HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հաստոցների և գունավոր մետաղի թափոնների առք ու վաճառքով զբաղվող իրանցիները մեղադրվում են թմրանյութերի ապօրինի իրացման մեջ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, քննվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Մոհամմադ Թաբարսիի և Շահաբալլահ Ռավաշիի թմրանյութերի ապօրինի իրացման և պահման քրեական գործը: Ըստ մեղադրական եզրակացակության՝ Մոհամմադ Թաբարսին մեղադրվում է այն բանի համար, որ 2018թ. դեկտեմբերին Շահաբալլահ Ռավաշիի վարձակալության հիմքով վերցված ավտոտնակում պահել է 92,2 գրամ մեթամֆետամին, որը փետրվարի 12-ին հայտնաբերվել է ոստիկանության կողմից:

Ինչպես նաև փետրվարի 9-ին Սևանի փողոցի վրա գտնվող Շահաբալլահ Ռավաշիի վարձակալված ավտոտնակում հայտնաբերվել է 0,51 գրամ հաշիշ, 1,5 գրամ հերոին, 0,18 գրամ ացետիլացված ափիոն, իսկ փետրվարի 12-ին հայտնաբերվել է ևս 0,59 գրամ քաշով մեթամֆետամին, 5,2 գրամ մարիխուան և մի շարք այլ թմրամիջոցներ:

Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Մինաս Մեհրաբյանը, 2019-ի փետրվարի 12-ին հենց նրա մոտից էլ հայտնաբերվել է 92,2 գրամ մեթամֆետամինը, որը թաքված է եղել նրա վարած «Mercedes-Benz » մակնիշով ավտոմեքենայում: Թմրամիջոցը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ ոստիկանությունը կանգեցրել է վարորդին և բացել մեքենայի բեռնախցիկը, որտեղ աղով լցված տարայի մեջից հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված: Այսօր իր ցուցմունքի մեջ Մեհրաբյանը նշեց, որ վարած մեքենան պատկանել է Մոհամմադ Թաբարսին, ինքը ժամանակավոր վարել է, մինչև Մոհամմադը գտնվել է Իրանում: Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքը Իրանի քաղաքացու հետ պատահաբար է հանդիպել, և միասին սկսել են հաստոցների վաճառքով զբաղվել: Թմրանյութերի առք ու վաճառքի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, միայն գիտի, որ Մոհամմադը զբաղվել է նաև լոլիկի և հագուստի վաճառքով, որոշել են նաև իրենց պատկանող խանութի համար ևս նրանից հագուստ ձեռք բերել, իսկ մյուս ամբաստանյալ Շահաբալլահ Ռավաշին ճանաչում է շուրջ 15 տարի, նա Սևանի փողոցում  զբաղվում է գունավոր մետաղների ջարդոնի առք ու վաճառքով, ինչպես նաև հաստոցների վաճառքով:

Դատաքննության ընթացքում վկայի նախաքննական ցուցմունքի և դատաքննության ընթացքում եղած ցուցմունքների մեջ հակասություններ գտնելով ՝ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ Մեհրաբյանը պնդել էր, որ տեղյակ է եղել, որ Մոհամմադ Թաբարսին զբաղվում է թմրանյութերի առք ու վաճառքով, և իրեն ևս տվել է մոտ 100գ մեթամֆետամին՝ անձնական օգտագործման համար: Ցուցմունքի հրապարակումից հետո Մինաս Մեհրաբյանը հայտարարեց, որ չի ընդունում հնչեցված ցուցմունքը. որոշ տողեր իր ասածներին չեն համապատասխանում, նա նաև խնդրեց ընդմիջել իր հարցաքննությունը, որպեսզի կարողանա պաշտպանի հետ միասին ներկայանալ և պատասխանել հարցերին:

Այսօր վկայությամբ հանդես եկավ նաև տաքսու վարորդ Արշակ Մնացականյանը, ով Մոհամմադին տեղափոխել է Նոր Նորք, ձերբակալումից առաջ: Նա նշեց, որ Մոհամմադը ձերբակալվելուց հետո իր մեքենայում թողել է անձնագիր և դրամապանակ, իսկ զննության ընթացքում տվյալ դրամապանակից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված սպիտակ նյութ:

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ այլ վկաներ նիստին չէին ներկայացել: Այս գործով հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 24-ին:

Լուսանկարը՝  mir24.tv-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter