HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Իրանի 8 քաղաքացիներ մեղադրվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու մեջ․ պատճառը պահման պայմաններն են

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր տեղին ունեցավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու մեջ մեղադրվող օրարերկրյա 8 քաղաքացիների գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում հրապարակվեցին մեղադրական եզրակացությունները, սակայն ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին, միայն նշեցին, որ իրենք չեն փորձել փախուստ կատարել, այլև կատարված գործողությունները եղել են ի բողոք քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների։

Գործով մեղադրանք է առաջադրվել Ալեքս Ավասաֆիին, Բեհզադ Եկթամանեին, Արաշ Նեմաթիինշիին, Հուման Հաջի Փուրիին, Մորտեզա  Հասանիին, Ալինաղի  Հասսանիին,  Հոսեյն Մոհամմադիզահրուդիին, Համիդ Սադեղփուրիին։

Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի փորձ կատարելու համար, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հրապարակված մեղադրանքի մեջ նշվեց, որ 2018թ․ -ի ապրիլի 25-ին ժամը 15-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի  008 խցից 11 կալանավորված անձինք և դատապարտյալներ  քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի Արտակ Եղիազարյանի կողմից ուղեկցվել են 6-րդ մասնաշենքի զբոսախուց:

Զբոսախուց տեղափոխելու ժամանակ  քաշել են ուղեկցողի վերնաշապիկից, սեղմել պատին, վերցրել խցերի բանալիները, ապա  զբոսախցից դուրս գալուց հետո բացել են 6-րդ մասնաշենքի 015, 0014, 0013, 0012, 0010, 009 խցերի դռները՝  իրենց հետ փախուստի դիմելու կոչով դիմել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին: Այնուհետև հասել են 1-ին մասնաշենքի դռան մոտ, հանդիպել ՔԿՀ աշխատակից Աշոտ Խալաթյանին, փորձել բացել մասնաշենքի դուռը, բայց հանցագործությունը ավարտին չի հասցվել․ կանխվել է ՔԿՀ-ի այլ աշխատողների կողմից։

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Բեհզադ Հուսեյնին նշեց, որ իրենց նպատակն է եղել բողոքի ակցիա իրականացնել։ «Նույնիսկ կենդանիներին այդպես չեն պահում», - հավելեց ամբաստանյալը՝ դժգոհելով ՔԿՀ-ի պահման պայմաններից, սակայն դատավորը ընդհատեց նրան՝ ասելով, որ այդ ամենը պետք է ներկայացվի հարցաքննության ընթացքում, իսկ դատաքննության տվյալ փուլում պետք է միայն նշել ՝ մեղավորությունն ընդունում է, թե ոչ։

Մյուս ամբաստանյալ Ալինաղի Թաղիի Հասսանինը ևս չընդունեց առաջադրված մեղադրանքը, նշեց, որ ինքը խցում է եղել, երբ դուռը բացվել է, միայն մի քանի հոգու հետ 3 աստիճան է իջել և նորից վերադարձել խուց։

Դատաքննության ընթացքում մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո սահմանվեց ապացույցների հետազոտման հաջորդականություն և հետազոտվեցին փաստական ապացույցները, հետազոտվեց դեպքի վայրի զննության վերաբերյալ ապացույցները, որտեղ քննիչը նկարագրել էր, թե ինչպես են ամբաստանյալները կտրել ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի հեռախոսի լարը, որը հրապարակելուց  հետո պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ քննիչները սուբեկտիվ են գտնվել՝ կատարվածը արդեն փախուստի փորձ նկարագրելով։

Այս գործով հաջորդ նիստին ևս կշարունակվի ապացույցների հետազոտումը։

Այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter