
Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով. դատարանը մասնակի է բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ որոշել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնել 1 ամսով: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, այսինքն՝ դատարանը մասնակի է բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
Դատարանը որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացրել երեկ՝ հոկտեմբերի 22-ին: Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան և հորեղբորը՝ Գագիկ Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին:
Այս պահին դատարանում շարունակվում է Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Քրեական գործը, որով Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն, առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին:
Լուսանկարում՝ ձախից դատավոր Ռոբերտ Պապոյանը, Կարեն Խաչատրյանը
Մեկնաբանել