HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու նախագծերի փաթեթը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի» փաթեթը: Փոփոխություններով առաջարկվում է ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարել նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձանց: Նախագծերը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:

Փոխնախարարի խոսքով` բոլոր խմբակցությունների հետ քննարկման արդյունքում իրական սեփականատերերի հետ կապված լրացումներ են կատարվել նախագծում:

«Մենք պայմանավորվեցինք, որ փաթեթով պետք է ընդլայնենք ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հասկացությունը և առաջարկեցինք, որ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմիններում ընդգրկված ֆիզիկական անձինք նույնպես համարվեն իրական սեփականատեր՝ ի լրումն այն առաջարկի, որ հայտարարագրերի ներկայացման նոյեմբերի 30-ը վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունվարի 30-ը՝ նպատակ ունենալով ապահովել համապատասխան ծրագրային ապահովում»,- ասաց Շուշանյանը:

Փոխնախարարի խոսքով` նախագծով առաջարկվող փոփոխությունները տարաբնույթ են:

Փոփոխությունների մի մասը հիմնականում ընթացակարգային են և որոշակի վարչարարության հստակեցումներ են ենթադրում, սակայն դրանք բարելավում են նաև թույտվությունների տրամադրման գործընթացը:

Առաջարկվում է նաև փոփոխություն կատարել վիճակագրական հաշվետվությունները հստակ պարտավորություն սահմանելու հարցում, որպեսզի հնարավորինս բացառվեն կամայական մոտեցումները: Ըստ փոխնախարարի` առավել հիմնարար փոփոխությունները կապված են այլ մեխանիզմի հետ:

«Խոսքը գնում է մեկանգամյա թույլտվության մեխանիզմի ներդրման մասին՝ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվում է ճանապարհների, ջրամբարների, հաղորդակցության ուղիների, ինչպես նաև թունելների շինարարություն և կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների շինարարություն: Այս դեպքում համապատասխան փորձաքննություն անցած նախագծերի դեպքում առաջարկվում է տվյալ տարածքից արդյունահանված օգտակար հանածոները թույլատրել օգտագործել բացառապես տվյալ նախագծերի համար»,- ասաց նա:

Շուշանյանի խոսքով` հստակ պայմաններ են սահմանված, որ տվյալ օգտակար հանածոն պետք է հաշվառված չլինի օգտակար հանածոների պետական հաշվեկշռում, այսինքն հանքավայր չլինի և լինի ոչ մետաղական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter