HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող 4 ընկերությունների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ստորեւ ներկայացնում ենք բացը նամակի տեքստը.

«Նախկին վարչակազմի կողմից տարիներ առաջ հիմվել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն (ԷԿԵՆԳ), որը Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգողն է: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարության աշխատակազմին:

Այս ՓԲԸ-ն ՀՀ կառավարության կողմից նշանակվել է govtravel.am ինտերնետային կայքում ինտեգրված ամրագրումների գլոբալ դիստրիբյուտիվ համակարգի օպերատոր, ինչպես նաև` համակարգի միջոցով ավիատոմսերի, հյուրանոցների և հարակից ծառայությունների ամրագրումների դուրս գրման գործակալություն: Բացի այդ, govtravel.am ինտերնետային կայքը հանդիսանում է ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուրը, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրը համակարգը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավել ժամանակահատվածի ընթացքում: Նման իրավիճակում թույլատրվում է ավիատոմսերի գնում կատարել անմիջապես ավիափոխադրողի ինտերնետային կայքից:

Տարիների ընթացքում պարզ դարձավ, որ վերը նշված համակարգը բացարձակապես դուրս է մրցակցությունցի և վերահսկողությունից: Որևէ երաշխիք չկա, որ այն տրամադրում է ամենահարմար երթուղին ամենամրցակցային սակագնով: Որքան մեզ հայտնի է, ԷԿԵՆԳ համակարգը նաև ենթադրում է 5 (հինգ) տոկոս հավելավճար ցանակացած դուրս գրված ավիատոմսի համար, որը ևս միանգամայն անհասկանալի է: Նաև նշենք, որ հաճախ այս համակարգով դուրս գրվող տոմսերն ավելի թանկ են, քան կարող են տրամադրել ճամփորդական գործակալությունները:

Բացի այդ, այս մեխանիզմը զուրկ է տնտեսական տրամաբանությունից: Շուկայական հարաբերությունները ենթադրում են «խաղի կանոնների» մշակում պետության կողմից, իսկ տնտեսական գործունեությունն իրականացնում են մասնավոր ընկերությունները: Նույն տրամաբանությամբ պետությունը կարող է պարտադրել օգտվել սննդամթերքի կամ հագուստի կոնկրետ խանութից: Մեր խորին համոզմամբ առավել արդյունավետ է աշխատում այն մոդելը, որը հնարավորություն է տալիս պետական (և ոչ միայն պետական) մարմիններին անցկացնել մրցույթներ և հաղթող գործակալության հետ կնքել համագործակցության պայմանագիր: Այս մոդելը գործում է ամբողջ դեմոկրատական աշխարհում և իրեն լիովին արդարացրել է:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այս համակարգի շրջանակներում օգտագործվող տոմսերի մեծ մասը դուրս է գրվում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, որի հետևանքով Հայաստանում որևէ հարկ չի վճարվում:

Երկար տարիների մեր հաջող փորձառությունն այս շուկայում թույլ է տալիս ասել, որ ավիատոմսերի ձեռքբերման համար պետք է հայտարարվի մրցույթ մասնավոր հատվածի մասնակցությամբ: Ընդ որում, մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանները պետք է լինեն՝

  • Անդամակցությունը IATA-ին (International Air Transport Association);
  • Ֆինասական կայունությունը ապացուցող փաստաթղթի առկայությունը;
  • 5 տարվա աշխատանքային դրական փորձը;
  • 24/7 սպասարկում;
  • Աշխատանքային ուղիղ պայմանագրեր միջազգային ավիաընկերությունների հետ:

Մրցույթների անցկացման նոր համակարգը պետք է լինի մաքսիմալ բաց, որը կբացառի որևէ այլ մենաշնորհային սպասարկման գրասենյակի առաջացումը: Պետական վերահսկողությունը պետք է ուղղված լինի սրան: Իսկ առողջ շուկայական մրցակցությունը ինքնին պետք է բացառի որևէ ստվերային գործարք:

Այսօր, երբ մեր երկիրը ոտք է դրել տնտեսական հեղափախության ճանապարհին, բացարձակապես անընդունելի է պահել լիակատար մենաշնորհային մի մարմին, որն, ինչպես արդեն նշեցինք վերևում, դուրս է որևէ վերահսկողությունից և մրցակցությունից: Ուստի ցանկանում ենք Ձեր և պատկան մարմինների ուշադրությունը կրկին անգամ սևեռել այս կարևոր խնդրի վրա: Եթե լրացուցիչ տեղեկության կարիք կա, ապա սիրով կտրամադրենք և միաժամանակ կպատասխանենք բոլոր առնչվող հարցերին »:

ԼԵՎՈՆ ԹՐԱՎԸԼ- Կարպիս Թիթիզյան

ԱՐՄԵՆԻԱ ԹՐԱՎԵԼ + Մ - Մարինա Կպրյան

ՍՊՈՒՏՆԻԿ - Սուրեն Հակոբյան

ՎԻԶԱ ԿՈՆԿՈՐԴ- Արթուր Բաբայան

21 հոկտեմբերի 2019 թ., Երևան

Մեկնաբանություններ (3)

Անուշ
Այս թեմայի շուրջ կարող եմ շատ բան ասել,բայց կասեմ մի քանի բան:Ես ինքս հանդիսացել եմ Էկենգ ՓԲԸ-ի ավիատոմսերի բաժնի փորձագետ 2016 թ-ից: Ծավալուն աշխատանք կատարվեց մեր թիմի շնորհիվ պրոյեկտը կյանքի կոչելու համար:Ավիատոմսերը ձեռք էր բերվում հնարավոր մատչելի արժեքներով: Սակայն ցավոք սրտի եկավ 2017-ին այլ ղեկավարություն և որոշվեց ամեն ինչ հավասարեցնել բառիս ամենալայն իմաստով 0-ի: Մարդիք ,որոնք ոչ մի բան չգիտեյն ավիաընկերություններից և ընդանրապես ավիատոմսերի դուրս գրման և մնացած այլ գործընթացից: Տեղյակ չէին ինչի համար էր ստեղծվել Govtravel.am հարթակը և ինչի դեմ ենք պայքարել: Պայմանագիր կնքենցին Tickets.am հարթակի հետ ,որտեղ ավիատոմսերի արժեքները բավականին թանկ էին և մեծ տարբերություն կար այն համակարգի արժեքների հետ,որի միջոցով Govtravel-@ աշխատում էր: ԵՍ և իմ կոլեգան պայքարեցինք ,սակայն ոչ մի արդյունք ,փոխարենը 2018-ին ազատեցին մեզ աշխատանքից,մեկնաբանելով՝ մեզ չեն վստահում : Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:
Իննա
2018 թ ինձ հեռացրեցին աշխատանքից: Աշխատում էի ԷԿԵՆԳ ՓԲԸ որպես ավիատոմսերի բաժնի փորձագետ, վերոնշյալ պրոեկտի առաջին օրվանից 2016թ-ից: Երբ 2017 թ-ին փոխվեց ԷԿԵՆԳԻ ղեկավարությունը, հայտնվեցին մեկը մյուսի ետևից մի շարք ագահ և ոլորտից անտեղյակ մարդիկ: Սկսվեց Govtravel հարթակի փոփոխության գործընթացը: Կնքվեց պայմանագիր tickets.am-ի հետ, որի հարթակում ավիատոմսերի արժեքի գինը ռեկորդային բարձր էր շուկայականից: Երբ ես և կոլեգաս սկսեցինք ահազանգել այդ մասին ղեկավարներին մեզ պարզապես հեռացրեցին աշխատանխից ամենաստոր ձևով, ասել է թե անվստահություն, 3 աշխատակից մեկ շաբաթում և դա միայն ամրագրումների բաժնից...
Գոհար
Զբոսաշրջության զարգացման ակունքներում կանգնած հարգելի գործընկերների, ուրախ եմ ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի, ազնվության ու մեծ հայրենասիրության համար: երանի ձեր խոսքին ականջալուր լինեն բոլոր պատկան մարմինները: Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter