HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կամ էս վնասը դուք եք հատուցելու, կամ մորթելու եմ ձեզ». Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործով ցուցմունք տվեց «Ֆլեշ Մոտորս»-ի նախկին տնօրենը

«Ֆլեշ Մոտորս» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և ընկերության «Քանաքեռ» բազայի տնօրեն Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Մխիթարյանը, որի պաշտոնավարման ժամանակաշրջանում ընկերությունում հայտնաբերվել են ֆինանսական չարաշահումներ: Վերջինս դատարանում հայտարարեց, որ հայտնաբերված չարաշահումներից հետո իրենից և «Ֆլեշ Մոտորս»-ի կոմերցիոն տնօրենից պահանջել են փոխհատուցել գումարները՝ ընդհուպ սպառնալով «մորթել բոլորին»:

Նշենք, որ դատարանում քննվող գործով Հրայր Հովսեփյանը և Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում են 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու մեջ՝ վերջինիս օրինական շահերին էական վնաս պատճառելով:

«Ֆլեշ Մոտորս» ընկերությունում շուրջ 120 մլն դրամի չարաշահումները հայտնաբերվել են 2015 թվականին: Այդ ժամանակ ընկերության կոմերցիոն տնօրենը եղել է Արման Մկրտումյանը: Վերջինս Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործով տուժող է: Պնդում է, որ իր նկատմամբ Հրայր Հովսեփյանը Բարսեղ Բեգլարյանի ներկայությամբ բռնություն է գործադրել, իրեն ստիպել են բնակարանը գրավադրել Բարսեղյաններին պատկանող «Արարատ» բանկում և և ստացել դրա դիմաց տրվելիք գումարը:

«Ֆլեշ Մոտորս»-ի նախկին տնօրեն Սուրեն Մխիթարյանը Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործով վկայի կարգավիճակ ունի: Երբ նա դատարանում պետք է ցուցմունք տար, ամբաստանյալ Հրայր Հովսեփյանը միջնորդեց չլսել նրան՝ պնդելով, թե Սուրեն Մխիթարյանը շահագրգիռ անձ է: Վկան, սակայն, հարցաքննվեց: Ընթացակարգ նախատեսված չէ, համաձայն որի՝ ամբաստանյալի միջնորդությամբ վկային դատակոչի ցուցակից կարելի է հանել:

Սուրեն Մխիթարյանը դատարանի հարցերին ի պատասխան հայտնեց, որ տուժող Արման Մկրտումյանի հարաբերությունները նորմալ են: Վկան ասաց, որ նախկինում Բարսեղ Բեգլարյանի հետ բիզնես է ունեցել, ապա ստացել «Ֆլեշ Մոտորսի» տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջարկը: Ինչ վերաբերում է Հրայր Հովսեփյանին, ըստ վկայի, ինքը Հովսեփյանի հետ նախկինում, կարելի է ասել, ընկերական հարաբերություններ է ունեցել: Այժմ Սուրեն Մխիթարյանը Հովսեփյանի և Բեգլարյանի հետ որևէ տեսակի հարաբերություն չունի, դատարանին հայտնեց, որ նրանց նկատմամբ ունեցած դրական կարծիքն ընկերությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո դարձել է բացասական:

Մխիթարյանը պատմեց, որ ընկերությունից չարաշահումներն ու յուրացումները հայտնաբերվել են 2015 թվականի վերջին՝ Արման Մկրտումյանի աշխատանքի շնորհիվ, իրենց փորձել են հասկանալ խնդիրը, կարգավորել այն և սկզբնական շրջանում դրանց մասին տեղյակ չեն պահել «Ֆլեշ Մոտորսի» սեփականատերերին: 2016-ի փետրվարին, սակայն, ղեավարությունը Պետական եկամուտնեի կոմիտեից իմացել է չարաշահումների մասին: Ըստ Սուրեն Մխիթարյանի, դրանից հետո է, որ Բարսեղ Բեգլարյանը, վերջինիս որդին՝ Հայկ Բեգլարյանն ու այլ անձինք իր և Արման Մկրտումյանի առաջ պահանջ են դրել յուրացված գումարները փոխհատուցելու վերաբերյալ այն դեպքում, երբ իրենց չարաշահումների հետ կապ չեն ունեցել: Նշենք, որ յուրացումների համար ընկերության երկու աշխատակից մեղավոր են ճանաչվել, և քրեական պատասխանատվության ենթարկվել:

Սուրեն Մխիթարյանը պատմեց, որ 2016 թվականի մարտի 28-ին ինքը գտնվելիս է եղել աշխատասենյակում, երբ ընկերության խորհրդակցությունների սենյակ մտնելիս տեսել է «Ֆլեշ Մոտորս»-ի «Քանաքեռ» բազայի տնօրեն Հրայր Հովսեփյանին: Վկայի խոսքով՝ իր համար դա զարմանալի է եղել, քանի որ Հովսեփյանն իրենց կառավարման, առհասարակ աշխատանքների հետ որևէ առնչություն չի ունեցել, և եթե նա եղել է իրենց մոտ, ապա բացառապես մեքենան վերանորոգելու կամ նմանատիպ հարցերով:

Տեսնելով Հրայր Հովսեփյանին՝ Սուրեն Մխիթարյանը դուրս է եկել իր աշխատասենյակից ու մտել խորհրդակցությունների սենյակ: Որոշ ժամանակ անց սրահ է եկել Բարսեղ Բեգլարյանն՝ այլ անձանց հետ:

Ըստ Սուրեն Մխիթարյանի՝ հետո սկսվել են վնասի փոխհատուցման հետ կապված խոսակցությունները, որի ընթացքում Հրայր Հովսեփյանը հունից դուրս է եկել և մեկ անգամ հարվածել Արման Մկրտումյանին:

«Հետո բանը հասավ նրան, որ նա Արմանի ուսերին հարվածեց, կանգնեց Արմանի մեջքի կողմից ու կոստյումից բռնելով՝ բարձրացրեց, գցեց ու քարշ տվեց սեղանի ու պատի արանքով դեպքի ելքը»,- պատմեց Սուրեն Մխիթարյանը՝ նշելով, որ երբ արդեն նրանք հասել են դռան մոտ, Հրայր Հովսեփյանը, դիմելով Արման Մկրտումյանին, ասել է, որ նա վեր կենա տեղից՝ գիտակցելով, որ եթե ընկած վիճակում նրան շարունակի քարշ տալ դռնից դուրս, ապա այլ անձինք ևս դա կտեսնեն:

«Այդ ընթացքում Բեգլարյան Բարսեղը, ով նստած էր իմ կողքը, նայում ա, ասում ա՝ տես, էս ամեն ինչը կարա նաև քո հետ լինի: Աշոտ Մարտիրոսյանն էլ ասում էր՝ մենք առյուծ չունենք, որ ձեզ գցենք առյուծների դեմը, բայց շատ մոծակներ ունենք, կարան մոծակները ձեզ էնքան խայթեն, քրքրեն, Հայկը Հովհաննես Թումանյանին էր հիշել ու ասում էր, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր »,- ասաց Սուրեն Մխիթարյանը: Վերջինս ասաց, որ Աշոտ Մարտիրոսյանը ընկերության հետ որևէ առնչություն չի ունեցել, նրան իրեն ներկայացրել են որպես Բարսեղ Բեգլարյանի խորհրդական: Հայկը, որի մասին խոսում է վկան, Բարսեղ Բեգլարյանի որդին է:

«Կամ էս վնասը դուք եք հատուցելու կամ մորթելու եմ ձեզ»,- ըստ Սուրեն Մխիթարյանի՝ իրենց ասել է Հրայր Հովսեփյանը:

Վկան համոզված է, որ Հրայր Հովսեփյանի գործողությունները Բարսեղ Բեգլարյանի «սրտով» էին. նա  չի փորձել կանխել այդ ամենը, վիճաբանության ժամանակ վերցրել է Արման Մկրտումյանի ժամացույցը, հարցրել՝ այն ոսկուց է, թե ոչ, հետո պարզել, որ ոսկյա չէ:

Ըստ Սուրեն Մխիթարյանի ցուցմունքի՝ քննարկման ժամանակ ինքն ասել է,որ եթե իբրև պատախանատու իրենց պետք է փոխհատուցեն վնասն, ապա ինքը կարող է «Nakoli» ընկերության իր բաժնեմասից փոխհատուցել, որը կարող էր փակել այդ գումարը, սակայն Բարսեղ Բեգլարյանն ասել է, թե «Nakoil»-ում Մխիթարյանը բաժնեմաս չունի, այն ամբողջությամբ իրենն է:

Վկան ասաց, որ խոսակցությունների ժամանակ Հրայր Հովսեփյանն անգամ զենք է հանել: «Սկսեց պտտել, ասում էր՝ էսա կխփեմ, էսա գլուխներդ կկտրեմ»,- պատմեց Մխիթարյանը՝ նշելով, որ Հրայր Հովսեփյանը զենքը պահել է իր ուղղությամբ:

Դատարանը տևական ժամանակ Մխիթարյանին հարցեր էր տալիս՝ կապված Հրայր Հովսեփյանի կողմից զենք օգտագործելու վերաբերյալ արված հայտարարության հետ: Խնդիրն այն է, որ տուժող Արման Մկրտումյանն իր ցուցմունքներում Հրայր Հովսեփյանի կողմից զենք կիրառելու մասին չի խոսել: Սուրեն Մխիթարյանը նշեց, թե նա, իր առողջական վիճակով պայմանավորված, այնպիսի վիճակում էր, որ հավանաբար չի նկատել այդ ամենը:

Սուրեն Մխիթարյանը նախաքննական ցուցմունքում ասել է, որ Հովսեփյանը «զենքը թափ է տվել», իսկ դատարանում հայտարարեց, որ այն պահել է իր ուղղությամբ: Իր նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո վկան պնդեց, որ Հրայր Հովսեփյանը թափահարել է զենքն ու այն պահել իր ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ ինքը համաձայնություն չի տվել փոխհատուցել ընկերությանը պատճառված վնասը:

Արման Մկրտումյանը հարց տվեց, թե արդյոք Բարսեղ Բեգլարյանն արե՞լ է հետևյալ արտահայտությունը. «Ինձ հաճոյանալու համար մարդիկ ձեզ կխփեն»՝ նկատի ունենալով Հրայր Հովսեփյանին, ինչին Սուրեն Մխիթարյանը դրական պատասխան տվեց: Նա նաև հիշեց, որ Բարսեղ Բեգլարյանն իրեն հարցրել է՝ ինքն իր կյանքն ինչքա՞ն է գնահատում:

Մխիթարյանը հայտնեց նաև, որ Արման Մկրտումյանը իր տունն ի վերջո գրավադրել է «Արարատ» բանկում, իսկ ինքը՝ ոչ, անգամ Հրայր Հովսեփյանին բարկացած ասել է, որ կարող է խփել իրեն: Մխիթարյանի խոսքով՝ հետագայում Բարսեղ Բեգլարյանն այս օրվա տեղի ունեցածի համար իրենից ներողություն է խնդրել:

Վկայի հարցաքննությունը ժամեր տևեց: Այս ընթացքում Բարսեղ Բեգլարյանն ու Հրայր Հովսեփյանը, պարբերաբար, դեմքերն ափերի մեջ, ծիծաղում էին: Դա լինում էր այն պահերին, երբ վկա Սուրեն Մխիթարյանն իրենց մեղադրում էր ինչ-որ բան պարտադրելու, զենք պահելու կամ այլ ենթադրյալ հանցավոր արարք կատարելու մեջ:

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում Բարսեղ Բեգլարյանի պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել նրան պատկանող գույքի վրայից կալանքը հանելու վերաբերյալ, սակայն այսօր պաշտպանները խնդրեցին միջնորդությունը քննության առարկա չդարձնել:

Մեկնաբանություններ (1)

Davit
Այս քրեական գործը հարուցվել է թավշյաից առաջ, Նիկոլ Փաշինյանի պատգամավորական միջամտությամբ, քանի որ տուժածը դիմել էր իրեն, որպես իր պատգամավորի: Գործով ակտիվորեն սկսեցին զբաղվել Ն,Փ, վարչապետ դառնալուց անմիջապես հետո: Այդ ժամանակ ոչ ֆլեշիստները ու ոչ էլ Բարսեղը ծիծաղելու որևէ տրամադրություն չունեին: Հիմա, ենթադրում եմ, որ իրավիճակ է փոխվել ու ինչ-որ երաշխիքներ են ձեռք բերել, ինչը և թույլ է տալիս ծիծաղել, հայտարարություններ անել․․․ Սա սպասելի զարգացումներից մեկն է: Տեսնենք, ինչ կորոշի դատարանը․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter