HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև

Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՉՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) գլխավորությամբ Պրահայում անցկացվեցին Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ:

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-չեխական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով երկկողմ, բազմակողմ և ԵՄ ձևաչափերում հարաբերությունների զարգացման դինամիկային և ակնկալվող զարգացումներին՝ միաժամանակ վերահաստատելով հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ ցանկությունն ու հանձնառությունը։

Կողմերը գոհունակությամբ նշեցին միջազգային հարթակներում համագործակցության փորձը՝ երկուստեք ընդգծելով միջազգային կազմակերպություններում կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Հայաստանի և Չեխիայի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի շրջանակներում։ Հայկական կողմը բարձր գնահատեց միջազգային հարթակներում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Չեխիայի հավասարակշռված դիրքորոշման դրսևորումը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկեցին Հայաստան-ԵՄ օրակարգը, Արևելյան գործընկերության ձեռքբերումները, ներկայիս վիճակը և այդ ձևաչափում երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կարևորությունը Հայաստանի համար, խոսեց Հայաստանի զարգացման օրակարգից, անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ներգրավվածությանը: Այդ համատեքստում Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, երկրում տեղի ունեցող բարեփոխումների ներկայիս ընթացքը և այդ օրակարգում ԵՄ անդամ գործընկերների և միջազգային կառույցների հետ համագործակցության կարևորությունը, որը ստացավ նաև չեխական կողմի դրական արձագանքը։

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության այլ հարցերի, մասնավորապես՝ Կովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջաններում իրադարձությունների զարգացմանը։ Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարևորելով հարցի առնչությամբ ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին լիակատար աջակցությունը:

ՉՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Չեխիայի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները, խոսեց Վիշեգրադյան քառյակում ներկայիս և 2022թ․ ԵՄ-ում Չեխիայի նախագահությունների առաջնահերթություններից, ինչպես նաև ներկայացրեց չեխական կողմի դիրքորոշումը եվրոպական և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող հարցերի առնչությամբ՝ անդրադառնալով նաև Մերձավոր Արևելքում առկա իրադրությանը։

Խորհրդակցությունների ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և ՉՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը:

Նույն օրը Չեխիայի նախագահի նստավայրում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց ՉՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Ռուդոլֆ Յինդրակը (Rudolf Jindrák): 

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում ունեցավ նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նորանշանակ նախագահ՝ Օնդրժեյ Վեսելիի (Ondřej Veselý) հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։