HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյան․ «Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելը հանդիսանում է համայնքի արդյունավետության ցուցիչ»

Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետարանում այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և վարչական շրջանների պատասխանատուների մասնակցությամբ, քննարկել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող առաջնահերթ հարցեր։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը, Հակոբ Վարդանյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Խոսելով նախարարության կողմից մարզում իրականացվող էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված խոշորածավալ աշխատանքների մասին՝ նախարար Պապիկյանը հատուկ ընդգծել է, որ բազմաբնույթ և պետության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների հաղթահարումն ուղղակիորեն կախված է համապետական, մարզային և համայնքային իշխանության օղակների համակարգված համագործակցությունից։ Նախարարն անդրադարձել է համայնքների միավորման գործընթացի շարունակականության ապահովմանը և այս առնչությամբ նկատել, որ խոշորոցման արդյունքում Սյունիքի մարզի համայնքներում տարբեր ուղղություններով արձանագրված ցուցանիշային դրական միտումները վկայում է բարեփոխման արդյունավետության մասին և կարող են օրինակ հանդիսանալ դեռևս չմիավորված համայնքների համար։

«Սյունիքի մարզի փորձով մենք ականատես ենք լինում, թե ինչպես են տասնյակ տարիներով փոքր համայնքներում կուտակված խնդիրներն իրենց լուծումը ստանում խոշորացված համայնքների կազմում։ Այստեղ հատկանշական է համայնքապետերի կողմից դրսևորվող այն գիտակցումը, որ առաջին հերթին ֆինանսական ներդրումը պետք է կատարվի ոչ թե կենտրոնում, այլ փոքր բնակավայրերում՝ ապահովելով նրանց առաջանցիկ զարգացումը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Նախարարը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է նաև ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և կատարվող շինաշխատանքներում որակական ցուցանիշներին առնչվող հարցեր։ Նա ողջունել է Սյունիքի մարզի ցուցաբերած ակտիվությունը ներկայացված ծրագրային հայտերի քանակով, այդուհանդերձ մտահոգություն հայտնել, որ համայնքներում պասիվություն է նկատվում ծրագրային հայտերը սահմանված ժամկետներում ներկայացնելու առումով։

«Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելը հանդիսանում է համայնքի արդյունավետության ցուցիչ։ Այս տեսանկյունից համայքնապետերը պետք է լինեն առավել շահագրգիռ և դրսևորեն առավել բարձր նախաձեռնողականություն»,- հայտնել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը ներկաներին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Մեղրիում անցկացնել ամբողջական գազաֆիկացում: 2020 թ պլանավորվում է նաև վերանորոգել Տաթևից դեպի Կապան տանող 12,5 կմ ճանապարհահատվածը։
Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է ներկաների ոլորտային կարևորության մի շարք հարցերի:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի կյանքի կոչման հարցում միասնականության անհրաժեշտությունն ու փոխլրացնող գործընկերային միջավայրի ձևավորումը:

Նախարարն այցելել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ կառուցվող Կապանի օդանավակայան, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։