HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես կյանքս չեմ ավարտել բանտում, ես այնտեղ նորից եմ ծնվել

Շուշան Ստեփանյան

 « Անդրանիկ Ասրյանը 2014թ. դատապարտվել է Քր. օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարանային գողություն կատարելու համար։ Ասրյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց 3 տարի պատիժը կրելուց հետո վաղաժամկետ ազատվել է՝ որպես ուղղված դատապարտյալ։ Ազատվելուց մեկ ամիս անց աշխատանքի է անցել Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում՝ որպես տրոլեյբուսի վարորդ։

«Գուցե չհավատաք ինձ, բայց ես 14 տարեկանից աշխատել եմ ընտանիքիս կարիքները հոգալու համար։ Գիտե՞ք, բոլորի կյանքում էլ կարող են լինել պահեր, որ մարդը թերանա, չկարողանա կառավարել իրեն և հայտնվի նույն ճաղավանդակի հետևում։ Մեկ օրվա սխալիս համար երեք տարի պատասխան եմ տվել, բայց կյանքը տրված չէ մեկ օրվա համար, այլ՝ մինչև վերջին վայրկյանը ապրելու։ Չեմ թաքցնում, գողություն եմ արել՝ կարիքից դրդված։

Այդ մարդիկ տանը չէին, ինձ էլ գումար էր անհրաժեշտ՝ գողություն արեցի։ Այդ ժամանակ 25 տարեկան էի, դրանից հետո Հայաստանում չէի, հենց վերադարձա՝ միանգամից ոստիկանություն ներկայացա ու ինքնաբացատրագիր գրեցի, որի հիման վրա էլ դատապարտվեցի։ Ինձ դատապարտեցին 4 տարվա ազատազրկման, բայց երեք տարի հետո, որպես ուղղված դատապարտյալ՝ վաղաժամկետ ազատվեցի։ Ազատվելուց հետո՝ մեկ ամիս անց, աշխատանքի եմ անցել Երևանի «Էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես տրոլեյբուսի վարորդ։

2.png (588 KB)

Սկզբում պատիժս կրել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այդ ժամանակ դեռ նոր էր կառուցվում «Արմավիր» ՔԿՀ-ն, հետո մեզ տեղափոխեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դասընթացներ էին կազմակերպվում դատապարտյալների համար։ Սկզբում հաճախում էի ծրագրավորման դասերին, բայց խումբը դուրս չեկավ՝ դատապարտյալները տրամադրված չէին սովորելու, ուսուցիչներն էլ տրամադրված չէին սովորեցնելու, թողեցի, սկսեցի հաճախել կավագործության և կարուձևի դասընթացներին։

laws4.png (144 KB)

Ազատ ժամանակ բանաստեղծություններ եմ գրում։ 16 տարեկանից գրել եմ։ Դրանք հիմնականում 3-4 տողանոց բանաստեղծություններ են, ճապոնական հոգուների նման։ Անազատության մեջ էլ էի գրում, չնայած դժվար էր, որովհետև խցում մեկը հեռուստացույց էր նայում, մյուսը մի ուրիշ բան էր անում, չէիր կարող առանձնանալ կամ խնդրել, որ չխանգարեն քեզ։ Բանաստեղծություններիս մի մասը հրապարակվել են Գրողների միության «Ցոլքեր» գրական հանդեսում։ Հիմա, երբ ազատ ժամանակ եմ ունենում, մասնակցում եմ նաև միության կազմակերպած դասընթացներին։

Այնտեղ՝ քրեակատարողական հիմնարկում, դասերը մոտ երկու ժամ էին տևում։ Կային բոլոր անհրաժեշտ նյութերը, բայց այն սենյակը, որտեղ դասերն էին կազմակերպվում շատ փոքր էր՝ մոտ 15-16 քառակուսի մետր, համակարգչային դասերը կազմակերպվում էին մոտ 40 քառակուսի մետրանոց սենյակում, որտեղ տեղավորված էր նաև գրադարանը։ Թվարկածս բոլոր դասերին մոտ 40 դատապարտյալ էր մասնակցում։

photo collage.png (866 KB)

Եթե չլինի գողական (քրեական հեղինակություն) հասկացությունը՝ դատապարտյալների մոտիվացիան ավելի մեծ կլինի կրթական ծրագրերին մասնակցելու։ Օրինակ՝ այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ գողականը չի կառավարում, դատապարտյալներից շատերն էին դասընթացներին մասնակցում, բայց մյուս տեղերում շատ քչերն էին դասերին գալիս։

«Արմավիր» ՔԿ-ում, որտեղ որ կրել եմ պատիժս, խցային պայմաններ են, կան մասնաշենքեր, որտեղ գողականը չկա, Վարդաշենում դատապարտված են օրենքի մարդիկ, նախկին պաշտոնյաներ և շատ չնչին տոկոս են կազմում գողականները, Աբովյանում, գիտեք, կանայք ու անչափահասներն են, ու գողական հասկացությունն ընդհանրապես չկա, իսկ Արթիկում, Գորիսում, Կոշում և մյուս վայրերում մոտ 99 տոկոսին կառավարում են գողականները, իրենց ավելի շատ ազատություն է տրված, որովհետև դատապարտյալների թիվը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների թվից անհամեմատ շատ է։ Մեկ աշխատակիցը չի կարող հետևել 30-40 դատապարտյալի քայլերին։ Կային անգամ աշխատողներ, որ դողդղալով էին դուռը բացում-փակում։

education in prison1.png (754 KB)

Առհասարակ, անազատության մեջ սկսում ես ուրիշ տեսանկյունից նայել աշխարհին, առաջին հերթին հոգեկան աշխարհդ է քայքայվում, իսկ ուղղվելու հնարավորությունը 0․1 տոկոս է։ Լրիվ ուրիշ կողմ ես շարժվում։ Դատապարտյալների 90 տոկոսը մտածում է, որ դուրս գա ավելի կատարելագործված հանցագործություն է կատարելու, իսկ ՔԿՀ-ն ուղղվելու համար շատ քիչ բան է անում։ ՔԿՀ աշխատակիցների մեծ մասն ավելի ագրեսիվացնում է դատապարտյալներին։ Օրինակ՝ հեռախոսն արգելված իր է համարվում, կա տաքսոֆոն հասկացությունը, որից կարող ես օգտվել զբոսանքի ժամերին՝ 15 րոպեով, չնայած ավելի երկար էին թողնում։ Հարազատներից կարոտն առնելու համար դատապարտյալները փորձում էին կապի միջոց ձեռք բերել։ Հիմնականում աշխատակիցների միջոցով էին ձեռք բերում, բայց եթե դրսում օրինակ՝ հեռախոսն արժի 100 դրամ, այստեղ քեզնից նվազագույնը 15 000-20 000 դրամ են պահանջում, ընդ որում՝ կարող է 10 րոպե հետո գային, ձեռքիցդ վերցնեին։

photo collage1.png (835 KB)

Ես հիմա մենակ եմ ապրում։ Քրեակատարողական հիմնարկը հոգեբանորեն ազդել է վրաս, սկսել եմ մենակությունն ավելի շատ սիրել։ Փակ տարածությունում անգամ շարժումներդ են փոխվում, ավելի պաշտպանողական դիրքում ես գտնվում, կոմպլեքսավորված ես, հիմա փողոցում քայլող մարդկանց նայելիս էլ կարող եմ ասել, թե ով է նախկին դատապարտյալ եղել։

Գիտե՞ք՝ մեր հասարակությունը չի սիրում դատապարտյալին, բայց հասարակության 30-35 տոկոսն ունի գոնե մեկ բարեկամ, որը դատապարտյալ է եղել։

Ուրեմն ի՞նչ, եթե դատապարտվել ես, վե՞րջ, էդ մարդու կյանքն ավարտվե՞ց։ Աշխարհը չի վերջանում դրանով։ Ես կյանքս չեմ ավարտել այնտեղ, ես այնտեղ նորից եմ ծնվել ու այսօրվա դրությամբ ծնողիս համար ավելի սիրելի եմ, ավելի լավն եմ, քան մինչև դատապարտվելն էի։

Քրեակատարողականի դասընթացներն էլ ուղղակի միջոց են ինչ-որ բանով զբաղվելու, որ չզգաս, թե ինչպես է ժամանակն անցնում։ Դրանք առանձնապես մեծ օգուտ չեն տալիս, բայց կարևոր են։ Օգուտն այն էր, որ կոճակ կարել սովորեցի, որ հագուստս պատռվի, կարող եմ ինքս վերանորոգել, դա կյանքի համար է պետք գալիս, բայց վստահ չեմ, որ այնտեղից դուրս գալուց հետո ինչ-որ մեկը շարունակելու է այդ արհեստով զբաղվել»։

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ից, համաձայն Արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի, իրականացնում է դասընթացներ «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում։

Նշենք, որ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են կին և անչափահաս դատապարտյալներն ու կալանավորները։

Պայմանագրի համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ՊՈԱԿ-ն անցկացնում է հայերենի, ռուսերենի, անգլերենի, կավագործության, խեցեգործության և նկարչության, համակարգչային և բիզնես հմտությունների դասընթացներ: Իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացվում են խեցեգործության, փայտի փորագրության, վիտրաժի, նկարչության, ծնողավարման, առողջ ապրելակերպի, կյանքի հմտությունների, դեկորատիվ-կիրառական արվեստի և հիմնարար գրագիտության դասընթացներ։

Այս դասընթացներն իրականացնելու համար վերջին երկու տարիներին տարեկան կտրվածքով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է 36 մլն 927 հազար 400 դրամ։

Վիճակագրական տվյալները փաստում են՝ կրթական ծրագրերի սակավությունից բացի, դրանց հասանելիության և մրցունակության հետ կապված խնդիրներ կան։ Գործող 12 քրեակատարողական հիմնարկներից միայն մի քանիսում են կրթական ծրագրեր իրականացվում, իսկ դասընթացների գերակշիռ մասը կենտրոնացված է «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում կրթական միջոցառումներ կազմակերպելու առումով բազմաթիվ թերություններ կան։

nare hovhannisyan.jpg (205 KB)
Նարե Հովհաննիսյանը            
«Մենք խոսում ենք կրթությունը կազմակերպելու մասին, բայց հարցն այն է, թե քանի հոգու համար է այդ կրթությունը հասանելի։ Մասնագիտական կրթության հետ կապված խնդիրն այն է, թե ինչքանո՞վ է այդ մասնագիտությունը, որ ուսուցանվում է ՔԿՀ-ում, մրցունակ, ինչքանո՞վ է անձը դասընթացից հետո դառնալու վերազինված, մրցունակ` պատիժը կրելուց հետո աշխատաշուկա մտնելու, այդ աշխատաշուկայի մրցակցությանը դիմանալու։ Այսինքն՝ ընդհանուր ինչ-որ դասընթացներ են կազմակերպում, որոնք որ մասնագիտական կարիքներին չեն արձագանքում։ Շատ դեպքերում ասում են, որ ազատազրկվածները մոտիվացված չեն նման ծրագրերին մասնակցելու, բայց միգուցե անհրաժեշտ է, որ նախարարությունը կարիքների գնահատում անի, հասկանա ազատազրկված անձանց կարիքները»։

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը հավաստիացնում է, որ իրենք յուրաքանչյուր տարի կարիքների գնահատում են կատարում, բացի այդ՝ հաշվի են առնում նաև միջազգային փորձը։

gayane hovakimyan.jpg (201 KB)
Գայանե Հովակիմյանը
«Հաշվի ենք առնում շուկայի առաջարկը, ինչպես նաև տվյալ կրթության կազմակերպման հնարավորությունները քրեակատարողական հիմնարկում։ Իհարկե, նաև միջազգային պրակտիկա կա։ Մենք ուսումնասիրություններ ենք արել, վերլուծել ենք միջազգային և հետխորհրդային երկրների ոչ ֆորմալ կրթական ծրագրերը։ Այդ ամենը համադրելով՝ ընտրել ենք այն առարկաները, որոնք ավելի իրատեսական են և արդյունավետ։ Տարվա վերջում մենք զրույցներ ենք ունենում ազատազրկվածների հետ, բայց խնդիրն այն է, որ մեր ծածկույթը մեծ չէ։
Ունեցել ենք նաև դեպքեր, երբ պատիժը կրելուց հետո մեր շահառուները կապ են պահել մեզ հետ։ Ամենատարբեր հարցերով մենք աջակցել ենք իրենց։ Բայց մենք պատիժն իրականացնող մարմին չենք և օրենսդրությամբ՝ պատիժը կրելուց հետո կապ չենք պահում շահառուների հետ, հետագայում պատիժը կրելուց հետո մեզ հետ կապը պահելը հիմնված է բացառապես դատապարտյալների ցանկության վրա»:

Քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրեր են իրականացնում նաև մի շարք հասարակական կազմակերպություններ։ Հասարակական կազմակերպությունները, սակայն, ծրագրերի շարունակականությունը չեն կարողանում ապահովել։

«Ազատազրկված անձանց կրթության իրավունքի ապահովումը պետության իրավասությունն է»,- պնդում է ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Վահե Հարությունյանը։

vahe harutyunyan.jpg (282 KB) «Կրթական ծրագրերի շարունակականությունն ու պարբերականությունն ապահովելու համար, պետությունը պետք է իր վրա վերցնի դրա ֆինանսավորումն ու իրականացումը։ Այդ ծրագրերը չպետք է կենտրոնացվեն միայն մի քանի ՔԿՀ-ների վրա, այլ պետք է տարածվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում։ Շատ անգամ կրթություն ստանալու ցանկություն ունեցող դատապարտյալները չեն մասնակցում կրթական ծրագրերին, քանի որ դրանք որևէ արդյունավետություն չեն ապահովում նրանց համար»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ «Աբովյան» ՔԿ հիմնարկում կազմակերպվել են վարսահարդարման դասընթացներ։ ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակներում հիմնարկում անցկացվել են լեզուների, համակարգչային հմտությունների, ֆիթնեսի, յոգայի, խոհարարության և վարսահարդարման դասընթացներ։ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում բացվել է ձեռքի աշխատանքի ակումբ, որի անդամների համար կազմակերպվում են կարողությունների և հմտությունների զարգացման դասընթացներ։

NGO1.png (221 KB)

«Ցանկացած դատապարտյալ ունակ է ինքն իր կյանքը փոխելու, ցանկացած մարդ ունակ է ինքն իր սխալն ուղղելու, որքան էլ ծանր եղած լինի սխալը, ու չի կարելի մարդուն դատել իր դատվածության սահմանաչափով ու տեսակով՝ դատապարտյալ-չդատապարտյալ նույն անձն է, ուղղակի դատապարտյալը, ով եղել է քրեակատարողական հիմնարկում հասարակ քաղաքացուց ավելի շատ ունի աջակցության կարիք, դա է խնդիրը, որ մեր հասարակությունը չի գիտակցում։ Ես մեկ գիշեր չքնեցի և փոխեցի իմ կյանքը։ Հայրս եկել էր ինձ այցելության, այդ վեց ամիսների ընթացքում, ինչ ես դատապարտվել էի, հորս մազերը սպիտակել էին։ Ես կարող էի տեսակցել հորս երեք ժամ, բայց մի քանի րոպե խոսեցինք, հետո ասացի՝ գնա ու էլ հետ չգաս, այստեղ քո տեղը չի, ոչնչի կարիք չունեմ ու խոստանում եմ, որ չեմ ունենա։ Այդ օրն ամբողջ գիշեր ապրումներից չքնեցի, առավոտյան դիմում գրեցի, որ ուզում եմ տեղավորվել աշխատանքի։

Ի սկզբանե մեզ կանչեցին կամավորական աշխատանքների, մի մասս գնաց, մի մասը՝ ոչ, հետագայում չվարձատրվող աշխատանքներ կատարած դատապարտյալներն էլ հիմնական կորիզը դարձան վարձատրվող աշխատողների։ Մենք հիմնականում վերանորոգման աշխատանքներ էինք կատարում։

ՔԿՀ-ում այսպես է՝ աշխատանքի վերցնելուց հաշվի են առնում դատապարտյալի հակումները՝ ռիսկայինությունը, փախչելու հավանականությունը և այլն, ու քանի որ աշխատատեղերը քիչ են, ստացվում է այնպես, որ  հիմնականում վերցնում են թեթև հանցագործություններ կատարած դատապարտյալներին։ Այնինչ ծանր հանցագործություն կատարած դատապարտյալներից շատերն էին ցանկանում աշխատել։ Նրանց մեծամասնությունն աղքատ էին ու ցանկանում էին գումար վաստակել, որ ընտանիքից չպահանջեն, ընտանիքից գումար պահանջելուց էլ ուրիշ խնդիրներ էին առաջանում։ Այդ մարդկանց աշխատանքի չէին վերցնում, նրանց համար զբաղմունք չկար, անգամ նույն դասընթացներին հաճախելիս նրանց ավելի մեծ ուշադրություն էին դարձնում, որ հանկարծ մի ավելորդ շարժում չանեին։ Ընդ որում՝ նման տեսակի հանցագործություններ կատարած դատապարտյալների միայն 5 % են վաղաժամկետ ազատվում, մնացած 95 %-ն իր պատիժը կրում է մինչև վերջին օրը։ Ցմահ դատապարտյալների մոտ էլ նույն զբաղվածության խնդիրը կա։ Ցմահ դատապարտյալները 6-7 ամիսը մեկ իրենց խցակցին փոխում են, որովհետև չեն կարողանում անընդհատ նույն մարդուն տեսնել։ Խնդիրը զբաղվածության պակասն է, եթե իրենք ամեն օր իրար հետ աշխատեն, հետո երեկոյան իրար հետ հաց ուտեն՝ ընտանիքի պես կապրեն, բայց երբ 24 ժամ նստած իրար երեսի են նայում, հոգնում են իրարից»։

photo collage2.png (888 KB)

Կառավարության որոշմամբ՝ 2002 թվականից իր գործուննեությունն է ծավալում նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը։ Հիմնադրամի առաջնային նպատակներից է դատապարտյալներին աշխատանքով ապահովելը, ինչպես նաև նրանց կրթական մակարդակի բարձրացումը։ Ցանկացած ոլորտում, որով զբաղվում է հիմնադրամը, ներգրավված են դատապարտյալներ։

Ըստ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի՝ իրենց կազմակերպած տարբեր աշխատանքներում 2016 թվականին ներգրավված է եղել 30 դատապարտյալ, 2017 թվականին՝ 35, 2018 թվականի աշխատանքներում ներգրավված դատապարտյալների թիվը կազմել է 48։

ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Վահե Հարությունյանը նշում է, որ պետք է լինեն դատապարտյալների անհատական ռիսկայնության գնահատման մեխանիզմներ։ Այն պետք չէ կապել դատապարտյալի կատարած հանցագործության ծանրության հետ։

«Խնդրահարույց է այն, որ վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներին մասնակցում են թեթև հանցագործություն կատարածները։ Այստեղ գալիս ենք այնպիսի հարցի, որը կապված է ազատազրկված անձանց անհատական ռիսկայնության գնահատման հետ։ Բնականաբար, կարող են լինել այնպիսի աշխատանքներ, որոնց դեպքում նպատակահարմար չլինի ներգրավել բարձր ռիսկայնությամբ ազատազրկվածներին, սակայն այսպիսի եզրակացության գալու համար պետք է լինի գնահատման հստակ մեխանիզմ, որը թույլ կտա գնահատել ազատությունից զրկված անձանց անհատական ռիսկայնության մակարդակը և ռիսկայնությունը չկապել նրանց նշանակված պատժի հետ։ Օրինակ՝ ցմահ դատապարտված անձինք կարող են դրսևորել դրական վարքագիծ, և նրանց ռիսկայնության մակարդակը լինի բավական ցածր»,- ասաց Վահե Հարությունյանը:

«Ազատության մեջ հայտնվելուց հետո աշխատանքի տեղավորման խնդիրներ են առաջանում, քանի որ գործատուների մեծամասնությունը չի վստահում նախկին դատապարտյալներին։ Իսկ դատապարտյալների մի մասը ազատության մեջ հայտնվելուց հետո զրկված է լինում ընտանիքի աջակցությունից։ Օրինակ, որ ես տուն գնացի՝ ինձ շատ լավ դիմավորեցին, սեղան գցեցին, բայց երկրորդ-երրորդ օրը ես զգում էի, որ չէ, ինձ աշխատանք է հարկավոր։ Եթե ընտանիքիս անդամների աջակցությունը չլիներ, ես էլ նույն խնդրի առաջ կկանգնեի, նույն Երևանի «Էլեկտրատրանսպորտում» գուցեև չկարողանայի աշխատանքի տեղավորվել, կասեին՝ նախկինում դատապարտված ես եղել, վստահելի չես։ Շատերը վախենում են աշխատանքի վերցնել նախկին դատապարտյալի, չեն հարցնում՝ ինչի՞ համար է դատապարտվել, գուցե մի չնչին բան է եղել, գուցե անմեղ է եղել»:

Քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է՝ ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ընտրած բնակության վայրի՝ տեղական ինքնակառավարման և զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացնում է դատապարտյալի՝ պատժից առաջիկա ազատման, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտական, ինչպես նաև բնակարանի առկայության մասին։

people1.png (2.69 MB)

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ պատժի կրումից հետո պետությունը կորցնում է նախկին դատապարտյալների հետագիծը։

«Արդարադատության նախարարության հիմնավորումն այն է, որ իրենք գործ ունեն անձի հետ, երբ նա ՔԿ հիմնարկում է, բայց չկան մեխանիզմներ, գերատեսչությունների միջև համագործակցություն, որ ՔԿ հիմնարկից դուրս գալուց հետո այդ անձին ուղղորդեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Կամ, որ անձը ՔԿՀ-ում մասնագիտական դասընթացների է մասնակցել, ինչ-որ հմտություններ ձեռք բերել՝ ինչ է եղել այդ անձի հետ ազատության մեջ հայտնվելուց հետո»,- ասաց Նարե Հովհաննիսյանը։

Նարե Հովհաննիսյանը նշում է, որ ՔԿ հիմնարկն ուղարկում է այն անձանց տվյալները, որոնց պատժի կրմանը մնացել է վեց ամիս, բայց նրանց համար որևէ վերապատրաստում չի իրականացվում։

«Վերապատրաստում չի իրականացվում, որովհետև նշված թեմաներով վերապատրաստումներն իրականացնելու համար որևէ կազմակերպություն չի դիմում։ Այս դեպքում իրենք հիմնավորում են, որ իրենց լիազորություններից դուրս է, բայց ինչ-որ առումով նաև անպատասխանատվության կամ անհետևողականության դրսևորման հարց է։ Եթե անգամ կա լիազորված մարմին՝ ի դեմս Զբաղվածության պետական գործակալության, այդ խնդիրը չի վերհանվում, չի քննարկվում, թե ինչու վերապատրաստումն իրականացնելու համար որևէ կազմակերպություն չի դիմում։ Այսինքն, եթե որևէ հասարակական կազմակերպություն հարցում անի, ուղարկի, խնդիրը կբացահայտվի, կբարձրաձայնվի, բայց պետությունն ինքն իրենով՝ որպես պատասխանատու մարմին, այդ խնդիրը քննարկման առարկա չի դարձնում»։

Լուսանկարները՝ Եսայի Դուրմուզյանի
Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Ինֆոգրաֆիկան՝ Անի Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter