
Դատական նիստին, որին «Լիդիան Արմենիայի» հայցը բավարարվել է, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացուցիչ չի ունեցել
Վարչական դատարանը հօգուտ «Լիդիան Արմենիայի» որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:
ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն, ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ գործի քննությանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը չի մասնակցել: Դատական ակտում նշված է, որ «Լիդիան Արմենիայի» հարցադիմումն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» ստացվել է 2018 թվականի նոյեմբերի 23-ին: Նույն թվականի դեկտեմբերի 12-ին դատարանը որոշել է հայցի պատախան ներկայացնելու ժամկետը: Ինչպես ակտից պարզ է դառնում, պատասխանող կողմը, այսինքն` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, հայցի պատասխան չի ներկայացրել:
«18.03.2019թ.-ին կայացած նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչ Սայադ Բադալյանը, իսկ պատասխանող կողմը, պատշաճ ծանուցված լինելով, չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին: Դատարանի 18.03.2019թ.-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության: 24.06.2019թ.-ին կայացած դատաքննությանը ներկայացել է հայցվորի ներկայացուցիչ Սայադ Բադալյանը, իսկ պատասխանող կողմը, պատշաճ ծանուցված լինելով, չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին: 01.10.2019թ.-ին կայացած դատաքննությանը ներկայացել է հայցվորի ներկայացուցիչ Սայադ Բադալյանը, իսկ պատասխանող կողմը, պատշաճ ծանուցված լինելով, չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին: 01.10.2019թ.-ին գործի դատաքննությունն ավարտվել է և գործով կայացվելիք դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2019թ.-ի հոկտեմբերի 15-ը»,- ասված է դատական ակտում:
Մեկնաբանել