HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխական զենքն Ադրբեջանում․ ինչպես շասսին վերածվեց հաուբիցի

Երկու տարի առաջ, երբ ադրբեջանական բանակը գովազդային մի հոլովակում ցուցադրեց իր չեխական «Դանա» հաուբիցներն ու «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, լրատվամիջոցների արձագանքն արտառոց եղավ․ Չեխիայի Հանրապետությունը պաշտոնապես չի արտահանում ռազմական տեխնիկա դեպի Ադրբեջան։ «Չեխոսլովակ գրուպ»-ի սպառազինությունների մասնաճյուղը շտապեց պաշտոնական հայտարարություն տարածել այն մասին, որ, իր արտոնագրի համաձայն, արտահանել է միայն «Տատրա» շասսիներ: Չեխիայի կառավարությունը նույնպես հերքեց հաուբիցների եւ հրթիռային համակարգի արտահանման մեջ որեւէ ներգրավվածություն ունենալը:

Բայց investigace.cz-ի լրագրողների նոր բացահայտումները ցույց են տալիս, որ նախարարությունն ի սկզբանե գիտեր, որ շասսիները պետք է ձեւափոխվեին եւ վերածվեին հաուբիցների եւ հրթիռային համակարգի, ինչպես նաեւ, որ դրանք պետք է արտահանվեին Ադրբեջան՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի առաջարկություններն արհամարհելով։ Փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ պարզ դարձավ, որ շասսիների վերջնական ձեւափոխությունները մարտական գործողությունների համար արվել են Սլովակիայում՝ մի ընկերության կողմից, որը Չեխիայից շասսիներն արտահանող նույն հոլդինգի մասն է։

«Անհարմար» իրավիճակ

2017 թվականի աշնանը չեխական ռազմական տեխնիկայի արտահանման շուրջ երկար բանավեճ էր ընթանում․ լրատվամիջոցներն Ադրբեջանին ներկայացնում էին որպես էմբարգոյի ենթակա երկիր, մինչդեռ, ըստ զենք արտադրողների՝ ոչ մի միջազգային էմբարգո կիրառելի չէր։ Իսկ ինչպիսի՞ն էր իրականում վիճակը։ 1992 թվականին Ադրբեջանի նկատմամբ էմբարգո սահմանվեց սկզբում ԵԱՀԿ-ի, հետո նաեւ ՄԱԿ-ի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի հետ պատերազմի պատճառով։ Տասը տարի անց ՄԱԿ-ը չեղարկեց էմբարգոն, բայց ԵԱՀԿ-ի ոչ պարտադիր էմբարգոն չվերանայվեց։

Այս բարդ կոնֆլիկտը մինչ օրս շարունակվում է․ Չեխիայի Հանրապետության պաշտոնական արտաքին քաղաքականությունը թույլ չի տալիս հաուբիցներ կամ նման այլ տեխնիկա արտահանել դեպի այդ տարածաշրջան։ Կապալառու «Չեխոսլովակ գրուպ»-ն է նույնիսկ ընդունում, եւ, ըստ պաշտոնական հայտարարության «հարգում է ոչ միայն ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի կողմից դրված պաշտոնական ռազմական էմբարգոն, այլեւ ոչ պաշտոնական բեռնարգելքները, քանի որ Չեխիայի Հանրապետության եւ իր դաշնակիցների արտաքին քաղաքականությունն արգելում է արտահանում դեպի երկրներ, որոնց վրա էմբարգո չկա, բայց որտեղ ռազմական տեխնիկան պատշաճ չէ, օրինակ, անվտանգության նկատառումներով»։

Սա էլ հենց այդ «անհարմար» իրավիճակն էր, երբ ադրբեջանական բանակի գովազդային հոլովակում հայտնվեց վեց չեխական հաուբից։ 

Հոլովակը հաստատում էր չեխական ծագում ունեցող «Դանա» հաուբիցների եւ «Վամպիր» հրթիռային համակարգի առկայությունն ադրբեջանական բանակի տիրապետության տակ: 2017 թվականի աշնանը ռազմական տեխնիկայի արտահանման արտոնագրեր տրամադրող չեխ պաշտոնյաները պնդեցին, որ այս զինտեխնիկայի առաքումը չէին թույլատրի։ Ըստ «Hospodářské noviny» ամսագրի՝ ողջ առեւտուրը պետք է վերահսկվեր ներքին հետախուզական ծառայության կողմից, որը մինչ այժմ որեւէ հանրային հայտարարություն չի արել այս հարցի շուրջ։

Պաշտոնական բացատրությունը հետեւյալն էր․ կապալառուն «Տատրա» շասսիները դեպի Իսրայել արտահանելու թույլտվություն ուներ, դրանք այնտեղ հանձնվել են տեղական բիզնես գործընկերոջ։ Չեխ պաշտոնյաները պնդում էին, որ պարզ չէր, թե ինչպես էին հաուբիցները հասել Ադրբեջան։

Ըստ վերջերս ձեռք բերված որոշ փաստաթղթերի՝ Չեխիայի կառավարությունն, ամեն դեպքում, ի սկզբանե գիտեր, որ այս հատուկ «Տատրա» մեքենաները պիտի ձեւափոխվեին եւ դառնային մարտական հաուբիցներ եւ հրթիռային համակարգեր ու հետագայում հայտնվեին Ադրբեջանում։

Չեխական «Րիըլ Թրեյդ Պրահա» ու սլովակ «ՄՍՄ Մարտին» ընկերությունները, որոնք նախկինում փորձել էին հաուբիցներ ու հրթիռային համակարգեր ուղղակի արտահանել Ադրբեջան, մասնակցել են վաճառքին եւ ձեւափոխմանը։ Այնուամենայնիվ, այս երկու ընկերությունները, որոնք պատկանում են Ստրնադների ընտանիքի կապալառու «Չեխոսլովակ գրուպ»-ին, պաշտոնապես հերքում են այս գործարքի մեջ իրենց ներգրավվածությունը։ 

Առաքում Բաքու

Չեխիայի Հանրապետությունում զենքի արտահանման արտոնագրումը կարգավորվում է ռազմական տեխնիայի արտաքին վաճառքի մասին օրենքով։ Չեխիայի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը արտահանման արտոնագրեր է տալիս Արտաքին եւ ներքին գործերի, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարությունների հետ նախապես համաձայնեցնելու դեպքում։ Առաջին բացահայտումն այն էր, որ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից 2017 թվականի փետրվարի 13-ին տրված արտոնագիրը պարզորոշ նշում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես ապրանքների վերջնական օգտագործող։

Արտոնագրի համաձայն՝  «Րիըլ Թրեյդ Պրահա»-ն պետք է մատակարարեր զրահապատ խցիկներով 54 հատ «Տատրա 815» մեքենա եւ աքսեսուարներ՝ ընդհանուր 482 միլիոն չեխական կրոն արժեքով։ Դրանք պետք է մտնեին «տանկեր եւ այլ զրահապատ շարժիչային մարտական մեքենաներ ներառյալ նաեւ զենքերով եւ այդ մեքենաների այլ մասերով կահավորված մեքենաները» արտոնագրված կատեգորիայի տակ։

Տեխնիկան Չեխիայից ուղիղ դեպի մայրաքաղաք Բաքու չէր տեղափոխվելու, այլ դեպի Իսրայել՝ «Էլբիտ Սիսթեմս Լենդ» եւ «C4i»: Այս ընկերությունն, ի տարբերություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության, արտոնագրման որոշման մեջ նշված չէր որպես վերջնական օգտագործող։ «Էլբիթ»-ը բեռը ստացող կողմն էր։

Հենց այստեղ էլ երկրորդ հետաքրքիր բացահայտումն է․ իրականում որն է իսրայելցիների դերն այս գործարքում։

12 ժամ Իսրայելում

Anonymous Bulgaria թվիթերյան օգտանունով մի լրագրողի տարածած Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերի արտահոսքը մասնակիորեն բացատրում է իրավիճակը։

Դեսպանատան աշխատակիցները կազմակերպել են Ադրբեջանի պետական «Սիլք Ուեյ» ավիաուղիների թռիչքի թույլտվությունը երկրի օդային տարածքով, իսկ օդանավերը, դիվանագիտական գործունեությամբ քողարկված, եվրոպական երկրներից՝ այդ թվում եւ Չեխիայից ու Սլովակիայից, տեղափոխել են մեծ ծավալի ռազմական նյութ դեպի Միջին Արեւելք կամ Աֆրիկա։ 

Այս թռիչքների դիվանագիտական քողարկումը երկու առավելություն ուներ․ նախ՝ թույլ տվեց հաջողությամբ տեղափոխել ռազմական տեխնիկա, ինչն արգելված է տեղափոխել քաղաքացիական ինքնաթիռներով, երկրորդ հերթին՝ կանխեց տեղափոխվող ապրանքների զննումը պետական կառույցների կողմից, ինչպիսին է, օրինակ, մաքսային ծառայությունը։ 

«Investigace.cz»-ի լրագրողներն արտահոսած փաստաթղթերում ապացույց են գտել, որ 2017թ․ մայիսին երկու անգամ չեխական «Տատրա» մեքենաներ են տեղափոխվել «Սիլք Ուեյ» ավիաուղիների ինքնաթիռներով։ «Իլյուշին II-76» օդանավը Բռնոյի Թուրանի օդանավակայանում է բեռնվել 2017 թվականի մայիսի տասին։ Ուղեբեռը ներառում էր երկու «Տատրա» մեքենա՝ VP31 եւ VPR9 մոդելների՝ զրահապատ խցիկներով եւ այլ մասերով, որոնց քաշը միասին կազմում էր 30 տոննա։ Մեքենաների մատակարարը «Րիըլ Թրեյդ Պրահա»-ն էր։

Դիվանագիտական քողարկմամբ այս օդանավի վայրէջքը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում էր՝ տեղական ժամանակով 14:00-ին։ Օդանավը երկար չմնաց այդտեղ․ «Էլբիթ Սիսթեմս» տեղական ընկերությունն իր գործարանում ձեւափոխեց մեքենաները, կահավորեց հաղորդակցման եւ կառավարման համակարգերով եւ ընդամենը 12 ժամ անց՝ առավոտյան ժամը երեքին, նույն «Իյուշին»-ը թռավ դեպի Կենտրոնական Եվրոպա։ Վայրէջքը Բրատիսլավայում էր, մայիսի 11-ին առավոտյան ժամը յոթին։ Հենց այդտեղից էլ մոդիֆիկացված բեռը հանձնվեց «ՄՍՄ Մարտին» ընկերությանը, որը պատկանում է «Չեխոսլովակ գրուպ»-ին։

Վամպիրի ծնունդը Սլովակիայում

2016 թվականի հոկտեմբերին Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության կողմից տրված միջազգային ներկրման հավատարմագրի համաձայն՝ «ՄՍՄ Մարտինը» հաջորդ վեց ամսվա ընթացքում ներկրելու էր 54 «Տատրա» մեքենա իսրայելական «Էլբիթ Սիսթեմս»-ից՝ նույն քանակի, որքան «Րիըլ Թրեյդ Պրահա»-ն էր ուղարկել Իսրայել։ Ըստ հավատարմագրի՝ ապրանքների ներկրման նպատակը հետեւյալն էր՝ «ապրանքների վրա շասսիների տեղադրում վաճառքի համար»։

Հենց Սլովակիայում էր, որ «Տատրա» մեքենաները՝ շասսիները, զրահապատ խցիկներն ու իսրայելական կառավարման ու հաղորդակցման համակարգերը, դարձան «Դանա Մ-1» հաուբիցներ եւ «RM-70» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

«Յան Կուցիակ» հետաքննական կենտրոնը հաստատեց այս ինֆորմացիան։ Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկատվության ազատության օրենքի պահանջով հետաքննական կենտրոնին էր տրամադրել ներկրման հավատարմագիրն ու արտահանման արտոնագիրը` «Այս արտոնագիրը տրվել է մի սլովակ ընկերության [«ՄՍՄ Մարտին»] «Տատրա» շասսիների վրա հավաքված ինքնագնաց հաուբիցների (36 հատ) եւ «Տատրա» շասսիների վրա հավաքված համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի` դեպի Իսրայել արտահանման համար: Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է այս ապրանքների ժամանումը»։

Վերադարձ վերանորոգումից հետո

Երկար ժամանակ անհայտ էր՝ արդյո՞ք արդիականացված հաուբիցներն ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն Ադրբեջան հասել են Սլովակիայի՞ց, թե՞ Չեխիայից (Իսրայելում կանգառով)։ 54 «Տատրա» մեքենաների՝ դեպի Ադրբեջան արտահանման արտոնագրի մեջ մի ուշագրավ պայման կա․ «Որակի հետ կապված բողոքի դեպքում հնարավոր է խոտանված ապրանքներից ազատվել վերջնական օգտագործողի տարածքում, դրանք նաեւ հնարավոր է վերանորոգել Չեխիայի Հանրապետությունում, այսինքն՝ խոտանված ապրանքները Չեխիայի Հանրապետություն տեղափոխել եւ վերանորոգումից հետո նորից ներմուծել վերջնական օգտագործողի [Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն] տարածք»։ Այս ձեւակերպումը «Րիըլ Թրեյդ Պրահա»-ին թույլ է տալիս վերանորոգված ապրանքներն արտահանել անմիջապես դեպի Ադրբեջան։ Կասկածները փարատվեցին միայն Սլովակիայի Էկոնոմիկայի նախարարության պատասխանի շնորհիվ։

 

Ձեւափոխված եւ արդիականացված մարտական մեքենաները Տրենչինում գտնվող պաշտպանության կապալառու «ՄՍՄ Մարտին»-ի մոտ երկար չմնացին։ Դրանք նորից հասան Իսրայել եւ այդտեղից ուղեւորվեցին դեպի վերջնակետ՝ Ադրբեջան։

Այն բարդ ճանապարհը, որի ընթացքում շասսիները դարձան հաուբիցներ եւ հրթիռային համակարգեր, հետեւյալն էր․ Բռնո, Չեխիա - Թել-Ավիվ, Իսրայել - Բրատիսլավա, Սլովակիա - Թել-Ավիվ, Իսրայել - Բաքու, Ադրբեջան։ Մեքենաների ձեւափոխման մեջ ներգրավված էին Շտերնբերկում չեխական զենքի գործարանն ու Տրենչինում սլովակ զենքի գործարանը։ Երկուսն էլ պատկանում են «Չեխոսլովակ գրուպ»-ին պատկանող ընկերությունների։  

Գլուխկոտրուկի բացակա մասնիկը

Բացակայող ապացույցը մեկ այլ գլուխկոտրուկ է, որ օգնում է քարտեզագրել Չեխիայից եւ Սլովակիայից ռազմական տեխնիկայի քաղաքականորեն հակասական, տրամաբանորեն բարդ եւ չհանրայնացված  արտահանումը դեպի Ադրբեջան։

Նորահայտ փաստաթղթերից ստացված տեղեկատվությունը նաեւ հաստատվեց «ՄՍՄ Մարտին» ընկերության մի աշխատակցի կողմից, ով 2018 թվականի ապրիլին չեխական հետաքննական հեռուստատեսային շոույի՝ «Reportéři ČT»-ին անանուն տեղեկատվություն է փոխանցել․ «Ամբողջ պրոցեսը սկսվում է հին «Դանա» հաուբիցների ներկրմամբ, որոնք պիտի ապամոնտաժվեն։ Նախ՝ աշտարակն է հեռացվում եւ ապամոնտաժվում մինչեւ վերջին պտուտակը։ Հետո շասսին ուղարկվում է Չեխիայի «Տատրա» գործարան Շտերնբերկում, որտեղ եւ նորից հավաքվում է։ Բոլոր մասերը նորից սարքելու համար պահանջվում է երկուսից երեք շաբաթ։ Հետո դրանք նորից ուղարկվում են Սլովակիա։ Այս ընթացքում աշտարակի մեխանիզմների վրա են աշխատում, եւ ամեն ինչ հավաքվում է նորից ու փորձարկվում։ Տեխնիկան գալիս է Իսրայելի «Էլբիթ»-ից։ Կան նավիգացիոն համակարգեր, նկարահանող համակարգեր, հաղորդակցման համակարգ, որպեսզի Դանաները կարողանան հաղորդակցվել իրար հետ»։

Այլ կերպ ասած՝ իսրայելցիներն իրականում միայն հաուբիցների եւ հրթիռային համակարգերի վաճառքում միայն միջնորդի դեր էին կատարում «Չեխոսլովակ գրուպ»-ի չեխական եւ սլովակ ընկերությունների եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ։

Ոչ շասսիներ, բայց․․․

Թե շասսիների ինչ մասեր էր թույլատրված հավաքել Սլովակիայում իրենց «վերակառուցման» ցանկում՝ մանրամասնորեն նկարագրված է Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից տրված արտոնագրում․ «Ձեռնարկատերը պարտավորվում է «RM-70» եւ «ShKH vz. 77» սահմանափակ հրետանային համակարգերի մյուս մասերին, որոնք այս դիմումի համար կիրառելի չեն («ShKH vz. 77»-ի դեպքում դրանք կոտրիչ համակարգերն են, բարելները, բարելների առանցքները, իսկ «RM-70»-ի դեպքում՝ հրթիռային պատիիճն ու դրա վագոնը) վերաբերվել «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» դրույթների համաձայն՝ Չեխիայի պաշտպանության նախարարության Կարողությունների պլանավորման բաժնի եւ Զինաթափման վերահսկման վարչության հսկողության ներքո եւ Պաշտպանության նախարարության հետ կնքված առքուվաճառքի պայմանագրի դրույթների համաձայն»։

Արտոնագրի այս մասում Չեխիայի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պաշտոնյաները ձեռնպահ են մնում «Տատրա մեքենաներ» արտահայտությունն օգտագործելուց ու բացեիբաց խոսում են «RM-70» եւ ShKH vz. 77 սահմանափակ հրետանային համակարգերի» մասին՝ այսինքն «Վամպիր» հրթիռի եւ «Դանա» հաուբիցի։

«Investigace.cz»-ն Տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում դիմեց Չեխիայի Պաշտպանության նախարարությանը՝ մեկնաբանություն ստանալու։ «Ընդունելով այն հանգամանքը, որ «RM-70» 122 մմ հրթիռային համակարգերն օգտագործվել են «Տատրա T815 VPR 9» 8×8 շասսիների արտադրության մեջ, եւ այն, որ «Tatra T815 VP 31» 8×8 շասսիների արտադրությունը ներառում է «ShKH vz. 77» 152 մմ ինքնագնաց հաուբից, որը չեխական բանակինն է եւ ենթակա է «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» դրույթներին․․․, նախարարության պահանջով «Րիըլ Թրեյդ Պրահա»-ն պարտավորվում է լիցենզիայի տրամադրման պահին հրապարակել… արտահանման ամսաթիվը՝ ներառյալ արտահանման երկրների սերիական համարները»։

Մեզ մի կապեք Ադրբեջանի հետ

«Investigace.cz» լրագրողների մոտ կա «Րիըլ Թրեյդ Պրահա»-ի կողմից 2017 թվականի մարտի 21-ին «Էլբիթ»-ին ուղարկված հաշիվ-ապրանքագիրը։ Իսրայելցիները պիտի վճարեին 1,660,000 դոլար հինգ «Տատրա»-ի համար։ Փաստաթղթերը նաեւ ներառում են իսրայելական ներկրման վկայականը՝ թվագրված 2017 թվականի մարտի 20-ով, ինչը պարզորեն ցույց է տալիս, որ հինգ «Տատրա»-ներն ադրբեջանական բանակում պիտի հանգրվանեին։

Ամեն դեպքում նրանք պնդում են, որ Բաքվին չեն մատակարարել հաուբիցներ եւ հրթիռային համակարգեր․ «Ոչ «ՄՍՄ գրուպ»-ը, ոչ էլ մեկ այլ դուստր ձեռնարկություն երբեւէ չի ուղարկել որեւէ նման համակարգ Ադրբեջանին։ Միաժամանակ մենք հերքում ենք մեր ընկերությունը դեպի այս երկիր զենքի արտահանմանը կապող պնդումները»,- ասել է Լուսիա Օլլեն՝ Շրտնադի «Չեխոսլովակ գրուպ»-ի սլովակ ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավարը նախորդ տարի։ ««Չեխոսլովակ գրուպ»-ի ընկերություններից ոչ մեկը, անկախ այն բանից՝ գտնվում է Չեխիայում, թե Սլովակիայում, երբեւէ Ադրբեջանին չի առաքել հարցման առարկա որեւէ ռազմական տեխնիկա կամ դրանց հետ կապված այլ մաս»,- ավելացրել է ընկերության խոսնակ Անդրեյ Չիրտեկը։

Investigace.cz-ի հստակ հարցերին պատասխանելու փոխարեն Չիրտեկը կրկնեց սեպտեմբերին արված իր հերքումն ասելով՝ ինչպես պաշտպանական արդյունաբերության ոլորտում աշխատող ցանկացած ընկերություն, ««Չեխոսլովակ գրուպ»-ը նույնպես չի հանրայնացնում արտոնագրման ընթացակարգերի մասին որեւէ տեղեկատվություն»։

 

Հեղինակ՝ Յակուբ Շիմակ (investigace.cz), Մատեյ Գաշպարովիչի (Յան Կուցիակ Հետաքննական կենտրոն) աջակցությամբ

Թարգմանությունը՝ Արփինե Գինոսյանի

Գրաֆիկական պատկերները՝ Լենկա Մատուշկովայի

Տեքստը հնարավոր է դարձել Համաշխարհային հակակոռուպցիոն կոնսորցիումի ֆինանսական աջակցությամբ` ուղղված Վիշեգրադի երկրներին։ Անդամ կենտոնները՝ Direkt36 եւ Átlátszo Հունգարիայից, Յան Կուցիյակ Հետաքննական կենտրոնը Սլովակիայից, Fundacja Reporterów Լեհաստանից եւ investigace.cz Չեխիայի Հանրապետությունից աշխատում են այս ծրագրի վրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։