HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիսում խմելու ջուրը գնում են, լիտրը` 10 դրամ

Մասիս քաղաքում խմելու մաքուր ջուր չկա: Քաղաքի բնակիչները խմելու ջուր գնում են քաղաքում պտտվող ջրի մեքենաներից:

Դեռևս քաղաք հասնելու ճանապարհին ավտոբուսում զրուցեցինք Մասիսի մի քանի բնակչի հետ, ովքեր պատմեցին, թե ինչպես են շրջող ջրի մեքենաներից շաբաթական մի քանի անգամ ջուր գնում։

«Ծորակի հոսող ջրի հետ երբեմն ավազ ու ժանգ է թափվում, երկաթի համ գալիս, ծորակի ջուրը խմել հնարավոր չէ»,- ասում է Մադլենա Թորոսյանը։

Մեկ այլ բնակիչ` Նարեկ Հարոյանն էլ նշում է, որ ջուրը բերում են Սովետաշենից. «Գնում ենք լիտրը 10 դրամով, ամեն օր, ամռանը մարդիկ ջուր շատ են օգտագործում, այդ պատճառով էլ այն վաճառում էին 5 դրամով»:

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Վեոլիա ջուր»-ը առավոտյան ժամերին Մասիս քաղաքին մատակարարում է Գառնիի ջուր, բայց սա ժամանակավոր է, քանի որ ջրի ծավալները չեն բավականացնում, և Գառնիի ջրին խառնում են Արարատյան պոմպակայանից մղվող ջուրը, որն էլ քլորահամ ունի:

Քաղաքում շրջելիս նկատեցինք ջուր վաճառող երեք մեքենա, որոնց վարորդները հրաժարվեցին հարցազրույցից: Ջրի մեքենաներից մեկի սեփականատիրոջ հետ հեռախոսազրույց ունեցանք, որը թույլ չտվեց զրուցել վարորդի հետ:

Մասիսցիները նաեւ պատմեցին մի քանի շավաթ առաջ  քաղաքում տարածված գարշահոտության մասին:

Մանուշակն ասում է, որ օդն աղտոտված է կոյուղատար խողովակներից մեկի պայթելու պատճառով:

«Էս վիճակը մեզ խանգարում ա, մենք չենք կարողանում մեր քաղաքում ապրել, առավոտյան և երեկոյան ժամերին շնչել չի լինում, պատուհանները փակում ենք»,- ասում է Մարինե Գրիգորյանը:

«Կասկածներ կան, որ գարշահոտության պատճառը Նաիրիտ գործարանին պատկանող կոյուղատարն է»,- նշում է փոխքաղաքապետը և հավելում, որ գարշահոտությունը վերացնելու համար համայնքապետարանի բյուջեից գումար հատկացնել չեն կարող,  քանի որ վնասված կոյուղու տարածքը Մասիսի վարչական շրջանում չէ, բայց, այնուամենայնիվ, գարշահոտության վերացման նպատակով ահազանգել են շահագրգիռ գերատեսչությունների:

Անյա Սարկիսովա, Գայանե Հովսեփյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter