Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ավիատոմսերի վաճառքով զբաղվող 4 ընկերությունների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ստորեւ ներկայացնում ենք բացը նամակի տեքստը.
«Նախկին վարչակազմի կողմից տարիներ առաջ հիմվել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն (ԷԿԵՆԳ), որը Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգողն է: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարության աշխատակազմին:
Այս ՓԲԸ-ն ՀՀ կառավարության կողմից նշանակվել է govtravel.am ինտերնետային կայքում ինտեգրված ամրագրումների գլոբալ դիստրիբյուտիվ համակարգի օպերատոր, ինչպես նաև` համակարգի միջոցով ավիատոմսերի, հյուրանոցների և հարակից ծառայությունների ամրագրումների դուրս գրման գործակալություն: Բացի այդ, govtravel.am ինտերնետային կայքը հանդիսանում է ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուրը, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրը համակարգը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավել ժամանակահատվածի ընթացքում: Նման իրավիճակում թույլատրվում է ավիատոմսերի գնում կատարել անմիջապես ավիափոխադրողի ինտերնետային կայքից:
Տարիների ընթացքում պարզ դարձավ, որ վերը նշված համակարգը բացարձակապես դուրս է մրցակցությունցի և վերահսկողությունից: Որևէ երաշխիք չկա, որ այն տրամադրում է ամենահարմար երթուղին ամենամրցակցային սակագնով: Որքան մեզ հայտնի է, ԷԿԵՆԳ համակարգը նաև ենթադրում է 5 (հինգ) տոկոս հավելավճար ցանակացած դուրս գրված ավիատոմսի համար, որը ևս միանգամայն անհասկանալի է: Նաև նշենք, որ հաճախ այս համակարգով դուրս գրվող տոմսերն ավելի թանկ են, քան կարող են տրամադրել ճամփորդական գործակալությունները:
Բացի այդ, այս մեխանիզմը զուրկ է տնտեսական տրամաբանությունից: Շուկայական հարաբերությունները ենթադրում են «խաղի կանոնների» մշակում պետության կողմից, իսկ տնտեսական գործունեությունն իրականացնում են մասնավոր ընկերությունները: Նույն տրամաբանությամբ պետությունը կարող է պարտադրել օգտվել սննդամթերքի կամ հագուստի կոնկրետ խանութից: Մեր խորին համոզմամբ առավել արդյունավետ է աշխատում այն մոդելը, որը հնարավորություն է տալիս պետական (և ոչ միայն պետական) մարմիններին անցկացնել մրցույթներ և հաղթող գործակալության հետ կնքել համագործակցության պայմանագիր: Այս մոդելը գործում է ամբողջ դեմոկրատական աշխարհում և իրեն լիովին արդարացրել է:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այս համակարգի շրջանակներում օգտագործվող տոմսերի մեծ մասը դուրս է գրվում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, որի հետևանքով Հայաստանում որևէ հարկ չի վճարվում:
Երկար տարիների մեր հաջող փորձառությունն այս շուկայում թույլ է տալիս ասել, որ ավիատոմսերի ձեռքբերման համար պետք է հայտարարվի մրցույթ մասնավոր հատվածի մասնակցությամբ: Ընդ որում, մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանները պետք է լինեն՝
- Անդամակցությունը IATA-ին (International Air Transport Association);
- Ֆինասական կայունությունը ապացուցող փաստաթղթի առկայությունը;
- 5 տարվա աշխատանքային դրական փորձը;
- 24/7 սպասարկում;
- Աշխատանքային ուղիղ պայմանագրեր միջազգային ավիաընկերությունների հետ:
Մրցույթների անցկացման նոր համակարգը պետք է լինի մաքսիմալ բաց, որը կբացառի որևէ այլ մենաշնորհային սպասարկման գրասենյակի առաջացումը: Պետական վերահսկողությունը պետք է ուղղված լինի սրան: Իսկ առողջ շուկայական մրցակցությունը ինքնին պետք է բացառի որևէ ստվերային գործարք:
Այսօր, երբ մեր երկիրը ոտք է դրել տնտեսական հեղափախության ճանապարհին, բացարձակապես անընդունելի է պահել լիակատար մենաշնորհային մի մարմին, որն, ինչպես արդեն նշեցինք վերևում, դուրս է որևէ վերահսկողությունից և մրցակցությունից: Ուստի ցանկանում ենք Ձեր և պատկան մարմինների ուշադրությունը կրկին անգամ սևեռել այս կարևոր խնդրի վրա: Եթե լրացուցիչ տեղեկության կարիք կա, ապա սիրով կտրամադրենք և միաժամանակ կպատասխանենք բոլոր առնչվող հարցերին »:
ԼԵՎՈՆ ԹՐԱՎԸԼ- Կարպիս Թիթիզյան
ԱՐՄԵՆԻԱ ԹՐԱՎԵԼ + Մ - Մարինա Կպրյան
ՍՊՈՒՏՆԻԿ - Սուրեն Հակոբյան
ՎԻԶԱ ԿՈՆԿՈՐԴ- Արթուր Բաբայան
21 հոկտեմբերի 2019 թ., Երևան
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել