
Նախարարը` հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը պարտադիր բուհական կրթությունից հանելու որոշման մասին
Աշակերտները տասներկուամյա կրթության ժամանակ բավարար գիտելիքներ են ստանում հայոց լեզվից, գրականությունից ու հայոց պատմությունից, բուհական կրթությունում ուսանելիս կրկնելու կարիք չկա:
Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը` արձագանքելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Բագրատյանի հարցադրմանը: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե այս առարկաները պարտադիր ուսուցման կարգից հեռացնելու համար ինչ հանրային լսումներ են կատարվել:
«Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ աշակերտները տասներկուամյա կրթության ժամանակ բավարար գիտելիքներ են ստանում հայերենից, գրականությունից, հայոց պատմությունից: Ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը ոչ միայն տվյալ մասնագետի որակների վրա է ազդում, այլ մասնագիտական ծրագրի և բովանդակության վրա է ազդում: Համոզմունքն այն է, որ հանրակրթության ոլորտում փոփոխություններով հանգեցնելու ենք մի իրավիճակի, որ քաղաքացին, որը բուհ է գալիս, ստանալու է բավարար գիտելիքներ հայերենից, գրականությունից ու պատմությունից: Ավելի շատ ուշադրություն է դարձնելու մասնագիտության վրա»,- ասաց նախարարը:
Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ կլինեն շատ բուհեր, որ ծրագրում կներառեն այս առարկաները, բայց դրանք պարտադիր բնույթ չեն կրելու:
Հարությունյանի խոսքով` մասնագիտական շրջանակներից դժգոհություն կա, որ ոչ մասնագիտական առարկաների պատճառով ստիպված են լինում մասնագիտական քիչ առարկաներ ուսանել:
«Եթե պարտադիր բնույթը դուրս է գալիս, որոշ ֆակուլտետներ կարող են մասնագիտական վեց_յոթ նոր առարկաներ անցնել»,- նշեց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել են, որ այս թեմայով հրավիրվեն խորհրդարանական լսումներ:
Մեկնաբանել