HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ինչո՞ւ է Բաբայանը ձերբակալվել այնպիսի արարքի կասկածանքով, որի վրա համաներում է տարածվում. ՀՔԾ-ն հստակ պարզաբանում չի տալիս

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն: Խոսքն Արսեն Բաբայանի մասին է:

Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է պաշտոնեական կեղծիք կատարելուն: Մասնավորապես՝ «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև` կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ գլխի 2-րդ հոդվածը սահմանում է, որ համաներմամբ պետք է «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում:

Քրեական գործը, որի շրջանակներում Արսեն Բաբայանը ձերբակալվել է, հարուցվել է իշխանությունը յուրացնելու առթիվ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նյութերի հիման վրա:

Խոսքը իշխանության յուրացման փաստի առթիվ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդան հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի մասին է, որի շրջանակներում փաստաթղթեր են առգրավվել Ազգային ժողովից:

Ըստ հաղորդագրության` այս գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ, և, նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Հաղորդագրության համաձայն՝ ենթադրյալ արարքը կատարվել է Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում:

Գագիկ Հարությունյանը լիազորությունները վայր է դրել 2018-ի մարտին: Համաներումը տարածվում է մինչև 2018-ի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված, նույն օրենքով սահմանված արարքների, այդ թվում`պաշտոնեական կեղծիքի վրա:

Ստացվում է, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի ենթադրյալ արարքի կասկածանքով, որի վրա առերևույթ համաներում է կիրառելի:

Նման պայմաններում հարց է ծագում, թե որքանով է ողջամիտ անձին ազատությունից զրկելը: Հատուկ քննչական ծառայությունից հարցի վերաբերյալ խնդրեցինք պարզաբանում տալ, ինչին ի պատասխան` մեզ հայտնեցին հետևյալը. «Սովորաբար ձերբակալումը կատարվում է անձի փախուստը կանխելու նպատակով»:

ՀՔԾ-ից այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում: 

 

Լուսանկարը՝ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։