
ՕԵԿ-ականները չեն ցանկանում «դրվագային» կանգնել Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստների կողքին
«Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միությունը ողջունում է բնության պահպանության նպատակով քաղաքացիական նախաձեռնությունները: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Առաքել Առաքելյանը:
Նրա կարծիքով, Մաշտոցի այգում կրպակների տեղադրման քաղաքապետարանի որոշման դեմ բողոքի ակցիան պետք չէ քաղաքականացնել, քանի որ համընդհանուր բնույթ է կրում եւ յուրաքանչյուր երիտասարդի է վերաբերում, իսկ ՕԵԿ անդամ երիտասարդներն ազատ են դիրքորոշում հայտնելու հարցում:
«Ցանկացած ակցիա` ուղղված ապօրինի ծառահատումների դեմ, ցանկացած նախաձեռնողականություն` ուղղված բնության պահպանությանը, մեր կողմից ընդունելի է եւ ողջունում ենք: Ամենակարեւորը, որ հարցը ստանա իր արդարացի լուծումը, մենք սա ենք կարեւորում»,-ասում է Առաքել Առաքելյանը:
«Դուք ողջունում եք, քաջալերում եք, բայց բողոքի ցույցի մասնակիցների կողքին չեք: Ինչո՞վ կբացատրեք այս հանգամանքը»,-հարցրինք Առաքել Առաքելյանին:
«Քաջալերելն ու ողջունելը իմպերատիվ բնույթի չեն, ողջունում ենք ու կրավորական, պասիվ կեցվածքով չենք: Ողջունում ենք, որ նման քայլեր, նախաձեռնություններ կան` ուղղված բնության պահպանությանը, եւ եթե կարիքը կա մեր ուժերի, հնարավորությունների սահմանում կկանգնենք ակտիվիստների կողքին: Մեր ցանկությունն է, որ այս հարցը արդարացի լուծում ստանա, կան պատկան մարմիններ սրա համար»,-պատասխանեց ՕԵԿ երիտասարդական միության նախագահը:
Առաքել Առաքելյանն ասաց, թե ինքը, թե բազմաթիվ այլ ՕԵԿ-ականներ անցել են Մաշտոցի այգու տարածքով եւ տեսել են իրավիճակը եւ պետք չէ. որ իրենք «դրվագային» գնան կանգնեն ակտիվիստների կողքին, որ ասեն, թե նրանց հետ են:
Մեկնաբանել