HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոչ եմ անում մի պահ սթափվել եւ վեր կանգնել անձնական ամբիցիաներից»

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի կոչը Արամ ու Սահակ Սրբազաններին

Գերաշնորհ Տ. Արամ արք. Աթեշյանին և Գերաշնորհ Տ. Սահակ եպս. Մաշալյանին

Սիրելի Սրբազան եղբայրներ, 27 սեպտեմբեր 2019 թվակիր հայտարարությամբ մենք մեր մտահոգությունը հայտնեցինք, որ Թուրքիո հայ համայնքն ընտրական այս նոր օրենսդրությամբ կանգնած է ավելի լուրջ փորձության առջև և հորդորեցինք համայնքի հոգևոր ու աշխարհիկ պատասխանատուներին և հատկապես Նախաձեռնակ մարմնին, որ համախմբվեն և գրավոր դիմեն իշխանություններին վերանայելու կանոնադրության 25-րդ հոդվածի Գ կետը, որով սահմանափակվում է այլ եպիսկոպոսների իրավունքները, մեր ազգային եկեղեցու հինավուրց ավանդությունները:

Սակայն, ինչպես տեսանք, բացի կեղծ մտահոգություններից և բարձրագոչ հայտարարություններից գործնական ոչ մի քայլ չարվեց արժանապատիվ ընտրություններ անցկացնելու համար: Պետք է ճշմարիտ խոսենք և փաստենք, որ 85-րդ պատրիարքի ընտրության կանոնադրությունը փոփոխության ենթարկվեց ի մասնավորի Սեպուհ արք. Չուլջյանի անձով և նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված: Եթե նա թեկնածություն առաջադրելու մտադրություն չունենար, ապա Թուրքիո ներքին գործոց նախարարությունը կանոնադրությամբ չէր սահմանափակի արտերկրի հոգևորականների մասնակցությունն ընտրություններին:

Այսու հայտարարում ենք. Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որևիցէ հոգևորական չի կարող լինել ոչ արժանընտիր և ոչ էլ ազգընտիր: Անգամ իրենք իրենց չեն կարող ընկալել իբրև լիարժեք գահակալ, ուստիև ընտրվողի հաղթանակը կլինի միանգամյան Պյուռոսյան հաղթանակ և որ ամենավատն է այս ամենը մեծ հոգեբանական հարված են հասցնելու արդեն տարիներ շարունակ անորոշության մեջ գտնվող պոլսահայ մեր հավատավոր ժողովրդին։

Սա հոգևոր ինքնասպանության սկիզբն է: Ի վերջո պետք է 2 գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, և ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին և Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլև՝ համայն հայությանը: Հետևաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է և հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգևոր կառավարիչ:

Մինչդեռ Թուրքիայից դուրս ապրող եպիսկոպոսների մասնակցությունը նորընտիր պատրիարքին ձերբազատելու էր ձեռք բերած հաղթանակն անվավեր ճանաչելու սպառնալիքից և ընտրություններում առնվազն կապահովվեր թեկնածուների մարդկային նկարագրի, կարողությունների և որակական հատկանիշների մրցակացություն: Սակայն դեռ կա մի փոքր հույս և ես կոչ եմ անում իմ հոգևոր եղբայրներ Արամ ու Սահակ Սրբազաններին մի պահ կանգ առնել, սթափվել և որդիաբար լսել մեր եկեղեցու բազմավաստակ հոգևորականի՝ Գարեգին արք. Բեկչյանի հայրական կոչն ու խնդրանքը և ստորադասել ընտրական ու անձնական ամբիցիաները, տեսնել մեզ՝ հոգևորականներիս ակնածանքով նայող հայ համայնքի և Աթոռի երկարաժամկետ շահը:

Սրբազան իմ եղբայրները կարող են ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել իրենց հավատարմությունը եկեղեցական ավանդույթին և հայ համայնքի հետ համատեղ քայլ անել նման կարգով ընտրությունները չեղարկելու համար:

Վստահ եմ, որ հայ համայնքի հետ միասնական կամքի ու արժանապատիվ դիրքորոշման պարագայում Թուրքիա պետությունը նույնպես հարգանքով կմոտենա եկեղեցական, համայնքային իրավունքներին և կվերանայի իր մոտեցումները։ Իսկ ես իմ կողմից որպես գործնական քայլ հայտարարում եմ, քանի որ իմ անձն է պատճառը կանոնադրության փոփոխման և Թուրքիայից դուրս ապրող հոգևորականների ընտրություններին մասնակցությունը խոչընդոտող հանգամանքը, ապա ես պատրաստ եմ հանուն իմ հոգևոր մյուս եղբայրների իրավունքի վերականգնման չներկայացնել իմ թեկնածությունը իբրև պատրիարքի գահի հավակնորդ: Ողջամտություն և իմաստություն բոլորիս այս բարդ իրավիճակում։

Աղոթարար՝ Սեպուհ արք. Չուլջյան Առաջնորդ Գուգարաց թեմի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter