
Johnson’s Baby մանկական տալկում նորից ասբեստ է հայտնաբերվել. խմբաքանակը հետ է կանչվել
Հոկտեմբերի 18-ին Johnson & Johnson ընկերությունն իր կամքով հետ է կանչել Johnson’s Baby մանկական տալկը, որի փորձանմուշներում հայտնաբերվել է ասբեստ: Այդ ապրանքի խմբաքանակի համարն է 22318RB (կարելի է գտնել ապրանքի պիտակի հետնամասում): Ամերիկյան Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը (FDA, Food an Drug Administration, USA) հորդորել է չօգտագործել այդ խմբաքանակի ապրանքներից:
Դրան զուգահեռ, FDA-ն հայտնել է, որ, օրինակ, Johnson’s Baby-ի № 00918RA խմբաքանակում ասբեստ չի հայտնաբերվել:
Ասբեստը մանկական տալկում հայնաբերվել է FDA-ի՝ կոսմետիկ միջոցների շուկայի պարբերաբար իրականացրած ուսումնասիրությունների ժամանակ, որի ընթացքում փորձաքննվել են տալկ պարունակող տարբեր կոսմետիկ միջոցներ, որոնցում ասբեստի առկայության հավանականություն կա:
ԱՄՆ Դաշնային օրենսդրության համաձայն՝ սննդային, դեղորայքային և կոսմետիկ արտադրանքները և դրանց բաղադրատարրերը (բացառությամբ գունավոր հավելումների) չպետք է վերահսկվեն FDA-ի կողմից՝ նախքան վաճառքի դուրս գալը: Օրինակ, կոսմետիկային ներկայացվող պահանջներից մեկն այն է, որ ապրանքը պետք է պատշաճ մակնշվի. օրենքը չի պարտադրում, որ կոսմետիկա արտադրող ընկերությունները FDA-ին ապրանքի անվտանգության վերաբերյալ ինֆորմացիա տրամադրեն:
Սակայն FDA-ն ուսումնասիրություններ իրականացնում է՝ գնահատելով հնարավոր ռիսկերը և գործողություններ իրականացնում՝ հիմք ընդունելով իր ձեռքի տակ եղած փաստական տվյալները:
FDA-ի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 2018թ. և ներառում են ավելի քան 50 կոսմետիկ միջոց: Հիշեցնենք, որ դատարանը դեռևս մեկ տարի առաջ Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է վճարել 4,7 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք 22 կանանց, ովքեր մանկական տալկի մեջ եղած քաղցկեղածին ասբեստ նյութի պատճառով առողջական խնդիրներ են ունեցել:
Թե՛ բուժաշխատողները, թե՛ սովորական սպառողները կարող են դիմել FDA՝ հայտնելով իրենց օգտագործած կոսմետիկ միջոցների կողմնակի ազդեցությունների մասին: Դրա համար կա նաև առցանց հարթակ՝ MedWatch Online Voluntary Reporting Form-ը:
Տալկը աշխարհի ամենափափուկ քարն է, հանքանյութ, որը բաղադրությամբ շատ նման է ասբեստին և սովորական լաբորատոր փորձաքննության ժամանակ, առանց հատուկ սարքերի, դրանք տարբերակելը դժվար է։ Ավելին, բնական վիճակում տալկը կարող է ասբեստ պարունակել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ՝ ասբեստը կոնցերոգեն է, որը կարող է մի շարք օնկոլոգիական հիվանդությունների, մասնավորապես՝ թոքերի, կոկորդի և ձվարանների քաղցկեղի պատճառ հանդիսանալ: Ասբեստի բոլոր տեսակները, ըստ ԱՀԿ-ի, կանցերոգեն են մարդու օրգանիզմի համար: Այսօր դրա կիրառումն արգելված է աշխարհի ավելի քան 60 երկրներում:
Տալկը լայն կիրառում ունի կոսմետիկ միջոցների պատրաստման մեջ՝ սկսած մանկական փոշիներից միչև դիմափոշի. այն ունի խոնավությունը կլանելու հատկություն: Բացի այդ, տալկն օգտագործվում է նաև սննդի մեջ, ինչպես օրինակ, մաստակներում:
Տալկում ասբեստի պարունակության մասին խոսվել է դեռևս 1970-ական թվականներից: Այդ ժամանակ տպագրված մասնագիտական գրականություններում մատնանշվում էր հնարավոր կապը տալկ պարունակող փոշիներ օգտագործելու և ձվարանի քաղցկեղի միջև: Ինչևէ, մինչ օրս այդ փաստը հստակ չի ապացուցվել:
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ ասբեստի տեսակներից կապույտն իսկապես վտանգավոր է և կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:
«Կապույտ ասբեստը, հայտնի բան է, ապացուցված կանցերոգեն է, որը չի թույլատրվում օգտագործել։ Դրանում սպեցիֆիկ բան կա, որն առաջացնում է չարորակ ուռուցք՝ մեզաթելիոմա է կոչվում,- ասում է Դ․ Զոհրաբյանը։- Բայց կարևոր է, թե կոնկրետ այդ տալկի մեջ ինչ տեսակի ասբեստ է հայտնաբերվել։ Եթե կապույտ ասբեստի բաղադրությունը լինի նաև այդ տալկի մեջ, բնականաբար վնաս կտա»,- Դավիթ Զոհրաբյան
Ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ կովկասյան տարածաշրջանի այլ երկրների լաբորատորիաներում չկա սարք, որով հնարավոր կլինի պարզել տալկում ասբեստի առկայությունը:
Կոսմետիկ ապրանքները վերահսկվում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից, որը, սակայն, իրավասություն չունի որևէ փորձաքննություն չի իրականացնելու, այլ միայն ուսումնասիրում է ապրանքի համապատասխանության գրանցման հավաստագիրը, որով և երաշխավորվում է դրա անվտանգությունը:
Տես նաև՝
Մեկնաբանել