HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը նախաձեռնել են աշխատանքային իրավունքների պաշտպանության զարգացմանն ուղղված ծրագիր

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկային միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծրագիրն իրականացնում է Հայաստանում Բուլղարայի դեսպանատան աջակցությամբ։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում կարևորել է Բուլղարիայի դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն ծրագրային ուղղությունները, որոնցով նախատեսվում է համագործակցություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աշխատանքային իրավունքների իրազեկման աշխատանքներ, մասնավորապես՝ հասարակության շրջանում ուղեցույցների, տեղեկատվական թերթիկների տարածում, տեսանյութերի պատրաստում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում։

ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ծրագիրը, որն ուղղված էր սպառողների իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ նոր ծրագիրը դրական արդյունք կունենա աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում։

Մարդու իրավունքների պաշտպանը այս ոլորտում կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ու լրագրողների հետ համատեղ աշխատանքը դրական արդյունքի հասնելու համար:

Միջոցառման ժամանակ Պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման արդյունքում վեր հանված համակարգային խնդիրները։

Համատեղ իրականացվող ծրագրի ընթացքում Պաշտպանը հանդես կգա նաև արտահերթ զեկույցով, որտեղ  կամփոփվի  աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական և գործնական խնդիրները, ինչպես նաև կներկայացնի համապատասխան առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter