HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքան կավելանա Հայաստանի անտառածածկ տարածքը, եթե տնկվի 10 մլն ծառը. շրջակա միջավայրի փոխնախարարը մանրամասներ է պատմում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը պատասխանել է «Հետք»-ի հարցերին վարչապետի 10 մլն ծառ տնկելու հայտարարության վերաբերյալ:

-Պրն. Մելիքյան, արդեն հայտնի է` ի՞նչ տարածքներ են հատկացվելու 10 մլն ծառ տնկելու համար: 

-Դրանք հիմնականում տնկվելու են ոչ անտառածածկ անտառային հողերում, որոնք պետական սեփականություն են և գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո: Խոսքը մոտավորապես 3000-3300 հա տարածքի մասին է: Մենք այդ հողերն ունենք: Այդ հողերն ամբողջ Հայաստանով են` բացի Արմավիրի և Արարատի մարզերից, մնացած բոլոր մարզերում կան անտառային հողեր, որոնք տարբեր չափի են, բայց կան:

Հիմա քարտեզագրում է կատարվում ավելի մանրամասն, կոնկրետ կընտրենք հենց այդ 3300 հա-ն, որովհետև ավելի շատ են այդ հողերը: Հիմնականում դրանք պետք է լինեն ավելի լավ պայմաններ ունեցող տարածքները:

Որոշվա՞ծ է` ինչ տնկիներ են լինելու այդ տարածքներում:

Տնկման համար նախ պետք է նախագիծ կազմվի: Այսինքն` հենց տարածքները տրվեն, նախագիծը կկազմվի, որտեղ ներգրավված կլինեն տնկիների մասին տեղեկությունները: Պետք է լինեն միայն տեղական անտառային տեսակներ:

Որտեղի՞ց պետք է ձեռք բերվեն դրանք:

Մենք չունենք 10 մլն տնկի Հայաստանում: Նախնական մինչև 2 մլն ունենք; Հիմա մենք դիմում ենք մեր գործընկեր երկրներին` Բելառուսին, Ռուսաստանին, Ղազախստանին, Վրաստանին և Իրանին: Բելառուսի պարագայում բանավոր խոսել ենք, տնկիների այն ցուցակը, որ մեզ անհրաժեշտ է, կուղարկենք, իրենցից տեղեկություններ ենք ակնկալում, թե ինչ ունեն: Մի մասը կգնվի, մի մասը, օրինակ, նույն Բելառուսի հետ 2011թ.-ից կա համաձայնություն 1 մլն ծառ տնկելու վերաբերյալ, 100 հազար էլ արդեն բերվել և տնկվել է Սևան ազգային պարկի տարածքում: Նաև անվճար ենք տնկիներ ստանալու:

Ո՞վ է տնկելու և ո՞վ է խնամելու նոր տնկիները:

Նպատակն այն է, որ տնկումը լինի հնարավորինս մասսայական: Այսինքն` սա զուտ տնկման կամ անտառ հիմնելու ծրագիր չպետք է լինի, այլ իրազեկում, մարդկանց կրթելու, որ հասկանան` անտառն ինչ է, ինչպես է տնկվում: Անընդհատ խոսում են, թե ինչպես է ջրվելու, կտեսնեն, որ չի ջրվելու, անտառը ջրելով չեն հիմնում, հատկապես եթե դա անապատում կամ չորային պայմաններում չէ: Այսինքն` չենք ջրելու: Մարդիկ դա էլ պետք է հասկանան, որ այգում ծառ տնկելը և անտառ հիմնելը տարբեր բաներ են:

Նաև ուզում ենք տարբեր փորձնական բաներ անել: Օրինակ` Հայաստանում հեկտարին 3000 տնկի է տնկվում, բայց կարող ենք որոշ տարածքներում 1000 տնկել կամ 3000-ից շատ: 10 մլն-ի մեջ 100 հա-ն կտրամադրենք այլընտրանքային մեթոդներով աշխատելուն: Ուսանողներին անպայման կհրավիրենք, որ իրենց համար գիտական աշխատանք լինի, որի հիման վրա եզրակացություններ կտան` ինչն աշխատեց, ինչը` ոչ: Սա նաև հնարավորություն կտա հասկանալու, թե ներդրման դիմաց որն է ավելի լավ աշխատում, որը հետագայում անտառածածկ տարածքները կրկնապատելու համար հիմնավոր ու փորձված մոտեցում կդառնա:

Խնամք նախատեսվելու է: Տնկելուց հետո խնամվելու են «Հայանտառի» կողմից: Առնվազն հինգ տարի խնամվելու են:

«Հայանտառ»-ն ունի՞ այդքան պոտենցիալ և աշխատակիցներ:

«Հայանտառ»-ի աշխատակիցներն իրենց աշխատանքը չեն թողնելու դրանով զբաղվեն: Դրա համար լրացուցիչ աշխատատեղեր են ներգրավվելու: Վարչապետը նշեց, որ 424 մլն դրամ է կառավարությունը հատկացրել այդ աշխատանքների համար, հիմա լրացուցիչ սեզոնային աշխատողներ կան: Սա նաև շատ լավ է, որովհետև երեկ խոսում էինք, որ ապօրինիությունների մոտիվացիան մարդկանց չարակամությունը չէ, այլ սոցիալական վիճակը: Այս աշխատանքները նաև լրացուցիչ եկամուտ կապահովեն հատկապես գյուղական համայնքներում:

Ինչպե՞ս է բաշխվելու 424 մլն դրամը, դա տնկիների ձեռքբերմա՞ն համար է, թե՞ աշխատանքների:

«Հայանտառ»-ն ունի տնկիներ, դա տնկիների համար չէ: Դրա մեջ մտնում է 150 հա անտառի տնկում, ներառյալ 10 հա ցանքսի միջոցով և 400 ու 200 հա կոճղաշիվային անտառի խնամք և հանքայնացում:

Հայաստանի անտառածածկ տարածքը 10 մլն ծառ տնկելուց հետո որքանո՞վ կավելանա:

«Հայանտառ»-ի ունեցածին կավելանա 1 տոկոսով:

Լուսանկարը՝ Վարդան Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter