
Գևորգ Պետրոսյան. «Ո՞ւմ են հարցրել, որ գրչի մի հարվածով լուծարում են այդ գիշերօթիկները»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձավ գիշերօթիկ հաստատությունների լուծարման վերաբերյալ կառավարության որոշմանը:
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի խնդրի վրա, որը վերջին շրջանում հուզում է բոլորին` գիշերօթիկները լուծարելու որոշմանը: Փորձելով անմեղության կանխավարկածով մոտենալ այդ ծրագրի հեղինակների նպատակներին, միևնույն է կարծում եմ, որ գոնե բարոյական տեսանկյունից պարտավոր են ժողովրդին ասել, թե լուծարման դեպքում ինչ է սպասվում այդ երեխաներին, ինչպես է կազմակերպվելու նրանց խնամքը, և ով է այն մոլորյալը, որ մտածում է գիշերօթիկը միայն գիշերը մնալու տեղ է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորի համոզմամբ` հայ ազգի շատ արժանավոր ներկայացուցիչներ գիշերօթիկների, մանկատան սաներ են, այնտեղ մարդը կրթվում է, դառնում հասարակության լիարժեք անդամ:
«Ո՞ւմ են հարցրել, որ գրչի մի հարվածով լուծարում են այդ գիշերօթիկները: Գյումրու թիվ մեկ գիշերօթիկից ստացել ենք ահազանգեր, այնտեղ ապրում է երկկողմանի ծնողազուրկ, որի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ»:
Պատգամավորը կոչ արեց մի կողմ դնել քաղաքական պատկանելության հարցը և համատեղ ուժերով քննարկել հարցի լուծումը:
Մեկնաբանել