HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՔԿՀ-ի մեկ հոգեբանին միջինը «բաժին» է հասնում 135 դատապարտյալ և կալանավորված անձ

Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում աշխատում է ընդամենը 17 հոգեբան, այն դեպքում, երբ սեպտեմբերի 1-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվում է 2303 մարդ: Օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ունի ընդամենը 3 հոգեբան և յուրաքանչյուր հոգեբանին «բաժին» է ընկնում 232 դատապարտյալ և կալանավոր:

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի միակ հոգեբան Վերգինե Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային պրակտիկայում կա ստանդարտ՝ մեկ հոգեբանը կարող է առավելագույնն աշխատել 50 դատապարտյալի հետ: 

«Բայց քանի որ մենք ունենք այն ինչ ունենք, փորձում ենք հարմարեցնել մեր հնարավորություններն ունեցածի հետ»,-ասում է Վերգինե Գրիգորյանը: 

Made with Visme Infographic Maker

Նշենք, որ արդարադատության նախարարի թիվ 279-Ն հրամանի համաձայն «Կալանավորված անձանց և դատապարտյալների ընդգրկումը սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աշխատանքներին իրականացվում է կամավոր հիմունքներով, բացառությամբ անչափահասների, որոնց ընդգրկումը սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներին պարտադիր է»: 

Քրեակատարողական հիմնարկներում աշխատող հոգեբան մասնագետները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ ընդունելություններն իրականացնում են հիմնականում վերջիններիս կողմից նման ցանկություն հայտնելու դեպքում: Սակայն, որոշ դեպքերում, մասնավորապես՝ կարանտինային բաժանմունք տեղափոխվելու, պատժախցում գտնվելու ընթացքում, ուղղման գործընթացով, բացասական հաշվառմամբ պայմանավորված աշխատանքներ իրականացնելիս, ինքնավնասումների, սննդից հրաժարվելու և այլ դեպքերում ընդունելությունները կազմակերպվում են նաև մասնագետի նախաձեռնությամբ:

Վերգինե Գրիգորյանն ասում է, որ դատապարտյալներն ինքնակամ հաճախ չեն դիմում հոգեբանին, սակայն, երբ զգում են, որ իրենց հարցերը լուծում են ստանում, սկսում են դիմել:

«Դատապարտյալն այսպիսի հոգեբանություն ունի՝ մոտենալ նրան, ով կարողանում է խնդիրը լուծել: Եթե մեկ անգամ ինչ-որ խնդրով մոտեցել է, ասենք՝ ընտանիքի հետ կապի հետ կապված, և դրական լուծում է ստացել, ուրեմն կարելի է նաև այլ հարցերով էլ դիմել»,-նշում է հոգեբանը:

Նշենք, որ մեկից ավել հոգեբաններ ունեն միայն «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատորղական հիմնարկները՝ 3-ական հոգեբան, իսկ Աբովյան ՔԿՀ-ն ունի 2 հոգեբան: «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔՀԿ-ներում պահվում են ամենաշատ դատապարտյալներն ու կալանավորները, համապատասխանաբար՝ 393 և 695 մարդ: Բացի այդ, հիմնականում այս քրեակատարողական հիմնարկներում են պահվում ցմահ դատապարտյալները:

Made with Visme Infographic Maker

Քրեակատարողական հիմնարկներ կատարած մեր այցելությունների ժամանակ դատապարտյալները նշում էին, որ իրենց հետ պատշաճ հոգեբանական աշխատանքներ չի տարվում, հետևաբար այդ պայմաններում չեն կարող ասել, որ իրենք չեն ուղղվել:

«7 տարի նստած եմ, 7 րոպե հոգեբանին չեմ տեսել: Բայց պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ գրում են, թե ես չեմ ուղղվել, իմ հետ վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Ի՞նչ աշխատանք է տարվում, ով է այդ աշխատանքը տանում: Չկա նման բան, թուղթ են սևացնում»,-ասում էր «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, ում անունը չենք նշում հենց նրա ցանկությամբ:

Քրեակատարողական ծառայությունը բավարար է համարում հոգեբանների թվաքանակը

Քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր մասնագետի՝ հոգեբանի պաշտոն զբաղեցնող, 5-10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների հաշվարկային աշխատավարձը կազմում է 240,750 դրամից մինչև 256,623 դրամ:

Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Մարինե Գասպարյանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց միջին ցուցակային թիվը, հոգեբան մասնագետների հաստիքների թվաքանակը ներկայումս բավարար է աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպման համար:

ՔԿԾ-ից փոխանցում են, որ օրենքով հոգեբան-դատապարտյալ հարաբերակցության թվաքանակ նախատեսված չէ: Ստացվում է, որ կառավարության համար խնդրահարույց չէ այն հանգամանքը, որ մեկ հոգեբանը միջինում կարող է աշխատել  135 դատապարտյալի և կալանավորված անձի հետ:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը հոդված էր պատրաստել այն մասին, որ տարեկան միջինում 4 անձ մահանում է Հայաստանի բանտերում, որը որակվում է որպես ինքնասպանություն։ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ՔԿՀ-ներում ինքնասպանությունների պատճառները տարբեր են: Սակայն, առանձնացրել էր սոցիալ-հոգեբանական որակյալ աջակցության բացակայությունը՝ որպես հիմնական պատճառներից մեկը:

«Անձը մտնում է փակ հաստատություն, լրիվ նոր աշխարհ, նոր միջավայր ու բարքեր, տանելով իր հետ իր անձնական խնդիրներն ու հանցանքից հետո ձևավորված հոգեբանական վիճակը: Սրան գումարվում է նաև ՔԿՀ-ի ներքին հարաբերություններից ու միջավայրից բխող խնդիրները, որոնք անձին դնում են ծանր վիճակում, ու քանի որ հենց առաջին օրվանից հոգեբանական աշխատանք չի տարվում, վեր չեն հանվում այն խնդիրները, ռիսկերն ու կարիքները, որոնցով անձը մտել է ՔԿՀ, ունենում ենք ինքնավնասումների ու ինքնասպանությունների դեպքեր»,- կարծում է Հասմիկ Հարությունյանը:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter