Հրայր Թովմասյանի դուստրերին հարցեր են տվել նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի ձեռքբերման մասին
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երկու դուստրերն արդեն բացատրություն են տվել Ազգային անվտանգության ծառայությունում: Նրանցից մեկի՝ Մերի Թովմասյանի հարցաքննությունը բավականին երկար տևեց: Մյուս դուստրը՝ Գոհար Թովմասյանը, ԱԱԾ-ի շենք մտնելուց 30 րոպե անց դուրս եկավ:
Թովմասյան քույրերի հետ բացատրություն տալիս ներկա են եղել փաստաբաններ Ամրամ Մակինյանն ու Հայկ Սարգսյանը: Վերջիններս ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեցին, որ քույրերին հարցեր են տվել նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի ձեռքբերման մասին։ Հայկ Սարգսյանի խոսքով՝ Թովմասյանի ավագ աղջկան հարցեր են ուղղել նրան սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի վերաբերյալ, որը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում: Ըստ Հայկ Սարգսյանի՝ Թովմասյանի ավագ դուստրը ավտոտնակը 2016–ին նվիրատվությամբ ստացել է իր մորաքրոջ աղջկանից։ Մերի Թովմասյանից հետաքրքրվել են նաև Nissan Patrol ավտոմեքենայի մասին, որը, փաստաբանի խոսքով, ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին նա նվիրաբերվել է Արցախի պաշտպանության բանակին։
ՍԴ նախագահի կրտսեր աղջկանից էլ հետաքրքրվել են նրա 2014 թվականի արտադրության Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայից: Ըստ Հայկ Սարգսյանի՝ այդ մեքենան նա 2016-ին նվեր է ստացել իր մորաքրոջ աղջկանից, որը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ, և այդ պատճառով որոշել է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը նվիրել քրոջը:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանին տրված հարցերին՝ փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ նրան հարցեր են տվել իրենց տան տանիքից, հետաքրքրվել, թե երբ և ինչ միջոցներով է վերանորոգվել: Թե ինչու են հետաքրքրվել Թովմասյանի հոր տան տանիքով, փաստաբաններին հայտնի չէ:
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ հայտնել էր նաև այն մասին, որ Թովմասյանի դուստրերին ԱԱԾ են կանչել մամուլի հրապարակումների հիման վրա նապապատրաստվող նյութերի շրջանակներում:
Լուսանկարում՝ Ամրամ Մակինյանը
Մեկնաբանել