
Ինչո՞ւ է քննչականի պետը նախաքննական գաղտնիք հրապարակում
«Հետքը» երկու օր առաջ հրապարակեց «Կազմակերպված սպանությո՞ւն. սենսացիոն բացահայտումներ «Արայի» «ինքնասպան» եղած սեփականատիրոջ գործով» հոդվածը եւ հրապարակեց Արմեն Պետրոսյանի քրոջ «Հետքին» տված տեսագրությունը:
Տեսագրությունում «Արայ» ընկերության սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյանա Չադենկովայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցությունն է: Վերապատմելով այդ խոսակցության որոշ դրվագները՝ «Հետքը» եզրակացրել էր, որ զրուցակիցներն ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին:
Այսօր գործով զբաղվող քննիչը հոդվածի առնչությամբ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանից բացատրություն է վերցրել: Իսկ դրանից ժամեր առաջ news.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը զարմացել է, «թե ինչու են դրա տակ (Տատյանայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության - «Հետք») այլ ենթատեքստեր փնտրում»:
«Այդ զրույցի ընթացքում կոնկրետ Արմենին սպանելու մասին խոսք լսե՞լ եք: Որեւէ նման բան չկա, բայց ընդհանուր վարկած է: Մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մանրակրկիտ քննություն է գնում»,- ասել է քննիչը:
Բարեբախտաբար, քննիչ Պետրոսյանի ասածը դեռեւս վերջնական որոշման տեսք չի ստացել: Մենք դեռ հույս ունենք, որ քննչական խմբից որեւէ այլ անդամ կամ գոնե գործը վերահսկող դատախազը մեզ՝ «միամիտներիս» պես այդ խոսակցության տակ այլ ենթատեքստեր կփնտրի՝ մանավանդ, որ զրույցի ընթացքում ուղղակիորեն խոսվում է զենքի եւ սպանության մասին:
Մեջբերում ենք խոսակցության հիշյալ հատվածը.
Տատյանա - Դաղստանցիներ: Կամ ինգուշներ են, կամ դաղստանցիներ, մոռացել եմ: Չէ, նրանք սարերով են գալու:
Արթուր - Ո՞նց սարերով: Պետք է նաեւ զենք վերցնել, քաղաք մտնել, նայել… Արմենը սարերում չի լինում, որ…
Տատյանա - Բնական է, նրանք սարերով… Նրանք ոչ մի սահմանում չեն երեւում:
Արթուր - Արմենին սարերում հո չե՞ն սպանելու, Արմենը սարերում չի լինում…
Տեսանյութի կապակցությամբ Տատյանան հարցաքննվել է: Անդրադառնալով վերջինիս արձագանքին, քննիչ Եղիշե Պետրոսյանն ասել է. «Տեսանյութից էլ է ակնհայտ երեւում, որ այն կրճատած է: Դա 2010թ-ի իրադարձություն է եւ այնտեղ խոսքը դստեր առեւանգման մասին է: Նա (Տատյանան) ասում է, որ իր երեխային պետք է հետ ստանա, բայց կոնկրետ այլ բան չկա»:
Ինչո՞ւ է Եղիշե Պետրոսյանը նախաքննական գաղտնիք հրապարակում: Չէ՞ որ նույն հարցազրույցում նա նշում է, որ Տատյանայի զրուցակցին՝ ոմն Արթուրին, փորձելու են գտնել: Իսկ եթե նրանց մոտ հանկարծ ստացվի եւ Արթուրին իսկապես գտնեն: Պարզ է չէ՞, որ վերջինս կկրկնի Տատյանայի խոսքերը: Կարի՞ք կար արդյոք, որ Արթուրը նախապես իմանար, թե Տատյանան նախաքննական մարմնին ինչպես է ստիպել հավատալ, որ սպանել ասելով իրենք նկատի են ունեցել երեխային առեւանգելը:
«Ինձ համար անակնկալ էր քննչականի պետի նման հայտարարությունները, որովհետեւ իսկապես նա հրապարակում է նախաքննական գաղտնիք: Եթե ես մինչ այդ այս հարցազրուցյը կարդացած լինեի, ուղղակի կհրաժարվեի նախաքննական մարմնին որեւէ բացատրություն տալ, քանի որ քննիչի կանխակալ վերաբերմունքն ուղղակի ակնհայտ է: Մինչդեռ տեսագրությունը առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնք պարզելու կարիք ունեն՝ ո՞վ է այն ձայնագրել, ովքե՞ր են խտասկավառակը դրել Արմեն Պետրոսյանի քրոջ մեքենայի դիմապակուն, ո՞վ է ոմն Արթուրը…»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել