HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Հայոց լեզուն մղվում է խոհանոց

Հայաստանյան բուհերի կրթության որակը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Մեր բուհերից ոչ մեկը տեղ չի գտել կրթական խնդիրների հետազոտություններով զբաղվող բրիտանական Quacquarelli Symonds կենտրոնի հրապարակած աշխարհի մոտ 900 առաջատար համալսարանների ցուցակում: Սա՝ 2014 թ.-ի տվյալներով:

Ըստ թարմ տվյալի՝ Համալսարանների վարկանիշների համաշխարհային կենտրոնը (Center for World University Rankings) հրապարակել է աշխարհի լավագույն 2000 բուհերի ցանկը: Երևանի պետական համալսարանը ևս ընդգրկված է այդ ցանկում՝ զբաղեցնելով 1930-րդ տեղը։

Ո՞րն է մեր բուհերում ցածր կամ ոչ մրցունակ կրթության պատճառը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (ԿԳՄՍ), կարծես, ունեն պատասխանը: Նախարարությունը քննարկման դրվելիք «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակից հանել է դրույթը, ըստ որի՝ բուհերին պարտադրվում է ուսուցման ծրագրերում պարտադիր ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները: Բուհերի ղեկավարությունն ինքն է որոշելու՝ ներառե՞լ դրանք ուսումնական ծրագրում, թե՞ ոչ:

«Մենք սրանով ուժեղացնում ենք դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն՝ բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում անհրաժեշտ չի լինում: Այս քայլով մենք հայագիտական բլոկն ուժեղացնում ենք դպրոցում: Ըստ էության, գիտելիքի հիմնական պաշարը նրանք ստանալու են դպրոցում և անցնելով բուհեր՝ մասնագիտական ուղղություններով ավելի շատ առարկաներ են կարողանալու անցնել»,- հիմնավորում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Փաստորեն, հանրակրթական դպրոցներում հայագիտական այս առարկաներն այնպիսի ամուր հիմքերի վրա են դրվելու, որ բուհերում դրանք անցնելը ժամավաճառությու՞ն է համարվելու: Շատ լավ:

Այդ դեպքում դիտարկենք «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննությունների արդյունքները:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ)՝ այս տարվա տվյալներով՝ 9-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննության արդյունքներով՝ 31 021 սովորողից  
1 686-ը ստացել է անբավարար: 19-20 միավոր ստացել է 152 աշակերտ: Միջին միավորը կազմել է 12.16:
Իսկ այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնած 4540 դիմորդից անբավարար է ստացել 1162-ը:

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն ունի իր հիմնավորումը. «Ինքս էլ հայոց լեզվի մասնագետ եմ։ Եթե իմ դասավանդման ժամանակ «Գոյական»-ին տրվում էր 56 դասաժամ, այսօր տրվում է 20 դասաժամ։ Թեմաներ կան, որ ընդամնեը մեկ դասաժամով ուսուցիչը պետք է ավարտի։ Իսկ դրանք բարդ թեմաներ են, հատկապես շարահյուսական հատվածին վերաբերողները»:

Փորձեցի ուսումնասիրել 2017-2018 թթ. ուսումնական տարվա դպրոցականների «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի արդյունքները: Գուցե այստե՞ղ են տեսանելի այն հիմքերը, որոնք թույլ կտան վստահ լինել, որ այս աշակերտները բուհերում «Հայոց լեզու» առարկայի վրա զուր ժամանակ են վատնելու:

Մասնակիցները 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի աշակերտներ են: 161 մասնակիցներից որևէ մեկը անգամ 17 միավոր չէր ստացել: Ամենաբարձրը 16,1 միավորն էր (իսկ մասնակիցները, ենթադրաբար, «Հայոց լեզու» առարկայից բարձր առաջադիմություն ունեցողներն են):

Հայոց լեզվի տարրական իմացություն անգամ չունեցող աշակերտները գնում են բուհ: Այնտեղ «Հայոց լեզու» առարկան չեն անցնելու, քանի որ բուհի ղեկավարությունը դա ժամավաճառություն է համարելու:

Մասնագիտական գրականություն հայերենով չափազանց քիչ է: Մասնագիտական տերմինաբանությունը անգլերենով է կամ օտար այլ լեզվով: Ուսանողը սեփական փորձով համոզվում է, որ հայոց լեզուն իրեն պետք չի գալիս գիտական քննարկումներ անելիս, այսինքն՝ հայոց լեզուն «չի ձգում» գիտական լեզվի: Ուսանողի բառապաշարը նեղանում է այնքան, որ գեղարվեստական գրականությունն էլ նրան խրթին է թվում:

Վրա է հասնում ռացիոնալիզմը, եթե հայերենով չեն թարգմանվում գիտական աշխատությունները, քանի որ պահանջարկը քիչ է կամ գիտության ետևից վազել հնարավոր չէ, եթե մասնագիտանալու համար օտար լեզուն ավելի անհրաժեշտ է, քան հայերենը, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ժամանակ ծախսել և բուհում ևս անցնել այդ առարկաները: Բավական է մի կերպ յոլա տանել, հատկապես որ՝ հայոց լեզվին գրագետ չտիրապետելը որևէ անհարմարություն չի առաջացնում: Այլ բան, եթե չգիտես անգլերեն, ռուսերեն… Չլսված ամոթ:

ԿԳՄՍ նախարարության վերոնշյալ ցանկությունը ուղղակիորեն շրջանցում է «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

Նման պահանջ ունի նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2 (1) կետը. «Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:

ԿԳՄՍ նախարարը հեգնում է, թե պետք չէ հայագիտական առարկաներն իրենից պաշտպանել: Բայց, ակնհայտ է. իշխանությունները, փաստորեն, խորությամբ չեն ընկալում հայոց լեզուն բուհերում ՊԱՐՏԱԴԻՐ անցնելու անհրաժեշտությունը, չունեն պետականության զգացողություն՝ դա գիտակցելու: Հակառակ դեպքում՝ պետությունը ինքը կկարևորեր պետականության ամենակարևոր ատրիբուտը՝ լեզուն՝ լեզվի պատշաճ իմացությունը խրախուսելով ու քարոզելով:

Հայոց լեզվին ուղղված վտանգը այնքան տեսանելի չի թվում՝ հաշվի առնելով Հայաստանի մոնոէթնիկությունը: Սակայն հայերենով խոսողների թիվը պակասում է. արտագաղթողների համար հայերենը մեխանիկորեն դառնում է երկրորդ լեզու, սփյուռքահայերի համար էլ, լավագույն դեպքում, 3-րդ կամ 4-րդ լեզու է: Եթե բուհերում նաև «պարտադիր» բաղադրիչը հանվի՝ հայոց լեզուն անուղղակիորեն մղվում է խոհանոց՝ դառնալով սերիալների, կենցաղային զրույցների լեզու:

Իրենց գործի մասնագետները սոցցանցում ռուսերենով, անգլերենով հետաքրքիր մտքեր են հանրայնացնում, քաղաքագիտական վերլուծություններ անում: Օտար լեզուներով գրելիս չափազանց բարեխիղճ ու հետևողական են: «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում պարտադիր անցնելու կողմնակիցներին հեգնում են՝ իբրև հետամնացների: Ու այդ ամենը՝ ցավալի տառասխալներով, խեղճ հայերենով:

Մեկնաբանություններ (2)

Բո
Որևէ բանասեր ուսանող չեք գտնի, ով կարողանա քառակուսի հավասարում լուծել։ ՈՒրեմն պետք է բանասիրականում թվաբանություն դասավանդել։ Նաև ֆիիզիկա, քիմիա և այլն։
Գոհադ Գեւորգյան
Հայոց լեզուն լրագրողների անխոնջ ջանքերի շնորհիվ վաղուց է քշվել խոհանոց։Հիմա էլ պաշտոնապես խոհանոցից է քշվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter