HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյանը խոսեց Արշակ Կարապետյանի հետ հանդիպումից հետո. «Բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման»

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր գլխավոր շտաբի հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, որն այժմ վարչապետի խորհրդականն է։

Մինչ դռնփակ հանդիպումը Կարապետյանը լրագրողների հարցերին ի պատասխան կոչ արեց հանդիպումից հետո հարցերը հղել հանձնաժողովին։ Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տարիներ շարունակ մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ հետախուզությունը զեկուցել է ղեկավարությանը սպասվող հնարավոր պատերազմական իրավիճակի մասին։

«Բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման»,- ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով, որ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն աշխատել են, այլ հարց է, թե որն ինչքան է թերացել։

Հարցին՝ հարձակումն անակնկալ չի՞ եղել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Այդ հարցի պատասխանն ամբողջությամբ չեմ կարող տալ, բայց այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ հարձակման հետ կապված որոշակի օղակներ կարող էին լինել ավելի պատրաստված»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի պաշտոնից ազատվելն արդյոք կապված է եղել պատերազմի հետ (պաշտոնից ազատվել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո), Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Մեր վերջին հարցերից մեկը դա է եղել, թե ինչու են իրեն ազատել և հետո նշանակել, որովհետև նույն մարդը, որն իրեն ազատել է, հետո նշանակել է։ Ինքը (նկատի ունի Արշակ Կարապետյանին- հեղ.) չգիտեր այդ պատասխանը, բայց հուշեց, ասաց երբ կգան այլ պաշտոնյաներ, խնդրում եմ այդ հարցն անպայման իրենց տվեք, որովհետև իր համար էլ պարզ չէր թե՛ ազատումը, թե՛ նշանակումը»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ դեռ հստակ չէ, թե հաջորդն ում են հրավիրելու հանձնաժողով, դեռ պետք է աշխատանքային քննարկում անեն։

Քոչարյանը նաև ասաց, որ մտադիր են հանձնաժողովի նիստերից մեկը հրավիրել այն տարածքում, որը կրում է ապրիլյան պատերազմում զոհված տղաներից մեկի անունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter