
ԱԱԾ-ն չմեկնաբանեց, թե ինչու են այնտեղ կանչվել Հրայր Թովմասյանի հարազատները. ՍԴ նախագահի վերաբերյալ այսօր տեղի ունեցած զարգացումները
ԱԱԾ-ն չի մեկնաբանում, թե ինչու են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի երկու դուստրերն ու հայրը՝ Վարդան Թովմասյանը, հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն: ԱԱԾ լրատվական ծառայությունից, թեև այսօր հայտնել էին, որ հաղորդագրություն կտարածեն՝ աշխատանքային օրվա ավարտին սպասված հաղորդագրությունը չի տարածվել:
Նշենք, որ Թովմասյանի դուստրերին և հորը ԱԱԾ կանչելու վերաբերյալ բարձրաձայնել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Վերջինս նշել էր, թե վերը նշված անձանց անհասկանալի պատճառով են հրավիրել:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Հրայր Թովմասյանի հոր տուն: Այն ժամանակ, երբ ԱԱԾ աշխատակիցները Թովմասյանի հոր տան մոտ էին՝ Արարատի մարզի Դարակերտ գյուղում, այնտեղ էին հավաքվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Վարդան Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱԱԾ-ականները հետաքրքրվել են, թե ե՞րբ է վերանորոգվել իրենց տան տանիքը, ի՞նչ գումարով:
Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները լրագրողների հարցին ի պատասխան հերքել են, թե տանիքից հարցեր են տվել:
Վարդան Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տան տանիքը նորոգել են 12-13 տարի առաջ:
«Բոլորդ էլ հասկանում եք՝ ինչն է պատճառը, ի՞նչ ասեմ։ Հարցաքննություն չի եղել, ասացին՝ կրիշը երբ եք կառուցել, ասացի՝ էս ժամանակ ենք կառուցել։ Ասացին, որ ուզում են ստուգեն, ասացի ստուգեք, բայց չեմ ստորագրի, որ թույլտվություն եմ տվել»,- ասել է Վարդան Թովմասյանը` նաև կարծիք հայտնելով, որ երևի այս ամենն առիթ էր, որ գնան ու իրենց «դղյակները տեսնեն»:
Նշենք, որ Թովմասյանի հոր տունը մեկհարկանի է: Ըստ Վարդան Թովմասյանի` այն ստացել է պետությունից` խորհրդային տարիներին: Վարդան Թովմասյանը նաև հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, վաղը` հոկտեմբերի 18-ին, կներկայանա ԱԱԾ:
Նշենք, որ օրվա ընթացքում Թովմասյանի անվան հետ կապված այլ իրավական զարգացումներ ևս եղել են:
Առավոտյան Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով: Հանցագործության մասին հաղորդումը, հիշեցնենք, ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Վերջինիս կարծիքով` Հրայր Թովմասյանը, յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:
Ըստ Բաբաջանյանի` Հրայր Թովմասյանը 2018-ին դիմում չի ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, բայց Ազգային ժողովի այդ ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը նրա պատգամավորական լիազորությունները համարել է դադարած, և Թովմասյանը դարձել է ՍԴ անդամ, ապա` նախագահ: Այսինքն` ըստ Արման Բաբաջանյանի` Հրայր Թովմասյանը շարունակել է լինել պատգամավոր և ՍԴ անդամ, ապա՝ նախագահ:
Բաբաջանյանը նաև նշել է, որ 2018-ին ՍԴ նախագահ եղած Գագիկ Հարությունյանն իր լիազորությունների ավարտից մեկ ամիս շուտ հեռացել է պաշտոնից, որպեսզի Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչև սահմանադրական փոփոխությունների` ամբողջությամբ ուժի մեջ մտնելը: Ըստ Բաբաջանյանի՝ սա արվել է այն նպատակով, որ Հրայր Թովմասյանի վրա տարածվի ոչ թե 2015 թվականին ընդունված Սահմանադրության դրույթը, համաձայն որի՝ նա 6 տարի ժամկետով կընտրվեր ՍԴ նախագահ, այլ 2005 թվականի դրույթը, համաձայն որի` ՍԴ նախագահը պաշտոնավարում է մինչև 65 տարեկան դառնալը:
Օրվա ընթացքում պարզ դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը գործողութուններ է իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ գրասենյակում:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ քննիչն այցելել է ՀՀԿ գրասենյակ` առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը:
Լուսանկարը՝ a1plus.am-ի
Մեկնաբանել