
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցների բաց նամակը` նախագահին
Մեծարգո պարոն նախագահ
Հունվարյան տոներին մեր աշխատած և ճիշտ չհաշվարկված աշխատավարձերի վճարումը հանգեցին մեր համբերության բաժակի լցվելուն և ուզում ենք Ձեզ ներկայացնել «Ախթալայի ԼՀԿ»-ում ստեղծված իրավիճակը, խնդրելով Ձեզ, որպես Հանրապետության նախագահի համապատասխան մարմինների միջոցով լուծում տալ մեզ և կոմբինատի մի քանի հարյուր աշխատողներին հուզող հարցերին.
1. 2012 թվականի հունվարի աշխատավարձը էապես տարբերվում է 2011 թվականի հունվարին վճարված աշխատավարձից, ինչը, մեր կարծիքով, հետևանք է տոնական օրերին մեր աշխատավարձի դիմաց ճիշտ չհաշվարկելուն :
2. Այն ժամանակ, երբ պղնձի գներն իջան մինչև 3500 դոլար, մեր աշխատավարձերը կրճատեցին 20 տոկոսի չափով, իսկ այսօր, երբ պղնձի գինը 8500 դոլար է, մեր աշխատավարձերը մնում են ճգնաժամային մակարդակի վրա:
3.Տարիներ շարունակ մեզ չի տրամադրվում բանվորական արտահագուստ, օրենքով հասանելի սնունդ , կաթ և պայմաններ չեն ստեղծված գոնե ընդմիջման ժամանակ մեր կողմից տարված սնունդը ընդունելու:
4.Չնայած «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից ստացվող գերշահույթներին, լուրջ կապիտալ ներդրումներ չեն կատարվում, այդ թվում նաև տեխնիկայի անվտանգության կանոնները պահպանելու նպատակով:
5.Մի շարք արտադրամասերում, օրինակ, ջարդման արտադրամասում չեն պահպանվում սանիտարական նորմերը և հարյուրավոր մետրերի վրա լայն շերտով նստող պղնձափոշին նստում է նաև մարդկանց թոքերին, իսկ լաբորատորիայի աշխատողներն ընդգրկված չեն վնասակար աշխատողների ցանկում:
6.Չնայած կոմբինատի կողմից հաստատվող 140.000 դրամ միջին աշխատավարձի, այդքան աշխատավարձ ստանում են միայն հորատող բանվորները, իսկ մնացածի աշխատավարձը` 35-50 հազար դրամ է և ի հաշիվ վնասակար և թունավոր արտադրամասերում աշխատելու գործակիցների, կազմում է 80-120 հազար դրամ, և սա այն դեպքում, երբ «Ախթալայի ԼՀԿ»-ն ավելի շատ արտադրանք է տալիս, քան Վանաձորի բոլոր ձեռնարկությունները վերցրած:
7.Մեր կյանքի և առողջության համար մեծ վտանգ է Շամլուղի բաց հանքի առկայությունը, որը շահագործվում է առանց համապատասխան տեխնիկական հիմնավորումների և մեծ է վտանգը, որ կարող է լինել մեծ սահք, որի արդյունքում հողի տակ կարող են մնալ տասնյակ աշխատողներ, և ծանր տեխնիկա:
8.Ախթալայի և Շամլուղի բանվորների տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հասարակական մի քանի շենքերը /Ախթալայում 2 ակումբ, ճոպանուղի, հանրային զուգարան, քաղաքի կոյուղաջրերի մաքրման կայան և Շամլուղում ` հիվանդանոց, մանկապարտեզ, ակումբ/ և որ զարմանալի է, Ախթալայի ու Շամլուղի բաշխիչ էլ. ցանցերը պատկանում են «Ախթալայի ԼՀԿ»-ին, որտեղ ԼՀԿ- ն ոչ մի ներդրում չի կատարում, գտնվում են անմխիթար վիճակում և չեն ծառայում մեր երկու համայնքների բնակչությանը :
9.Ախթալայի զարդը համարվող հայտնի Արամյանցի դղյակը, 2005 թվականին ընդամենը 1.200.000 դրամով դարձել է «Ախթալայի ԼՀԿ»-ի սեփականությունը ` պայմանով, որ առնվազն 15 տարի այն պետք է ծառայի որպես տուրիստական հանգրվան` ստեղծելով աշխատատեղեր և նպաստելով տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը:
Արդեն անցել է 7 տարի, բայց միայն Սերոբ Դեր-Բողոսսյանի մոր և հոր հիշատակի հուշարձանն է կանգնեցվել և սեփական տուն է կառուցվել` առանց օրինական հիմքերի:
Այս ամենի արդյունքում, չնայած «Ախթալայի ԼՀԿ»-ն անցած տարի ունեցել է մոտ 6.5 մլրդ դրամի հասույթ, Ախթալա և Շամլուղ քաղաքների բնակչության այն մասը, որը աշխատում են ֆաբրիկայում և հանքերում, մեծ մասամբ կքված են վարկերի բեռի տակ, որոնցով փակում են խանութներում իրենց պարտքերը, ստիպված արտագաղթվում են Հայաստանից, որպեսզի ապահովեն ընտանիքի գոյապահպանությունը:
Ախթալայի և Շամլուղի բնակիչները հնարավորություն չունեն լիարժեք օգտվելու ակումբներից, հասարակական նշանակության այլ օբյեկտներից:
Դիմելով Ձեզ` ակնկալում ենք, որ համապատասխան իրավասու մարմինների միջոցով լուծում կտրվի «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի մի քանի հարյուր աշխատակիցներին մտահոգող հարցերին` անկախ ստորագրել կամ չստորագրելու հանգամանքից:
Մեծարգո պարոն նախագահ, հավատացած ենք, որ մեր հուզող հարցերին լուծում կտրվի, և մենք երբեք չենք լքի մեզ համար շատ հարազատ մեր պապենական հողը:
Մեկնաբանել