HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աստղադիտարանի աշխատակիցները պնդում են՝ չարաշահումների մասին բարձրաձայնելու պատճառով աշխատանքից ազատվել են

Բյուրականի աստղադիտարանի 6 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են, իրենց պնդմամբ, աստղադիտարանում տեղի ունեցած չարաշահումների մասին բարձրաձայնելու պատճառով։

Աշխատանքից ազատված Մկրտիչ Գևորգյանն ու Արթուր Հակոբյանը «Հետքին» պատմել են աստղադիտարանի նախկին և ներկա տնօրինության կատարած չարաշահումների մասին։ Նշենք, որ այդ չարաշահումների առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Մկրտիչ Գևորգյանին ու Արթուր Հակոբյանին աշխատանքից ազատել է անհարկի բացակայություններ ունենալու պատճառով։ Սակայն աշխատակիցները սա համարում են չարաշահումների մասին բարձրաձայնելու վրեժխնդրություն։ 

Մկրտիչ Գևորգյանն աստղադիտարանում էր աշխատում 2008 թվականից։ Աշխատանքն աստղադիտարանում սկսել է որպես ավագ լաբորանտ։ 2009 թվականից կրտսեր գիտաշխատող է երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնում։

Մկրտիչ Գևորգյանն ասում է՝ աստղադիտարանում կատարված չարաշահումների, ապօրինությունների մասին գիտական խորհրդի նիստերին և ընդհանուր ժողովներին մշտապես բարձրաձայնել են, սակայն, ըստ նրա, տնօրենը հակադարձել է, որ ամեն ինչ ըստ կարգի է կատարվում:

«Ասում էր՝ ես տնօրենն եմ, ինչ ցանկանամ, կանեմ։ Իր պատասխանը մշտական այս տեսակ է եղել»,- ասում է Գևորգյանը։

Նա վստահեցնում է, որ աստղադիտարանի ներկայիս տնօրինությունը նաև չի ցանկանում բացահայտել նախկին տնօրենի ժամանակ կատարված ապօրինությունները, քանի որ նախկին տնօրեն Հայկ Հարությունյանն այժմ աստղադիտարանի փոխտնօրենն է, Արեգ Միքայելյանի մտերիմը, ում հենց Հարությունյանն է բերել տնօրենի պաշտոնի համար։

Մկրտիչ Գևորգյանը պատմեց, որ աստղադիտարանում կան աշխատակիցներ, ովքեր մի քանի հաստիք են զբաղեցնում, օրինակ՝ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի որդին, որը աստղադիտարանում աշխատանքի է ընդունվել երկու տարի առաջ։

«Ինքն իր որդուն ընդունեց միանգամից որպես կրտսեր գիտաշխատողի պաշտոնակատար։ Որ ասում ենք՝ իրավունք չունեք, ասում է՝ ես պաշտոնակատար եմ նշանակել։ Մարդը կարող է մի պաշտոնի պաշտոնակատար լինել միայն մեկ դեպքում, եթե այդ պաշտոնի չափորոշիչներին բավարարում է։ Ինքը չէր բավարարում այդ չափորոշիչներին։ Այդ տղան մագիստրատուրայի ուսանող էր, դիպլոմ չուներ դեռ։ Գիտական կադրերի որակավորման կանոնակարգում գրված է, որ կրտսեր գիտաշխատող կարող է լինել մագիստրոսի որակավորմամբ դիպլոմ ունեցող մասնագետը»։

Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ Արեգ Միքայելյանի որդին՝ Գոռ Միքայելյանը, աստղադիտարանում մեկ դրույքով աշխատելու ժամանակ ստացիոնար սովորում էր մագիստրատուրայում։

«Ինքը չէր կարող էնտեղ աշխատեր։ Հիմա արդեն մեկ լրիվ դրույքով աշխատում է բաժնի վարիչ՝ պահպանելով 0.5 դրույքով կրտսեր գիտաշխատողի պաշտոնը, միևնույն ժամանակ աշխատում է «Հայկ Հարությունյան» Ա/Ձ-ում։ Մեկուկես դրույքով աշխատողը պետք է առավոտից մինչ գիշեր այնտեղ լինի, բայց չկա այդ մարդը, չենք տեսնում այդ մարդուն»,-ասաց Մկրտիչ Գևորգյանը:

Մկրտիչ Գևորգյանը վստահեցնում է, որ իրենց բարձրաձայնած չարաշահումների մասին Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրինությունը տեղյակ է, սակայն խրախուսում է աստղադիտարանի տնօրինության գործունեությունը։

Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը սեպտեմբերի 10-ին Մկրտիչ Գևորգյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծել է՝ անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմքով։ 

Ըստ աշխատանքից ազատման հրամանի՝ Գևորգյանը օգոստոս ամսվա յոթ օրերին աշխատանքի չի հաճախել, բացակայությունների մասին Միքայելյանը բացատրագիր է պահանջել, Մկրտիչը պարզաբանել է, որ աշխատանքից չի բացակայել։

«Բայց ես իմ բաժնի վարիչի և գիտական ղեկավարի հետ միևնույն աշխատասենյակում եմ եղել։ Տնօրենն այս սուտը վերցրել, կեղծ փաստաթուղթ է սարքել և դրա վրա հիմնվելով ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը խզել է»,- ասում է Գևորգյանը։

Մկրտիչ Գրիգորյանը հարուցված քրեական գործի շրջանակներում այդ կեղծիքի մասին Քննչական կոմիտում նաև ցուցմունք է տվել։

Աշխատանքից ազատված մի խումբ աշխատակիցներ դիմել են դատարան

Ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ վերջին մեկուկես ամիսների ընթացում Բյուրականի աստղադիտարանի աշխատանքից ազատված 8 աշխատակիցները դիմել են դատարան՝ պահանջելով իրենց վերականգնել նախկին աշխատանքին և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանն առոչինչ ճանաչել։ Նրանցից մեկն աստղադիտարանի ավագ գիտաշխատող, «Գերնորեր» գիտահետազոտական բաժնի վարիչ Արթուր Հակոբյանն է, որն աստղադիտարանում աշխատել է 13 տարի։

Վերջինս ակտիվորեն բարձրաձայնել է աստղադիտարանում կատարվող չարաշահումների մասին, արդյունքում՝ սեպտեմբերի 6-ին աշխատանքից ազատվել։

Հակոբյանն աշխատանքից ազատման հրամանը դատական կարգով վիճարկում է՝ այն համարելով անօրինական և չարաշահումների բարձրաձայնման հետևանք։ Աստղադիտարանի տնօրենը Արթուր Հակոբյանի հետ աշխատանքային պայմանագիրը խզել է՝ կրկին հիմք դնելով անհարկի բացակաների առկայությունը։

«Ես ամեն օր հաճախել եմ աշխատանքի։ Բյուրականի աստղադիտարանի ամենաշատ աշխատանքի հաճախող մարդկանցից մեկն եմ եղել։ Տնօրենից շատ եմ աշխատանքի հաճախել»,- ասում է Հակոբյանը:

Նա պատմում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ունեցել են վկայի կարգավիճակ, ցուցմունքներ տվել։ «Բնականաբար դա տնօրինության կողմից մեր նկատմամբ հետևողական ձևով հետապնդման և հաշվեհարդարի ձևով գործողություններ են սկսվել»,- ասում է Հակոբյանը։

Արթուր Հակոբյանը պատմում է, որ որպես չարաշահումների բարձրաձայնման պատասխան՝ օգոստոսին աստղադիտարանի տնօրինությունը որոշեց «Գերնորեր» գիտահետազոտական բաժնից վերցնել աշխատասենյակը, որը մոտ վեց տարի զբաղեցրել են, և 2018 թվականին այդ աշխատասենյակը պաշտոնական հրամանով հատկացվել էր իրենց։

«Իրենք մտածել են մի տարբերակ, որ իբրև Բյուրականի աստղադիտարանում կա աշխատասենյակի խնդիր և որոշել են, որ Արթուր Հակոբյանն էլ այդ աշխատասենյակը չզբաղեցնի իր խմբով, գնում է ուրիշ շենք, ուրիշ աշխատասենյակ։ Իրենք այդ հրամանը գրել, տվել են, ես այդ հրամանի նկատմամբ անհամաձայնություն եմ հայտնել Կրթության և գիտության նախարարին, ակադեմիայի ղեկավարությանը բողոքել եմ։ Նախարարությունից որոշ ժամանակ անց պատասխան են ուղարկել, որ այդ գործողությունն Աշխատանքային և Քաղաքացիական օրենսգրքերով է կարգավորվում, դիմեք դատարան։ Բայց ընթացքում ինքը (նկատի ունի Արեգ Միքայելյանը, հեղ.), արդեն խախտելով օրենքները, ինձ աշխատասենյակը չազատելու համար նկատողություն է տվել»,- պատմում է Ա. Հակոբյանը։

Արդեն օգոստոսի 5-ի կնքված, սպիտակ թղթով փակված է եղել Արթուր Հակոբյանի ղեկավարած բաժնին հատկացված աշխատասենյանը։ Իսկ հաջորդ օրը բանվորները փոխել են դռան փականը՝ արգելելով այդ բաժնի աշխատակիցներին ներս մտնել, վերցնել իրենց անձնական իրերը։

Արթուրի պատմելով՝ դրանից հետո աստղադիտարանի տնօրինությունն իր բաժնի աշխատակիցներից պահանջել է բացատրել, թե ինչու այդ օրերին աշխատանքի չեն հաճախել, սակայն իրենք այդ օրերին աստղադիտարանում են եղել։

«Աստղադիտարանի տնօրենն ու կադրերի բաժնի տեսուչը ասել են, որ հատկացված սենյակը մեծ է եղել: Ես ասել եմ, որ նոր հատկացված սենյակը առավել մեծ է: Եթե ես ի սկզբանե այնտեղ լինեի, հավանաբար ինձ կտեղափոխեին այստեղ։ Իրենք այդ ամեն ինչն արել են ընդամենը վրեժխնդրություն, հետապնդում ու հաշվեհարդար տեսնելու համար»,-ասում է նա:

Արթուր Հակոբյանը իրեն տված նկատողության և աշխատասենյակը լքելու պահանջի և աշխատանքից ազատման հրամանն առոչինչ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացրել։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Հետք»-ին հատնեց, որ քրեական գործի քննությունը շարունակում է, այս պահին կարգավիճակ ունեցող անձ չկա։

Նշենք, որ 2018 թվականի օգոստոսին աստղադիտարանի չորս աշխատակիցներ աստղադիտարանում կատարված չարաշահումների մասին գրությամբ տեղեկացրել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։ Այդ չարաշահումները պարզելու համար նախարարը գրությունը ուղարկել էր դատախազություն, որի հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել։ Մայիսին աստղադիտարանում կատարված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել էր, և որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի նկատմամբ:

Սակայն աստղադիտարանի աշխատակիցներն այս որոշումը բողոքարկել էին Արագածոտնի դատախազին և գլխավոր դատախազություն։ Արագածոտնի դատախազությունը մերժել էր բողոքը, իսկ դատախազը որոշել էր վերացնել քրեական գործի կարճման որոշումը և այն կրկին ուղարկել Քննչական կոմիտե՝ նոր քննության։

Ինչ չարաշահումների մասին են ահազանգում աշխատակիցները

Աշխատակիցները նախարար Արայիկ Հարությունյանին գրությամբ հայտնել էին, որ աստղադիտարանի անձնակազմի աշխատակիցներից ոմանք զբաղեցնում են մի քանի հաստիք՝ քառապատիկ աշխատավարձ ստանալով։

Տեղեկացրել են նաև, որ արտաբյուջեի հաշվին տնօրեն Արեգ Միքայելյանն իր համար գնել է 6․2 միլիոն դրամ արժողությամբ «Volkswagen Touareg» մակնիշի ծառայողական մեքենա, բացի այդ՝ 5000 դոլար արժողությամբ «Shevrolet-Niva» մակնիշի ավտոմեքենա, որն այժմ ծառայում է տնտեսվարի ընտանիքին։

Աշխատակիցները պնդում են նաև, որ աստղադիտարանի տնօրինությունը համագործակցության պայմանագրեր է կնքում միջազգային կազմակերպությունների հետ՝ դրանց ֆինանսական մասը հույժ գաղտնի պահելով։

Ինչպես, օրինակ, գաղտնի են պահում Հայ-ռուսական (Ռոսկոսմոս) համագործակցության պայմանագրի ֆինանսական մասն ու հաստիքակազմը։

Աշխատակիցները պնդում են, որ այս համագործակցության պայմանագիրը հավանության չի արժանացել աստղադիտարանի գիտխորհրդում։ Իսկ այդ ծրագրի որոշ աշխատակիցների աշխատավարձ վճարվում է միջնորդ հանդիսացող «Հայկ Հարությունյան» Ա/Ձ-ից, որը, ըստ աշխատակիցների, հիմնադրել է աստղադիտարանի այն ժամանակվա տնօրեն, ներկայիս փոխտնօրեն Հայկ Հարությունյանը:

«Այսինքն՝ «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ի տնօրենն իր անունով Ա/Ձ է բացում և ղեկավարում այն: Այստեղ հարկ է հղում կատարել «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետին՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»,- պատկան մարմիններին հայտնել են աշխատակիցները։

Աշխատակիցները կատակում են, որ աստղադիտարանում կան աշխատավարձ ստացող «մեռյալ հոգիներ»: Այսինքն՝ աստղադիտարանի հաստիքացուցակում եղել են մարդիկ, որոնց տարիներ շարունակ չեն տեսել, սակայն նրանք հայտնվել և բացահայտվել են միայն Արեգ Միքայելյանի ընտրության օրը՝ կողմ ձայն ապահովելու համար։ 

Արեգ Միքայելյանը պնդում է՝ աշխատակիցները փորձում են իրեն վատություն անել

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ կարճված քրեական գործով հաստատվել է, որ աստղադիտարանում որևէ չարաշահում չկա:

«Սակայն ինչ-որ մարդիկ ոնց որ ուզում են վատություն արած լինեն ու նորից են փորձել գրգռել, որ գործը նորից վերանայվի։ Թող նորից վերանայեն, բայց նորից նույն փաստաթղթերը վերանայելով՝ ոնց կարող է չեղած չարաշահումը առաջանա»,- ասաց Միքայելյանը։

Տնօրենը պնդում է, որ աստղադիտարանում չարաշահումներ չկան, այն հաստատվել է նաև ուսումնասիրությամբ, իսկ, ըստ փաստաթղթերի, ոչ մի հիմնավոր ապացույց չկա, որ նախկին տնօրեն Հայկ Հարությունյանի ժամանակ չարաշահում է կատարվել։

Արեգ Միքայելյանն ասում է, որ չարաշահումների մասին տեղեկատվություն տարածող մարդիկ պետք է պատժվեն, քանի որ հերյուրանք տարածելով են զբաղված։ «Ինչ է թե երկրում փորձում են չարաշահումներ բացահայտել, այդ ալիքի տակ աստղադիտարանի բարի անունը վարկաբեկեցին»,- ասում է Արեգ Միքայելյանը։

Վերջինս հերքեց, որ աշխատակիցներին ազատել է չարաշահումների մասին բարձրաձայնելու պատճառով։ Ասաց՝ բոլոր փաստերը հաստատում են, որ իրենք աշխատանքի չեն ներկայացել։

Անդրադառնալով՝ որդուն աշխատանքի ընդունելու փաստին, Միքայելյանը նշեց, որ որդին աշխատանքի է ընդունվել կես դրույքով՝ որպես մագիստրատուրայի ուսանող, ինչի հնարավորություն ունեն մագիստրատուրայի երկրորդ կուրսի բոլոր ուսանողները։ Հարցին՝ կողմնակալություն չի համարում այն փաստը, որ որդուն նշանակել է Աստղաինֆորմատիկայի բաժնի վարիչ, ասաց.

«Ոչ, բացարձակապես կողմնակալ չէ, որովհետև մասնագիտական չափանիշով ենք մենք նայում։ Նախ այդ բաժինը ես ինքս եմ ստեղծել։ Մինչև այդ, երկու ուրիշ վարիչ է եղել։ Առաջինը շատ պասիվ էր, չկարողացավ ոչ մի գործ անել, երկրորդը հեռացավ աշխատանքից։ Դրա համար թափուր մնաց։ Հաջորդ լավագույն թեկնածուն նա էր»,- ասաց Արեգ Միքայելյանը։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը իր ապօրինի և պաշտոնական կեղծիքի վրա հիմնված շինծու հրամաններով խզել է աշխատանքային պայմանագրերը այն մարդկանց հետ, ովքեր հանդիսանում են աստղադիտարանում խոշոր ֆինանսատնտեսական չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի ահազանգից հարուցված քրեական գործով հաղորդում տված վկաներ (Արագածոտնի մարզային քննչական վարչությունում): Նույն կերպ վարվել է աստղադիտարանում պրոբլեմները բարձրաձայնող այլ մարդկանց հետ: Այդ մարդիկ տնօրենի ապօրինի հրամանները այժմ վիճարկում են դատական կարգով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Այդ ամենին կարելի է հետևել http://www.datalex.am կայքում: Խնդրում եմ նաև ուշադրություն դարձնել ստորև բերված բաց հղմանը, որի մեկնաբանություններում դուք կգտնեք բազմաթիվ փաստեր վերը նշված չարաշահումների վերաբերյալ: Հուսամ այս մեկնաբանությունը և համապատասխան հղումը պատկերը ամբողջական կդարձնեն: https://www.facebook.com/lilit.barkhudaryan/posts/2651663418231743

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter