HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հեռուստատեսությունը Հայաստանում տեղեկատվության հիմնական աղբյուրն է. նոր հետազոտություն

Հեռուստատեսությունը Հայաստանում շարունակում է մնալ տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը, թեեւ սոցիալական ցանցերից ու ընդհանուր առմամբ համացանցից տեղեկություններ ստացողների թիվը տարեցտարի աճում է։ Համացանցը տեղեկատվության երկրորդ ամենասպառվող աղբյուրն է։

Հեռուստաալիքների օրական դիտումները 2019-ին կազմել են 72 % 2015-ի 82 %-ի փոխարեն, իսկ համացանցից օգտվողների թիվը՝ 57 % 2015-ի 32 %-ի փոխարեն։ Նման եզրակացության են հանգել «Մեդիա սպառումը Հայաստանում» թեմայով հետազոտության հեղինակները։ Հետազոտությունը, որն արվում է արդեն երրորդ անգամ (առաջին՝ բազային հարցումն արվել է 2015-ին, հաջորդը՝ 2017-ին) իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատվերով։

Այսօր երկու կազմակերպությունները ներկայացրին Հայաստանի 1200 բնակչի շրջանում այս տարվա մայիս-հունիս ամիսներին արված հարցման արդյունքները՝ դրանք համեմատելով 2015 եւ 2017թ. հարցումների արդյունքների հետ։ Թեեւ քանակական հետազոտությունը բոլոր հարցերին չի պատասխանում, այդուհանդերձ, ստացված տեղեկությունները թույլ են տալիս գնահատել մեդիա բովանդակությունը սպառողների վարքի փոփոխությունները՝ հիմնված նրանց ընկալումների վրա։

Այս տարվա հարցման տվյալներով կրկին արձանագրվել է այն փաստը, որ նորությունները մարդիկ կարդում են ոչ թե սկզբնաղբյուրից, այլ սոցիալական ցանցերի միջոցով։ Այսպես՝ հարցվածների միայն 17 %-ն է նորությունը կարդում սկզբնաղբյուրից, 83 %-ն այն ընթերցում է սոցիալական ցանցերի միջոցով։

Տեղեկատվական կայքերից օգտվող հարցվածներին հետազոտողներն առաջարկել են նշել երեք լրատվամիջոցի անուն, որն առավել հաճախ են օգտագործում։ Արդյունքները փոխվել են 2017-ի համեմատությամբ, այստեղ իր դիրքերը բարելավել է «Ազատությունը»։

Նորությունների կայքէջ % Նորությունների կայքէջ %
2019 2017
News.am 23% News.am 32%
Azatutyun.am 13% Shamshyan.com 18%
Shamshyan.com 10% Tert.am 16%
Tert.am 9% Azatutyun.am 11%

Դիրքերի բարելավում է արձանագրել նաեւ Ինստագրամ սոցիալական ցանցը։ Ըստ հարցման արդյունքների՝ օրվա կտրվածքով Ինստագրամը եւ Ֆեյսբուքը ամենից շատ այցելվող սոցիալական ցանցերն են, համապատասխանաբար 65 % եւ 69 %։ Իսկ առհասարակ 2019-ին առավել հաճախ օգտագործվող սոցիալական ցանցերն են Յութուբը (87%) եւ Ֆեյսբուքը (83%), որոնց հաջորդում են Ինստագրամը (32%) եւ Օդնոկլասնիկին (28%)։

Հարցվածների 64 %-ն օգտվում է սոցիալական ցանցերից, 2015-ին այդ ցուցանիշը 43 % էր, 2017-ին՝ 53 %։ Սոցցանցերից օգտվելու հաճախականությունը նույնպես ուշագրավ է՝ «գրեթե միշտ», «օրը մի քանի անգամ»-ը ամենահաճախ հանդիպող պատասխաններն են այս հարցման մեջ։

Այս տարի հետազոտության մի հատված առնչվում է մեդիագրագիտությանը։

Պարզվել է, որ հարցվողների զգալի մասը չի ստուգում իր ընթերցած տեղեկատվության հավաստիությունը։ «Հաճախ համացանց օգտագործողները ստիպված են լինում նորությունը նայելու համար սեղմել հղման վրա եւ անցնել այլ էջ։ Ստուգու՞մ եք արդյոք, թե ինչ կայք է ձեզ տանում այդ հղումը» հարցին 34 %-ը տվել է «երբեք չեմ ստուգում» պատասխանը, 24 %-ը՝ «հազվադեպ եմ ստուգում», 25 %-ը՝ «երբեք չեմ սեղմում նորությունների վրա, որոնք այլ էջ են տանում», 11 %-ը՝ «հիմնականում ստուգում եմ», եւ միայն 6 %-ն է տվել «միշտ ստուգում եմ» պատասխանը։

Հետաքրքրական է, որ նրանց 23 %-ը կասկածելի տեղեկատվությունը ստուգելու համար դիմում է ծանոթներին, ընկերներին, եւ բարեկամներին եւ միայն 16 %-ն է գտնում տեղեկատվության սկզբնաղբյուրը այն ճշտելու համար։

Հետազոտությունն իրականացնողները փորձել են պարզել նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության եւ հետաքրքրվածության մակարդակը։ Ըստ գրանցված արդյունքների՝ տեղեկացվածության մակարդակն աճել է (41%  2017-ի 20%-ի փոխարեն), եւ մարդիկ ամենից շատ տեղեկացված են իշխանության ապակենտրոնացման կամ համայնքների խոշորացման մասին, թեեւ այդ բարեփոխումների արդյունավետությունը ցածր է գնահատված (24%)։ Հանրությունը ցանկանում է տեղեկանալ բարեփոխումների մասին ԶԼՄ-ներից, առաջին հերթին՝ հեռուստատեսությունից։

«Որ լրատվամիջոցն է լավագույնս լուսաբանում բարեփոխումները» հարցին պատասխանելու համար հարցվողներին խնդրել են նշել երեք լրատվամիջոցի անուն։ Ըստ արդյունքների՝ առաջատարը ինչպես 2015-ին եւ 2017-ին, այնպես էլ 2019-ին «Շանթ» հեռուստաընկերությունն է։

2019 2017
Մեդիայի անվանումը % ընդհանուրի մեջ Մեդիայի անվանումը % ընդհանուրի մեջ
Շանթ թիվի 37% Շանթ թիվի 37%
Արմենիա թիվի 21% Արմենիա թիվի 25%
Հանրային հեռուստաընկերություն 17% Հանրային հեռուստաընկերություն 11%
Ազատություն ռադիոկայան 5% Կենտրոն թիվի 8%
Արմնյուզ 4% Ազատություն ռադիոկայան 3%
News.am 3% Ա1+ 2%
Կենտրոն թիվի 3% Երկիր Մեդիա 2%
ATV 1% ATV 2%
Երկիր Մեդիա 1% News.am 2%
Այլ 8% Այլ 9%

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter