HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է Սևանա լճից լրացուցիչ ջրառն օրենքով արգելել, կառավարությունը դեմ է

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի oրենսդրական առաջարկը: Պատգամավորն առաջարկում է օրենքով ամրագրել, որ թույլ չտրվի տարեկան 170 մլն խմ չափաքանակից ավելի ջրառ իրականացվի Սևանա լճից:

«Արդյունքում թույլատրվածից կրկնակի անգամ շատ ջրառ է իրականացվել: Մենք առաջարկում ենք, որպեսզի 170 խորանարդ մետրը լինի վերին սահման, դրանից ավելի ջրառ իրականացնելու առաջարկ նաև Կառավարության կողմից չներկայացվի խորհրդարանին»,- ասաց Վարազդատ Կարապետյանը: Նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանի խոսքով` գործող իրավակարգավորմամբ սահմանված է տարեկան 170 խորանարդ մետր առավելագույն սահմանաչափ ջրառ իրականացնելու համար, սակայն սկսած 2012 թվականից Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո Կառավարությունն ամեն տարի դիմել է ԱԺ-ին` լրացուցիչ ջրառ իրականացնելու պահանջով:

Պատգամավորի խոսքով` իրենց մոտեցումն այն է, որ Սևանա լիճն ամբողջական էկոլոգիական համակարգ է` կենդանիներով, բույսերով ափամերձ հատվածով,  բնակավայրերով և մարդկանցով, ովքեր ապրում են լճի շուրջը, ուստի ճիշտ չէ այն դիտարկել որպես ջրի պաշար.

«Երբ նեղվում ենք լրացուցիչ ջրառ իրականացնենք»,- ասաց նա` կոչ անելով լսել նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հիմնավորումները:

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն իր ելույթում ասաց, որ այս պահին Կառավարությունը նպատակահարմար չի համարում նման նախագիծ ընդունել: Վերջինիս խոսքով` Սևանա լճից ջրառ իրականացվում է օրենքով նախատեսված կարգով` ոռոգման նպատակով ջրի դեֆիցիտի մեղման նպատակով:

Ջրառն օգտագործվում է Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների, Արարատյան դաշտի հողատարածքների համար, որոնց, եղանակային պայմաններից ելնելով, չի բավականացնում անհրաժեշտ ոռոգման ջրի քանակը: Ջրային պետական կոմիտեի նախագահի խոսքով` այլ ջրաղբյուր չլինելու դեպքում, չունենալով այլընտրանք՝ ստիպված են լինում լրացուցիչ ջրառ իրականացնել` անկախ լճի տվյալ ժամանակաշրջանի հաշվեկշռից:

«Լրացուցիչ ջրառ իրականացնել հնարավոր է օրենսդիր և գործադիր իշխանությունների համաձայնությամբ` գյուղատնտեսական տարվա ձախողում թույլ չտալու համար»,- ասաց նա` ընդգծելով, որ Կառավարությունը գտնում է, թե նախագծի անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter