HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Արթուր Սաքունցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. ո՞ւմ է նկատի ունեցել ոստիկանապետը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ նախնական դատական նիստը:

Հայցվորի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ասաց, որ իրենք հայցապահանջին լրացում են կատարել և ցանկանում են այն գրավոր ներկայացնել դատարանին: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն  արդեն հասցրել էր ծանոթանալ հայցապահանջի լրացմանը և նշեց, որ դա ոչ թե հայցի պահանջների լրացում է, այլ որոշակի պահանջներից հրաժարվելու դիրքորոշում, որում առկա են իրավական փաստարկներ՝ կապված իրենց պատասխանի նշված փաստարկների հետ: Փաստաբանն ավելացրեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված երկշաբաթյա ժամանակ չեն պահանջում, որպեսզի ներկայացնեն իրենց դիրքորոշումը բերված հայցապահանջի լրացմանը, քանի որ կարծում են, որ այդպիսի անհրաժեշտություն չկա:

Վ.Գրիգորյանը դատարանին ներկայացրեց հայցի առարկան, որում ասվում է, որ հայցվորի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել 2011 թ. հոկտեմբերի 17-ին hraparak.am էլեկտրոնային էջում «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածում և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում ՀՀ պաշտպանության փոխնախարար, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները: Ըստ հայցվորի՝ այդ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն, որոնք վնաս են հասցնում կազմակերպության գործարար համբավին:

Քանի որ գործը նախնական փուլում էր, այսօրվա նիստին դատարանին ներկայացվեց միայն հայցի հիմքերը և առարկան:

Հայցվորը դատարանից խնդրեց ներկայացված հայցադիմումը բավարարել և պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները և նրանից բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում:

Ա.Զոհրաբյանի այն հարցին, թե արդյոք հայցի հիմքում դրված «Հրապարակ» օրաթերթի և «Զինուժ» ծրագրի հրապարկումների փաստական հանգամանքներից բացի այլ փաստական հանգամանք հայցադիմումի հիմքում դրվա՞ծ են, Վ.Գրիգորյանը պատասխանեց, որ բացի այդ երկու հրապարակումներից, նաև դիտարկված է news.am-ի հարցազրույցը, որում պատասխանողը հստակեցրել է, որ իր նախորդ հարցազրույցներում նա նկատի է ունեցել հայցվորին: Հայցվորը նշեց, որ այն ներկայացվում է որպես հերքում պատասխանողի կողմից նշված այն փաստարկի, որ պատասխանողը հայցվորին նկատի չի ունեցել իր վիրավորական բնույթի արտահայտություններում: Հայցվոր Արթուր Սաքունցը ներկայացրեց news.am-ում հրապարակված այդ հոդվածը՝ «Վլադիմիր Գասպարյանը ներել է իրեն դատի տված Արթուր Սաքունցին» :

Հայցվորը դատարանից խնդրեց, որպեսզի իրենց ժամանակ տրամադրվի այս նոր փաստական հանգամանքը դատարանին և պատասխանողին ներկայացնելու համար: Այսքանով նիստն ավարտվեց և հերթական դատական նիստի օր նշանակվեց մարտի 12-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter