HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեթըլ Փրինս» ընկերության բանվորները սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել

Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող լեռնահարստացման կոմբինատում և հանքերում դժգոհություններ են հասունանում ընկերության գլխավոր տնօրեն և բաժնետեր Մադլեն Թաշճյանի դեմ:

Բանվորները բողոքում են իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման, աշխատավարձերի ոչ ճիշտ հաշվարկման, արտադրական վտանգավոր միջավայրում աշխատողների համար աշխատանքային տարրական պայմանների բացակայության, ինչպես նաև ընկերության ղեկավարների՝ 140 հազար դրամ աշխատավարձ վճարելու մասին հայտարարության համար:

Փետրվարի 18-ին լեռնահարստացման կոմբինատի մեկ տասնյակից ավելի բանվորներ «Հետքին» հայտնեցին, որ «Մեթըլ Փրինսի» գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանը, ով ընկերությունը հեռախոսով է ղեկավարում Երևանից, աշխատողներին զրկել է ազատ խոսքի իրավունքից: Ցանկացած դժգոհության դեպքում նա բանվորներին հեռացնում է աշխատանքից: Կոմբինատի աշխատակիցներն ասացին, որ Մադլեն Թաշճյանի համար գործում է «Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկան առանց ախթալացիների» սկզբունքը: Ուստիեւ «Հետքի» զրուցակիցները աշխատանքից չզրկվելու մտահոգությամբ խնդրեցին առայժմ չհրապարակել իրենց անունները:

«Առաջինը պատահել է այն, որ ընկերության բոլոր աշխատողների հունվարի 1-7-ը և հունվարի 28-ի տոնական օրերի աշխատավարձը ճիշտ չի հաշվարկվել: Մեզ տոնական օրերի 36 աշխատանքային ժամերի փոխարեն վճարել են 18 ժամվա աշխատավարձ: Ընկերության հաշվապահությունը 3 տոնական օրերի մեր կրկնակի աշխատավարձը չի վճարել: Չեն վճարել նաև գիշերային հերթափոխի մեր լրացուցիչ աշխատավարձը»,- պատմում են բանվորները: Բանվորներից մեկն ասաց, որ խնդիրը պարզելու համար անձամբ գնացել է հաշվապահություն. «Ինձ ասացին, որ նոր օրենք է դուրս եկել, աշխատանքային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ: Ես այս տարվա հունվարին ստացել եմ 108 հազար դրամ,  այն դեպքում, երբ 2011 թ. հունվարի նույն ժամանակահատվածում, տոնական օրերի կրկնակի վարձատրությամբ ստացել եմ 158 հազար դրամ աշխատավարձ: Էն ժամանակ հանձնաժողով էր լեռնահարստացման ֆաբրիկայում Սերոբի գործերով նստած, չէին կարող մեր աշխատավարձը չտալ»,- ասում է  բանվորը:

«Մեթըլ Փրինսի» բանվորներն առ այսօր բանվորական արտահագուստ չեն ստացել. «Արտահագուստի համար երկու անգամ ստորագրել ենք: Ասել են` ստորագրեք , պետք է բերենք, բայց չենք ստացել: Երկրորդ անգամ, որ ստորագրում էինք, ասացինք` բա էն նախորդ ստորագրածը ի՞նչ եղավ, ասին` էն հեչ, էս ստորագրեք, որ բանվորական արտահագուստը բերենք: Էդ էլ ստորագրեցինք, էլի չեն բերել»:

Զրույցից պարզվեց, որ աշխատանքային 7,5 ժամվա կեսժամյա ընդմիջումը բանվորները  ստիպված անց են կացնում կքանստած վիճակում: «Մենք հաց ենք ուտում ցեխոտ նստարանի վրա: Մեր արտադրամասում հաց ուտելու սեղան և աթոռ չկա: Ու այդքանից հետո էլ գալիս են ինչքան աթոռ կա, հանում են տանում, որ հանկարծ ոչ մի նստելու տեղ չլինի: Մենք գետնին պպզած ենք հաց ուտում»,- ասում են աշխատողները:  

Առողջության համար վտանգավոր արտադրական միջավայրում աշխատողներին «Մեթըլ Փրինս»-ում տարիներ շարունակ կաթ և այլ սնունդ չեն տալիս: Բանվորները ընկերության ղեկավարության կողմից իրենց իրավունքների ոտնահարման այլ փաստեր էլ ներկայացրին. «Ներկա դրությամբ մենք հերթափոխով աշխատողներ ենք: Գիշերը ժամը 11-ին գնում ենք աշխատանքի, կամ գիշերը ժամը 1-ին աշխատանքից գալիս ենք տուն: Էս եղանակին ոտքով մի քանի կմ ճանապարհ ենք անցնում մինչև ֆաբրիկա: Ավտոբուս չեն տրամադրում այն դեպքում, որ անցյալ տարի ֆաբրիկա գնացող ճանապարհին հարող տներից մեկում գայլ են բռնել: Մեզ հետ հերթափոխով աշխատող կանայք էլ կան: Այն արտադրամասում, որտեղ մենք ենք աշխատում, անգամ դիտավորյալ ջեռուցումն են անջատում, արտադրամասում ջուրը սառչում է: Մենք սառնարանային պայմաններում ենք աշխատում, որովհետև դոկտոր Մադլենը գազի խնայողություն է անում»:

Ընկերությունը 2009 թ. տնտեսական ճգնաժամի շրջանում միջազգային շուկայում պղնձի գների անկման պատճառաբանությամբ աշխատողների աշխատավարձը կրճատել է 20 տոկոսով: Այս պահին, երբ միջազգային շուկայում պղնձի գինը բարձրացել է, իսկ դրամն էլ 30 տոկոսով արժևորվել է, բանվորներն շարունակում են կրճատված աշխատավարձով աշխատել:

Հավաքված բանվորներն անթույլատրելի էին համարում այն փաստը, որ Մադլեն Թաշճյանը Ախթալայում 35 հազար դրամ աշխատավարձով հանքում բանվորներ է աշխատեցնում, իսկ  ֆաբրիկայում աշխատողներին վճարում է իրականում  ոչ թե 70, 80 կամ 100 հազար դրամ աշխատավարձ, ինչպես հայտարարում են, այլ 44 հազար դրամ, գումարած կյանքի համար վտանգավոր արտադրական միջավայրում աշխատելու համար սահմանված 50 տոկոս` 22 հազար դրամ հավելավճարը: Հանքում աշխատողների համար գործում է աշխատավարձի վճարման նույն սկզբունքը, այն տարբերությամբ, որ կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատողներին այստեղ տրվում է 100 տոկոս հավելավճար:

Բանվորները գտնում են, որ իրենց աշխատավարձը իրականում 44 հազար դրամ է, իսկ 44 հազար դրամով անգամ պահակին չեն վարձատրում: Նրանք զայրացած են ընկերության պաշտոնյաների կողմից «Մեթըլ Փրինսի» աշխատողներին 140 հազար դրամ աշխատավարձ վճարելու մասին հայտարարությունների կապակցությամբ:

«Այսինքն` 600 աշխատողի նրանք ասում են` վճարում են ամիսը 140 հազար դրամ, հա՞: Բայց էդ 140 հազար դրամ աշխատավարձը միայն հորատող բանվորն է ստանում, այսինքն` ում էլ հարցնեք, հանք մտնող բանվորը այդքան աշխատավարձ չի ստանում» ,- ասում են  ընկերության աշխատողները, որոնց աչքից չի վրիպել այն փաստը, որ միջին աշխատավարձը այստեղ հաշվարկվում է Մադլեն Թաշճյանի ամսական 6 մլն դրամ և մյուս վարչական աշխատողների բարձր աշխատավարձերի հետ միասին, որն էլ արհեստականորեն բարձրացրել է շարքային աշխատողների միջին աշխատավարձի չափը:

Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայում վերջին տարիներին արտադրության ծավալները ամսական 300 տոննայից հասել են 1200 տոննայի: Պլանը կատարելու դեպքում ընկերության տնօրինությունը պարտավորվել է բանվորներին վճարել հավելավճար, սակայն Մադլեն Թաշճյանը Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալվելուց հետո չի վճարում այդ հավելավճարները:

«Մեթըլ Փրինսի» աշխատողները փորձել են  աշխատավարձի հետ կապված իրենց հուզող խնդիրները ճշտել ընկերության հաշվապահության հետ: Նրանց այստեղ պատասխանել են. «Գործատուն ինչպես ցանկանում է, այնպես էլ վճարում է»:

Ախթալացի Իվան Ջաղինյանը, ով նախկինում աշխատել է ընկերության անվտանգության ծառայության ղեկավար, «Հետքին» հայտնեց. «Մենք նկատում ենք, որ Մադլեն Թաշճյանը հսկայական շահույթներ կորզելով ` մեր ֆաբրիկայում ներդրումներ չի կատարում: Նա դրանով մեր ֆաբրիկան ուզում է դարձնել անաշխատունակ, հետո այդպես էլ կվաճառի ու կհեռանա»:

Ըստ Իվան Ջաղինյանի տեղեկությունների` ընկերության անվտանգության աշխատողներն ամսական 25 տոննա դիզվառելիք են գողանում լեռնահարստացման ֆաբրիկայից: «Գոնե բանվորներին կտային այդ փողերը»,- ափսոսանք հայտնեց Իվան Ջաղինյանը:

«Մեթըլ Փրինս»-ում աշխատողները ներկայումս ստորագրահավաք են անցկացնում իրենց իրավունքների ոտնահարման այս և այլ փաստեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելու համար: Բանվորներն ասում են, որ եթե երկրի նախագահ չպաշտպանի իրենց իրավունքները, կդիմեն ծայրահեղ քայլերի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter