HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիսավոր նիստ՝ նվիրված ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին

ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին: Այս մասին հաղորդում է պետհամալսարանի մամուլի ծառայությունը։

Հանդիսավոր նիստին մասնակցում էին ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանն ու Էլինա Ասրիյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, դեսպաններ,  ֆակուլտետի ուսանողներ ու շրջանավարտներ:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման  20-ամյակի կապակցությամբ ֆակուլտետը բոլոր շրջանավարտների անունով ցուցակ էր կազմել, որտեղ ամեն մեկը կարող էր ստորագրել իր անվան դիմաց:

Հանդիսավոր նիստի ժամանակ  բացման խոսքով հանդես եկավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2019 թվականը հիրավի առատ էր հոբելյաններով՝ ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակը, որը նշվեց մեծ շուքով, ինչպես նաև համալսարանի կրտսեր զավակի՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համար, որը բոլորում է իր հիմնադրման 20-ամյակը:

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ներկայացրեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման պատմությունը

Ֆակուլտետի դեկանը խոսեց նաև այն ակտիվ մասնակցության մասին, որ ֆակուլտետն ունեցել է տարբեր ժամանակներում երկրում ծավալվող իրադարձություններին. «Մեր ֆակուլտետի ուսանողներից ոմանք Հայաստանի երրորդ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների երևելի դեմքերից էին, շրջանավարտներից շատերը, այդ թվում նաև իմ ընկերը՝ Նորայր Մարուքյանը, Արցախյան ազատամարտի մասնակիցներ»:

Ամփոփելով խոսքը՝ դեկանը նշեց, որ 1986 թվականի վերաբացումից մինչ օրս ֆակուլտետը տվել է մոտ 2000 շրջանավարտ:

«Մեր ֆակուլտետի կարևոր առաջադրանքներից մեկն էլ մեր ուսանողներին գրել սովորեցնելուց առաջ մտածել սովորեցնելն է՝ ազատ մտածել», - կարևորեց Ն. Մարտիրոսյանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Լենա Նազարյանն իր ելույթում կարևորեց այն դերը, որը ֆակուլտետն ունեցել է Հայաստանում խոսքի ազատությունը նվաճելու և վերանվաճելու գործում:

«Այսօր նաև մեր խոստումի օրն է, որ մենք շարունակելու ենք ջանք գործադրել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի զարգացումն ու արդիականությունն ապահովելու ուղղությամբ, ձայն բարձրացնել ի պաշտպանություն խոսքի ազատության՝ առանց այն միամիտ ակնկալիքի, որ այս պայքարը կարող է մի օր վերջանալ»,- ասաց Լենա Նազարյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում խոսքի ազատությունն ապահովված է 100 տոկոսով՝ չնայած ապատեղեկատվությանը, կեղծ լուրերին և զրպարտումներին, որ մի քանի ժամով հայտնվում են մեր էկրաններին և մեզ տանում ծուռ հայելիների աշխարհով: 

Հանդիսավոր նիստի ժամանակ ընթերցվեց նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների էթիկայի կանոնագիրքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter