HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիս-Հարավի գործով Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու որոշումը նույնպես բողոքարկվել է

Դատախազությունը բողոքարկել է «Մուլտի գրուպ» ընկերության նախկին սեփականատեր Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին: Այս գործով մեկ դատական նիստ է տեղի ունեցել, որը հետաձգվել է:

Բողոքարկվել է նաև «Հյուսիս-Հարավի» գործով մեղադրյալ Սուրեն Ավագյանին գրավի դիմաց ազատելու որոշումը: Այս բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին: Դատավորը մերժել է դատախազության բողոքը, այսինքն՝ Սուրեն Ավագյանը կշարունակի ազատության մեջ մնալ:

Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ դատարանը քննել և որոշում է կայացրել նաև գործով մեկ այլ մեղադրյալ՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ, մասնավորապես՝ դատարանը որոշել է բավարարել նրան գրավի դիմաց ազատ արձակելու դեմ որոշման դատախազության բողոքը: Նախկին նախարարը կալանավորվել է:


«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մոտ մեկ ամիս առաջ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Նույն ժամանակ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» գործով մյուս երկու մեղադրյալների՝  տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի նկատմամբ թույլատրելի էր ճանաչվել 10 մլն դրամ գրավի կիրառումը:

Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի հարցն առաջին ատյանի դատարանում քննել է դատավոր Արտակ Թադևոսյանը, Գուրգեն Սարգսյանի գործը դատավոր Արման Հովհաննիսյանի վարույթում է եղել, իսկ Սուրեն Ավագյանի խափանման միջոցի գործը դատավոր Հարություն Մանուկյանն է քննել:

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը փողերի լվացման, խոշոր չափով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ այդ հանցավոր արարքների կատարումը կազմակերպելու մասին է:

Ըստ Քննչական կոմտեի տարածած հաղորդագրության՝ «Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով  կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter