HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվտանգության ոլորտում ԵԱՀԿ-ն հատուկ վերապատրաստում է իրականացրել Պաշտպանի աշխատակազմի համար

Հոկտեմբերի 16-18-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է դասընթացավարների վերապատրաստման եռօրյա դասընթաց` նվիրված անվտանգության ոլորտում կառավարման և վերահսկման մեխանիզմներին:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ դասընթացն առաջին միջոցառումն է, որն իրականացվել է ԵԱՀԿ-Հայաստան նոր համագործակցության ներքո` անվտանգության ոլորտում կառավարման հզորացմանը միտված ծրագրի շրջանակում:

«Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում և դա իմ գործունեության առաջնահերթություններից է», - բացման խոսքում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նաև բարձր է գնահատել նման միջոցառման իրականացումը՝ հատկապես ընդգծելով, որ այդպիսի դասընթացները նպաստում են Պաշտպանի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը և կարող են օգտակար լինել ոլորտում առկա խնդիրների լուծումն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից:

Դասընթացն անցկացրել են Սերբիայի Հանրապետության առաջին օմբուդսման Սաշա Յանկովիչը և Միացյալ Թագավորության զինծառայության հարցերով առաջին հանձնակատար Սյուզան Աթկինսը։

Վերապատրաստման ժամանակ ուսումնասիրվել են անվտանգության ոլորտի վերահսկողության միջազգային չափանիշները, անվտանգության ոլորտի մարմիններում, ներառյալ` բանակում մարդու իրավունքների խախտումների քննության ու մշտադիտարկման առանձնահատկությունները, քննարկվել ոլորտի մի շարք այլ հարցեր: Հատկապես ընդգծվել է անվտանգության ոլորտի կառավարման կատարելագործման գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի դերը, որի իրականացրած վերահսկողական գործառույթները մեծապես նպաստում են ոլորտում մարդու իրավունքների խթանմանը:

Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են մշտադիտարկման այցերի, առանձնազրույցների, փաստահավաք առաքելությունների պլանավորման և անցկացման սկզբունքներն ու միջազգային լավագույն փորձը: Նաև ընդգծվել է պատշաճ կառավարման անհրաժեշտությունը զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման և ամրապնդման տեսանկյունից, որի ընթացքում յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Դասընթացի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մշակված տվյալների վերլուծության և անվտանգության ոլորտում մասնագիտական զեկույցների կազմման հմտություններին։

Դասընթացից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ստացած գիտելիքների ու փորձի հիման վրա վերապատրաստման դասընթացներ իրականացնել անվտանգության ոլորտի իրավասու և շահագրգիռ անձանց համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter