HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16 տարվա հրամանագրի հետևանքները

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

16 տարի առաջ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժ-ցմահ դատապարտման խնդրում իրավական կազուս առաջացավ, որը առկա է մինչ օրս: Այս հարցի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են իրավապաշտպաններ, քաղաքական ուժեր ու գործիչներ, փաստաբաններ ու իրավաբաններ, սակայն սայլը տեղից չի շարժվել:

Կարդացի, դիտեցի «Հրամանագրի գերիները» հետաքննությունը, որտեղ ամեն բան մանրակրկիտ նկարագրված էր: Շնորհակալություն հեղինակին նման մեծածավալ աշխատանք համակարգված կատարելու ու ներկայացնելու համար: Ոլորտի պատասխանատուները կարող են այդ հետաքննության հիման վրա լուծման տարբերակներ մշակել կամքի առկայության դեպքում:

Նախագահ Քոչարյանի «ներման» հրամանագիրը, որը կայացվեց 42 նախկին մահապատժի դատապարտվածներիս նկատմամբ 2003-ի օգոստոսի 1-ին, հակասում էր Սահմանադրությանը. նա, որպես նախագահ, իրավունք չուներ դատավորի դեր ստանձնելով` փաստացի կատարելով դատական իշխանության գործառույթը, նոր պատիժներ սահմանել:

Որպեսզի բոլորին պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, ընդամենը առաջարկում եմ կարդալ Քրեական օրենսգրքի հոդված 12-ը. «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»: Միայն մատնանշված դրույթը բավարար է, որպեսզի այս խնդրին վերջակետ դրվի: Չէր կարող ցմահ ազատազրկում պատժատեսակ սահմանվեր, այն էլ նախագահի կողմից: Նման իրավիճակում օրենքի պահանջն էր, որ կիրառվեր 1961-ի Քրեական օրենսգրքի 23 հոդվածը և նշանակվեին պատիժներ 15-20 տարվա ազատազրկման միջակայքում:

Մինչև 2003թ. օգոստոսի 1-ը ՀՀ քրեական օրենսգրքով ցմահ ազատազրկում պատժատեսակ առհասարակ գոյություն չի ունեցել, հետևաբար օրենքը արգելում էր նշանակել հանցանքը կատարելու ժամանակ օրենքով չնախատեսված պատիժ, ու վերջ: Այս օրենքը, քրեական իրավունքի այս սկզբունքը քրեական իրավունքի հիմնասյուներից է: Նախագահը չի ունեցել ո՛չ սահմանադրական, ո՛չ էլ օրենսդրական որևէ լիազորություն և իրավասություն` արդարադատություն իրականացնելու համար: Պատժի նշանակումը արդարադատություն իրականացնող մարմնի գործառույթ է, որն իրականացնելու ոչ միայն իրավասություն չունի նախագահը, այլ դա անթույլատրելի էր` իշխանությունների բաժանման մասին 1995 թ-ի Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով:

Այո՛, Ռոբերտ Քոչարյանի ձեռքով 42 դատապարտյալ ապօրինի կերպով դատապարտվեց դանդաղ մահապատժի բանտային անմարդկային պայմաններում: Ներկայումս, որքանով ինձ հայտնի է, մնացել ենք շուրջ 25 դատապարտյալ: Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ՄԱԿ-ի անդամ դառնալով՝ մահապատժի կիրառման մորատորիում հայտարարելով, այն է մահապատիժը չիրականացնել, փաստացի բանատխցերում ծեծով, սովով ու այլ անմարդկային պայմանների հետևանքով մահացավ մոտ 15 դատապարտյալ, իսկ արդեն Քոչարյանի ապօրինի հրամանագրի հետևանքով նույն կերպ մահացավ ևս մեկ տասնյակից ավելի դատապարտյալ, չնայած ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների: Այս կերպ վարվեց մեկ էլ մեր հարևան Ադրբեջանը, իսկ Վրաստանում մահապատժի դատապարտվածներն արդեն վաղուց ազատության մեջ են, քանի որ այնտեղ ղեկավարվեցին օրենքի ոգուն և տառին համապատասխան` բոլորի նկատմամբ սահմանեցին 15 տարի ազատազրկում: Հարևան Վրաստանում 1997 թ.-ին նախագահ Շևարդնաձեն 54 մահապատժի դատապարտվածի ներում շնորհեց՝ կիրառելով 1961 թ.-ի քրեական օրենսգրքի նորմը:

Այնուամենայնիվ, հիմա էլ այս հարցի լուծումը կա: Ցավոք, դատապարտյալներս չենք կարող դիմել Սահմանադրական դատարան այս հարցով. Սահմանադրությունը թույլ չի տալիս, բայց կարող են դիմել Կառավարությունը, Նախագահը և ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003թ. օգոստոսի 1-ին ստորագրած ՆՀ-103Ա հրամանագրի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցն որոշելու համար: Սակայն հասկանալի է, որ ՍԴ-ում որևէ դրական լուծում այս պահին այս հարցով չի կարելի ակնկալել:

Քոչարյանի պաշտպաններից մեկը տարիներ առաջ այս միտքն էր ասել. «Ճիշտ է` Քոչարյանի այդ հրամանագիրը խնդրահարույց է, կարելի է վիճարկել, բայց դա չեմ անի, քանի որ 42 մարդ կազատվի»:

Քոչարյանի մեկ այլ պաշտպան, երբ ինձ քրեական իրավունք էր դասավանդում, ասաց, թե օրենքի համաձայն, տուժողի շահն է գերակա: Ի պատասխան հարց տվեցի՝ խնդրում եմ` ասեք` այդ  ո՞ր օրենքն է:

-Դե՛, հիմա անգիր չեմ հիշում, մի օր ձեռքիս տակ Քրեական օրենսգիրքը լինի, ցույց կտամ:

Գրասեղանիս մոտից անմիջապես վերցրեցի իր նշած օրենսգիրքը և խնդրեցի ցույց տալ: Մտքերի մեջ ընկավ ու ձեռքիցս չվերցրեց օրենսգիրքը:

-Միգուցե օրենքով չկա, բայց իրականում այդպես է…

-Միայն արդարադատության շահն է գերակա, ոչ թե տուժողի կամ մեղադրյալի,- պատասխանեցի ես:

Անձը, ում մասին խոսում եմ, նախկին իշխանության մեջ մտավ նրանց վախճանի վերջին տարիներին… հետագայում հայտնվեց փողատեր տուժողների կողքին, հիմա էլ Քոչարյանին է պաշտպանում: Դե՛, հասկանալի է` փողատեր տուժողների շահն է գերակա նրա համար, քանզի նման մտայնությամբ առաջնորդվող անձանց չես տեսնի անպաշտպան որևէ տուժողի կամ դատական սխալների զոհերի կողքին:

Պետք է զտում տեղի ունենա ոչ միայն դատական համակարգում, այլ նաև դատախազության, քննչական, փաստաբանական, պետական միաձուլված համակարգերում, որտեղ քիչ թե շատ մեծ շահեր շոշափող գործերը լուծվում էին և դեռ հավանաբար շարունակվում են լուծվել հովանավորչության, զանգերի միջոցով: Իսկ զտման պրոցեսն անհնար է առանց նախկին սխալների ընդունման և ուղղման: Այս գործընթացում կարևոր հարց է մնում, և մինչև չլուծվի, մշտապես ահազանգելու է իր մասին՝ Հայաստանում ապօրինի ցմահ ազատազրկվածներիս խնդիրը: Քանի դեռ Նոր Հայաստանում շարունակվում է նախորդների քաղաքականությունն այս հարցում` մեր և մեր ընտանիքների համար հեղափոխություն չի եղել` իրավունքի և օրինականության գերակայություն չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։