարությունն առաջարկում է սահմանել նաև նորմ, որով Կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը: Նշել է, որ չկան ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման հետ կապված իրավակարգավորումները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ սոցիալական գովազդը (առևտրային բնույթ չկրող) մարդու իրավունքներին և պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, սոցիալական պաշտպանության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառների վերաբերյալ հասարակությանը իրազեկելու նպատակով տարածվող տեղեկատվություն է։ «Գովազդի մասին» օրենքով զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներում, տրանսպորտում գովազդ տարածող գովազդակիրը պարտավոր է սոցիալական գովազդներին առաջնահերթ կարգով տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:
Մեկնաբանել