
Հրայր Թովմասյանի դուստրերից մեկն ԱԱԾ-ում է, հայրն արդեն բացատրություն է տվել
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերից մեկն այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում բացատրություն է տալիս, մյուս դուստրը դեռևս բացատրություն չի տվել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը: Վերջինս հայտնեց, որ Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանն, արդեն եղել է ԱԱԾ-ում, նրանից բացատրություն են վերցրել: Լրատվամիջոցներում լուր էր տարածվել, թե ԱԱԾ-ում Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է: Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վարդան Թովմասյանի ինքնազգացողության վատացումը որևէ կապ չունի բացատրություն տալու հետ, պարզապես նա վատառողջ է:
Պաշտպան Մակինյանն այս պահին այլ մանրամասներ չհայտնեց, թե ինչի վերաբերյալ են ԱԱԾ-ում նյութեր նախապատրաստվում:
Նշենք, որ ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա է, որը նախաձեռնել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Այստեղ են նախկին պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և այլք:
Մեկնաբանել