Գերմանակա՞ն է արդյոք Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը
Դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խումբն այնքան մանկամիտ, անխոհեմ փաստաթուղթ պատրաստեր, ինչպիսին «20-ամյա կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում. Կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նոր խթան» վերնագրով տեքստն է, որ ադրբեջանական News.az կայքին հղում անելով տեղադրել է հետևյալ կայքը: Տեքստի ռուսերեն տարբերակը տեղադրված է այս կայքում: Դժվար է պատկերացնել այդ կարգի փաստաթղթի գոյությունն ինքնին, որովհետև նույնքան դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները սադրում են հարավ-կովկասյան նոր ճգնաժամ: Ով-ով, բայց Գերմանիայի քաղաքական գործիչները հիանալի գիտեն կիսատ և միակողմանի տեղեկություն և այդ կարգի տեղեկության վրա խարսխված մեկնաբանություն պարունակող փաստաթղթերի սադրիչ ազդեցությունը, իսկ այդ փաստաթուղթը ոչ միայն կիսատ և միակողմանի է, այլև պարունակում է փաստերի ակնհայտ խեղաթյուրում և դրա հետևանքով` գնահատականների միտումնավորություն, այդ թվում
-Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին կոնֆլիկտի սկիզբը թվագրելով 1992-ը, ակնհայտորեն «մոռանալով» 1988թ. սումգայիթյան, այնուհետև երկու տարի շարունակվող, 1990թ. հունվարին իր պիկին հասած Բաքվի հակահայկական դաժանագույն ջարդերը, Ադրբեջանի ոստիկանության կողմից հովանավորվող հակահայկական բացահայտ ռասիստական ագրեսիան և Ադրբեջանի ողջ տարածքում հայերի ֆիզիկական գոյության անհնարինության պայմանները, որոնց թելադրանքով տեղի ունեցավ շուրջ կես միլիոն հայերի փախուստը և Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ անցումը ինքնապաշտպանության, Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը Ադրբեջանի իշխանություններին «ազատում է» Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված ռազմական գործողությունների պատասխանատվությունից,
-Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից օրինական ճանապարհով ինքնավարության հայտարարության և դրա իրացման քաղաքական քայլերի հետևանքով Ադրբեջանի իշխանությունների կողմից ռազմական գործողությունների թակարդում հայտնված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնապաշտպանությունը «Լեռնային Ղարաբաղի» «օկուպացիա» անվանելով` Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը պարունակում է միջազգային իրավունքի միակողմանի մեկնաբանության ռիսկ և միտումնավորություն,
-Շրջանցելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության, այսինքն` իր իսկ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառած ռազմական գործողությունների, այդ թվում` ռմբակոծությունների փաստը, որի հետևանքով մինչև այսօր Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածի և հարակից տարածքների հայ բնակչությունը կորցրել է հայրենիքը և մինչև այսօր թափառական է, և շեշտադրելով լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքի անվտանգության գոտին Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը «զրկում է» Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ինքնապաշտպանության սրբազան իրավունքից,
-Ռազմական գործողությունների դադարեցման օրվանից մինչև այսօր սահմանային գոտում տեղի ունեցող «դիպուկահարային պատերազմի» խիստ միակողմանի, հակահայկական բնութագիրը Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթղթում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հայկական ագրեսիայի զոհ ներկայացնեու խիստ աչառու փորձ է: Այդ կասկածելի փաստաթղթում սույն հատվածը ուղեկցվում է «Նմանօրինակ դեպքերը Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետ միասին միջազգային իրավունքի խախտումներ են» տարօրինակ գնահատականով: Բավական չէ, որ «փաստաթղթում» ոչ մի տեղ և որևէ ձևով չի երևում, թե ով և ինչպես է «օկուպացրել» Լեռնային Ղարաբաղը (դե հո չէին կարող գրել, որ «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, պաշտպանվելով Ադրբեջանի ռազմական գործողություններից, ինքն իրեն օկուպացրել է»), հիմա էլ այն որպես կատարված և ընդունված փաստ զուգահեռվում է «դիպուկահարային պատերազմի» «հայկականացմանը»` զորեղ տպավորություն ստեղծելով հայկական ագրեսիայի շուրջ,
- Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթղթում, բնականաբար, լիովին շրջանցված է հրադադարի օրվանից մինչև այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական և հայկական մշակույթը հիշեցնող պատմական հուշարձանների հետևողական ոչնչացումը, որով սույն փաստաթուղթը «արտոնում է» էթնիկական դիմագծով մշակութային արժեքների ոչնչացումը և խրախուսում ռասիստական ոտնձգությունները (հիշեցում. Նախիջևանի տարածքի Հին ջուղայի հայկական բացառիկ խաչքարերի բարբարոսական ոչնչացումը, Ադրբեջանի Կուտկաշենի (այսօր` Ղաբալայի) շրջանում գտնվող Նիժ գյուղի եկեղեցու հայատառ արձանագրությունների ոչնչացումը, Բաքվի հայկական գերեզմանոցի ոչնչացումը և այլն),
- ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մասնակցության փոխարեն ԵԽ հատուկ մասնակցություն ձև «թելադրող» Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը առանց հիմնավորումների կասկածի տակ է առնում Ֆրանսիայի անաչառությունը, և… դրա փոխարեն առաջարկում է
- Օժանդակել Թուրքիային տարածաշրջանում կոնֆլիկտի կարգավորման հարցում ավելի արդար ու կառուցողական դերակատարմանը:
Անհնար է, որ Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբի անդամները չիմանան հատկապես էթնիկական կոնֆլիկտները լուծելու Թուրքիայի բազմամյա հարուստ փորձը: Թե օսմանյան, թե քեմալական, թե նեոօսմանիզմի ձգտող Թուրքիայի ժամանակակից իշխանությունները էթնիկական կոնֆլիկտների լուծման միայն մեկ, բայց շատ հարուստ փորձ ունեն` կոնֆլիկտի ոչ թուրքական կողմի ֆիզիկական ոչնչացում, բնակչության տարհանում, հայրենազրկում (վկա` միայն քսաներորդ դարի ընթացքում հայերի, հույների, ասորիների, եզդիների հանդեպ կիրառված ցեղասպանությունները, Դերսիմի ալեվիների ոչնչացումը 1938թ., նրանց հանդեպ կիրառված բռնությունները և իրենց բնակավայրերից տարհանումը դեռ անցյալ չդարձած 1993-94թթ. և այլն):
Մի՞թե Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբի անդամներն իրենց հայրենիքում` Գերմանիայում չեն հանդիպել Թուրքայի Դերսիմի նահանգում 1993-94թթ. բռնությունների և տարհանման զոհ ալեվիներին: Մի±թե նրանք չեն լսել, որ Գերմանիայում ալեվիները հաստատվել են` որովհետև նրանք չեն կարող, իրավունք չունեն ապրելու իրենց հայրենիքում, իրենց նախնիների բնակավայրերում: Որովհետև այդ բնակավայրերն ամբողջովին, հիմնահատակ ավերվել են և մինչև այսօր գտնվում են զինվորականների վերահսկողության տակ, որպեսզի… ալեվիները հանկարծ չկարողանան վերադառնալ այնտեղ: Այս փորձի կիրառման համա±ր է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթղթում կոչ արվում ակտիվացնել Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին:
Անհնար է, որ Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթն իրական լինի: Ավելի հավանական է, որ այն հնարել են պատմության բոլորովին այլ փորձ կիրառող փորձագետները:
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել