HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագաթնաժողով հանուն անտառների. ինչ խոչընդոտներ են արձանագրել անտառի ոլորտի պատասխանատուները

«Մեր անտառային ոլորտում տասնամյակներ շարունակ բան չի արվել, մասնագետները, եթե եկել են ոլորտում աշխատելու, հնարավորություն չեն ունեցել առաջխաղացման, ինքնիրացվելու, որպես մասնագետ իրացվելու, պետք է լինի պրակտիկա, գործողություններ, պետք էր անտառ տնկվեր»,- նշում է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:

Այսօր Ամերիկյան համալսարանում ընթանում է Հանուն անտառների գագաթնաժողովը, որի քննարկմանը մասնակցում են ոլորտի պատասխանատուները, հասակարական, միջազգային կազմակերպությունները և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ ու անհատներ: Առաջին քննարկումը նվիրված էր անտառածածկույթը պահպանելու և ավելացնելու հարցում Հայաստանի հիմնական մարտահրավերներին ու հնարավորություններին, քննարկվեցին ինստիտուցիոնալ, մարդկային և տեխնիկական ասպեկտները: 

Անտառի ոլորտի փոփոխությունների շրջանակում, ըստ փոխնախարարի, սկսելու են լայնածավալ աշխատանքներ: «Ունենալու ենք սխալներ, բայց գործընթացներ են լինելու, համապատսխան ծրագրեր են մշակվելու, իրազեկում է արվելու՝ ոլորտը հրապուրիչ դարձնելու, որ գան մասնագետներն, աշխատեն»,- ասում է նա:

Հրապուրիչ դարձնելու համատեքստում Վարդան Մելիքյանը նշում է, որ «Հայանտառում» վերջին անգամ  2011-ին էր աշխատավարձ բարձրացրել, իսկ աշխատակիցները համազգեստ առհասարակ չեն ունեցել, պետությունը չէր ապահովում մասնագիտական վերապատրաստումը, մինչդեռ անտառի աշխատակիցները պարբերաբար պետք է վերապատրաստվեն: Անտառի աշխատակազմը տեխնիկական հագեցվածություն ևս չի ունեցել:

«Երեկ պատմության մեջ առաջին անգամ համազգեստ էինք բաժանում, սա տոն էր: Բայց մենք տարեկան առնվազն երկու անգամ պետք է համազգեստ տանք, և դա պետք է լինի նորմալ: Տեխնիկական միջոցներ պետք է տանք, վերապատրաստենք»,- շեշտում է Վ. Մելիքյանը:

Այս տարի 20 հազար դրամով բարձրացվել է անտառապետերի և անտառապահերի աշխատավարձերը, մինչդեռ անտառապահերի աշխատավարձերը սկսվում էր 60 հազար դրամից: Փոխնախարարը նշում է, որ այդ գումարով հազարավոր հեկտար հսկող անտառապահը պետք է նաև հոգար իր ամենօրյա հագուստի ծախսերը: «Սա նորմալ չէ և սա փոխվում է,- վստահեցնում է նա: -Այս քայլերով մենք պետք է ոլորտը դարձնենք հրապուրիչ, որ գյուղի երիտասարդները բանակից վերադառնալիս, տեսնելով, որ անտառտնտեսությունում հետաքրքիր գործեր կան` կարելի է ծառեր տնկել, կարելի է էկոտուրիզմ զարգացնել, պատմամշակութային ծրագրեր անել, գա ու աշխատի»:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը միաժամանակ շեշտում է անտառների կարևորությունը` հատկապես, որ վերջին տարիներին տեղումները պակասել են 10 տոկոսով, և պոտենցիալ ռիսկեր կան ջրհեղեղների և սելավների հետ կապված, մինչդեռ անտառներն այս վտանգներն ու ռիսկերը նվազեցնելու կարևոր դերակատարություն ունեն:

Քննարկման մեկ այլ մասնակից` ՄԱԶԾ ծրագրերի տեխնիկական առաջադրանքների ղեկավար Հովիկ Սայադյանն, անդրադարձավ Հայաստանի անտառային ոլորտի բացերին:

Նա նշեց, որ Խորհրդային Հայաստանը չուներ անտառագիտական բարձրագույն և անտառշինական դպրոց, ամենը կենտրոնացված էր Մոսկվայում և Վրաստանում, և անտառները հաշվառվում ու դրանց կառավարման պլանները կազմվում էին ոչ Հայաստանում: Խորհրդային ժամանակներում չեն ստեղծվել այն անտառային ինստիտուտերը, որոնք կարող էին տեղեկատվական բազա ստեղծել այսօրվա համար: Եվ հիմա, թեկուզ նշվում է 11,2 % անտառածածկ տարածքի մասին, այդուհանդերձ, կասկածելի աղբյուրների վրա է կառուցված այդ թիվը: «Հիմա պարզ չէ` ինչպիսի վիճակում ենք,- ասում է նա: -Մենք չունենք անտառային տնտեսության կառավարման անհրաժեշտ ինստիտուտները` անտառկառավարման, անտառշինական ինստիտուտները»:

Հովիկ Սայադյանը նաև հավելում է, որ անտառագիտական կրթությունը նույնպես բաց է, մինչդեռ անտառագիտական հետազոտական աշխատանքները կարող են լրացնել բացերը և առաջ տանել անտառային ոլորտը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանն ասում է, որ ապօրինի հատումները նվազել են, բայց քանի որ ազգաբնակչությունը էներգիայի այդ աղբյուրից է օգտվում, դեռ խնդիրը մնում է:

Ապօրինի հատումները կանխելու և անտառի պահպանությունն իրականացնելու համար նոր տեխնոլոգիաներ են ներդրվում, ապօրինի հատումներն ահազանգող սենսորներ են տեղադրվում անտառներում:

Անտառտնկման աշխատանքների համար տարածքների ճիշտ ընտրություն պետք է կատարվի` ճիշտ կազմեր տնկելու համար: Միևնույն ժամանակ, ըստ պատոնակատարի, հատման համար ևս պետք է ճիշտ տեղեր ընտրել:

«Անտառյաին պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը պատմեց, որ անտառների մոնիտորինգի համար սկսել են օգտագործել այլ համակարգեր, որը փոխել է մարդկային ռեսուրսների ու կարողությունների, ինչպես նաև մոնիտորինգի ձևաչափը:  ՊՈԱԿ-ը փոքր կենտրոն է, ունի 12 մասնագետ, կատարվում է հեռահար զոնդավորում, սկզբնական կատարվում են անտառածածկի փոփոխության դիտարկումները, հետո տեղում են ուսումնասիրում փոփոխությունները, ֆիքսում են փոփոխությունները, մասնավորապես, թե ինչն է իրականում փոփոխության պատճառը` քամատապալները, ապօրինի հատումները, հատատեղերի ընտրությունը, սանիտարական հատումները և այլն: Ունենում են խնդիրներ, երբ շեղումներ են լինում: Իրենց դիտարկումների արդյունքում փորձում են «Հայանտառին» դնել ճիշտ ուղու վրա, որ հատումները կատարվեն ըստ պլանի կամ ավելի հարմար տեղում հատատեղ տրամադրվի:

Այն ժամանակ, երբ չճշգրտված սահմանների խնդիր է առաջանում, որը, իրապես, ըստ բանախոսի, հաճախ դժվարություն է ստեղծում, օգտվում են արբանյակային պատկերներից, իսկ վերջին շրջանում փորձում են որակյալ պատկերներ ունենալ, որպեսզի այդ բացը ինչ-որ ձևով տեսքի բերեն:

Մոնիտորինգի կենտրոնը նույնիսկ 2018-ին Հայաստանի անտառային տարածքի հաշվարկներ է կատարել, բայց քանի որ համոզված չեն դրա 100 ճշգրտության վրա, որովհետև օգտագործված գործիքներն այնքան էլ որակյալ չեն, այդ տվյալները չեն հրապարակում: Մյուս տարվա ընթացքում այդ և մի շարք ուրիշ խնդիրներ փորձելու են լուծում գտնել:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենսաբազմազանության վերահսկողության վարչության Բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանն անդրադարձավ իրենց ոլորտի խոչընդոտներին: Նա նշեց, որ աշխատաժամերի տևողությունը մինչև աշխատանքային օրվա ավարտն իրենց աշխատակիցներին հաճախ սահմանափակում է կատարել իրենց պարտականությունը, ինչի համար արդեն իսկ օրենսդրական առաջարկություն են ներկայացնել, որպեսզի 24-ժամյա տեսչական գործունեություն իրականացնել կարողանան: Տարածքային բաժինները տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կարող են այլ ժամերի ևս ստուգման ուղարկել տեսուչներին, սակայն, 24-ժամյա ռեժիմն օրենքով ամրագրելն, ըստ բաժնի պետի, առավել արդյունավետ կդարձնի տեսուչների աշխատանքը:

Վարդան Մելիքյանն այստեղ ավելացրեց, որ անտառահատումներն ու այլ խախտումները հիմնականում ոչ աշխատանքային ժամերին և օրերին են լինում: Դրա համար օրենսդրական այս փոփոխության նախաձեռնությունն իրապես կարևոր էր:

Միքայել Սանթրոսյանն ասում է, որ փայտանյութի տեղափոխման վերահսկողության համար համագործակցում են իրավապահ համակարգի հետ, և դա առավել արդյունավետ է դարձնում անտառի պահպանությունը, իսկ այդ համագործակցության ընթացքում կոռուպցիոն ռիսկերը նվազում են, քանի որ գերատեսչության աշխատակիցներն իրարից կաշկանդվածություն են ունենում:

Մասնագիտացումը` պահանջարկի և առաջարկի տիրույթում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միակն է Հայաստանում, որ մասնագիտական ամբիոն ունի և պատրաստում է անտառային տնտեսության մասնագետներ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն անդրադարձավ կրթական և գիտահետազոտական ոլորտին:

Նա նշեց, որ խնդիրների լուծման հնարավորությունը կրթության և գիտության հարթությունում է, ինչպես նաև գործընկերությունն է: «Կրթական, գիտական ասպարեզում մարտահրավերները եռապատկվում և քառապատկվում են: Բայց արդյոք կրթական և գիտական հաստատություններն ունեն կարողություններ, լաբորատորիաներ, արդի բովանդակություն, որպեսզի կարողանան դիմակայել մարտահրավերներին»,- հարցադրում արեց ռեկտորը:

Որպես տնտեսագետ՝ համադրեց առաջարկն ու պահանջարկը, ինչպես նաև շրջանավարտների վերաբերյալ վիճակագրությունը: Ըստ դրա` անցյալ տարի անտառագիտության գծով մեկ շրջանավարտ է եղել, 2018-ին` շրջանավարտ չի եղել: Համալսարանի կարիերայի կենտրոնի վերլուծած տվյալները վկայում են, որ 40 շրջանավարտից միայն 6 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ:

Այն շրջանավարտները, որոնք չեն աշխատում իրենց մասնագիտությամբ, փնտրել են և չեն գտել աշխատանք, կամ աշխատավարձը շատ ցածր է եղել, չեն համաձայնել աշխատել այդ ոլորտում: Մինչդեռ ուրախալի է, որ շրջանավարտների 70 տոկոսն ուզում է աշխատել իր մասնագիտությամբ: Պատճառը նաև չափազանց ցածր աշխատավարձն է. սկսնակների աշխատավարձը սկսում է 60 հազար դրամից, հետո ավելանում և հասնում է 150 հազար դրամի:

«Մենք բավականին աշխատանք ունենք, որպեսզի բարձրացնենք անտառագետի գրավչությունը, մրցունակությունը և ուղղորդենք մեր երիտասարդ սերնդին, որ նա կարող է արժանապատիվ աշխատավարձ ստանալ»,- նշում է Վարդան Ուռուտյանը:

Նա կրկին հաշվարկներով է առաջնորդվում և նշում, որ հնարավոր չէ 440 հազար դրամով, որը վճարում է ուսանողը որպես ուսման վարձ, պատրաստել բարձր անտառագետի: Բարձրակարգ մասնագետ պատրաստելու համար պետք է առնվազն 3 անգամ, եթե ոչ 5 անգամ ավելին ծախսել այդ մասնագետին մրցունակ դարձնելու համար: Ըստ այդմ, 4000-5000 դոլար պետք է ծախսել մեկ ուսանողի վրա:

Բացի դրանից, բուհը պետք է ունենա ժամանակակից լաբորատորիաներ: «Մենք միկրոսկոպ չունենք, իսկ իրենք կարողանում են ԴՆԹ-ի միջոցով հասկանալ բնափայտը: Մենք այս ոլորտում պետք է ճկուն, նորարար մեխանիզմենր ստեղծենք, էլի ուսանողը թող վճարի 400 հազար դրամ, բայց մենք պետք է կարողանանք 4000 դոլարը ձեռք բերել նրանց համար, պետք է այլ ֆինանսական մեխանիզմներ ներգրավենք, որպեսզի այդ մասնագետներին պատրաստենք»,- ասում է Ագրարային համալսարանի ռեկտորը:

Ռեկտորը նշեց, որ արդեն իսկ միջոցներ են ձեռնարկել` անտառագիտության ուսուցման քառամյա ծրագրում ներդրել են ուսումնական պրակտիկա, և ուսանողը մեկ կիսամյակ աշխատանքային պրակտիկա է անցնելու համապատասխան հաստատություններում:

Բացի դրանից, բուհին կից տնկարան են ստեղծելու, որի ողջ պրոցեսին մասնակցելու են ուսանողները: Սակայն դեռևս պետք է աշխատեն լաբորատոր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, բովանդակության թարմացման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter