Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներից ստացված դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ:
Երեւանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներից ստացված դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության տնօրենը 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշման եւ Երեւանի քաղաքապետարանի ու ՍՊ ընկերության միջեւ 2007թ. մարտի 16-ին կնքված հանձնարարության պայմանագրի հիման վրա Երեւան քաղաքի Բուզանդի 103, 105 եւ 107 հասցեներում բնակելի շինությունների սեփականատերերի հետ 2007թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին կնքել է «Հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքից, տնօրինումից, տիրապետումից եւ օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու» վերաբերյալ պայմանագիր: Ըստ այդմ` պարտավորվել է 36 ամիսների ընթացքում կառուցել եւ սեփականատերերին տրամադրել համարժեք բնակմակերեսներ կամ այլ փոխհատուցում:
Մինչդեռ, ըստ ուսումնասիրված նյութերի, հիշյալ ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ հասցեների սեփականատերերի` շուրջ 380 809 204 դրամ գույքը 2008թ. օգոստոսի 27-ին գրավադրել է «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունում, իսկ ստացված գումարը բնակելի շինություն կառուցելու փոխարեն տնօրինել է իր հայեցողությամբ, ծախսել անձնական եւ այլ նպատակներով:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել