HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը գտնում է, որ Դավիթ Սանասարյանի պահանջն անհիմն է

Վարչական դատարանում՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ այսօր նշանակված էր Դավիթ Սանասարյանն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործով նախնական դատական նիստ, որը հետաձգվեց: Դատարանը հայտնեց, որ Սանասարյանին ուղարկված ծանուցագիրը ետ է վերադարձվել, այսինքն՝ հայցվոր Սանաասարյանը պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի մասին, ուստի գործի քննությունը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ այդ ժամանակվա ռեկտոր Արամ Սիմոնյանը: ԵՊՀ-ում ՊՎԾ-ի իրականացրած ստուգումների ընթացքում Սանասարյանն արել էր արտահայտություններ, որոնք վկայակոչելով՝ Սիմոնյանը պնդում էր, թե նա թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում:

Էթիկայի հանձնաժողովը դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և 2019-ի մարտի 18-ին ընդունել է եզրակացություն, ըստ որի, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն, ում լիազորությունները, հիշեցնենք, այս պահին կասեցված են, թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:

Սանասարյանն էլ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ կամ անվավեր ճանաչել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից 2019թ. մարտի 18–ի «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշումը:

Այսօրվա դատական նիստին ներկայացրել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը: Վերջինս մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայցվորի պահանջը բացարձակապես անհիմն է:

Շաթիրյանի խոսքով՝ հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել Սանասարյանի՝ հրապարակային մի շարք արտահայտություններ, գրառումներ, որոնք տեղ են գտել այս կամ այն լրատվամիջոցին տված հարցազրույցներում կամ նրա ֆեյսբուքյան էջում: Շաթիրյանը ներկայացրեց այն արտահայտությունները, գրառումները, որոնք Էթիկայի հանձնաժողովի կողմից քննարկման առարկա են դարձել:

«ԵՊՀ-ում առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս: Նախնական տվյալներով երկու անգամ կամ ավելի գերազանցելու ա Ագրարային համալսարանին: Ծախսերն ուսումնասիրելով՝ կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է, այդ թվում քրեական հանցագործության տարրեր կան: ԵՊՀ-ում շուրջ երկու ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվեց դատախազություն, ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս, սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային: Ես երաշխավորում, վստահեցնում եմ ձեզ, որ այս գործը գնալու է դատարան»,- Սանասարյանի խոսքերը մեջբերեց Շաթիրյանը:

Վերջինիս խոսքով՝ որոշ արտահայտություններ ու գրառումներ արվել են նախքան ԵՊՀ–ում կատարված ուսումնասիրության ավարտը, և, ըստ էության, կարող էին դիտվել որպես առերևույթ կանխակալ վերաբերմունքի դրսևորում։

Շաթիրյանն ասաց, որ հայցադիմումի պատասխանի շրջանակում Հանձնաժողովը ներկայացրել է համապատասխան հիմնավորումներ, ընդ որում՝ հայցապահանջներից յուրաքանչյուրին անդրադարձել են կետ առ կետ: Շաթիրյանի խոսքով՝ առոչնչության հետ կապված հայցվորը հարցին մի քանի ասպեկտով է անդրադառնում, գտնում է, որ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի խմբագրությամբ օրենքի 28-րդ հոդվածն ըստ էության չի գործում՝ որպես հիմնավորում նշելով այն, որ 2018 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը ենթակա էր հաստատման մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը:

«Այո, սույն դրույթն ամրագրված է օրենքով, սակայն դրա հետ մեկտեղ «Հանրային ծառայության մասին» նոր օրենքի 28-րդ հոդվածով հստակ նախատեսված է, որ օրենքով ամրագրված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները համապատասխան սուբյեկտների համար ընդունում, սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այսինքն, որպես օրենսդրի կողմից սահմանված պայման, պետք է դիտարկվի վարքագծի կանոնների/կանոնագրքի ընդունումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, որն առ այսօր չի կազմավորվել: Հայցվորի իրավական մեկնաբանության պայմաններում առաջանում է իրավական վակում. մի դեպքում անձանագրվում է, որ գործող խմբագրությամբ օրենքի 28-րդ հոդվածն, ըստ էության, չի գործում, մյուս կողմից, նոր օրենքով ամրագրված վարքագծի կանոններին առնչվող օրինադրույթներն օբյեկտիվորեն չեն կարող գործել: Հետևաբար այսպես կարող ենք հասնել աբսուրդի»,- նշեց Շաթիրյանն՝ հավելելով, որ ըստ հանձնաժողովի մեկնաբանության՝ քանի դեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան կանոնագիրքն ընդունված չէ, շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի խմբագրությամբ օրենքի 28-րդ հոդվածի դրույթները:

Հայցադիմումում վիճարկման առարկա է դարձել նաև «բարձրաստիճան պաշտոնատար անձ» եզրույթը:

«Այս առնչությամբ արձանագրել ենք, որ 2018 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում (ուժը կորցրել է 14.03.2019թ.) նշված էր, որ մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը «բարձրաստիճան պաշտոնատար անձ»-ի ներքո հասկացվում են մի շարք պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում՝ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները»,- ասաց Էդգար Շաթիրյանը:

Վերջինս շեշտեց նաև, որ «Հանրային ծառության մասին» 2011 թվականի խմբագրությամբ օրենքի 28-րդ հոդվածով ամրագրված էթիկայի կանոնների խախտման համար որևէ իրավական հետևանք նախատեսված չէ: Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ վարքագծի կանոների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն:

Միաժամանակ վարչական օրենսգրքի 31.2 գլխի դրույթները, որոնք վերաբերում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթին: Ըստ Էդգար Շաթիրյանի՝ այս գործով չեն կարող կիրառելի լինել՝ պայմանավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձանաժողովի՝ կազմավորված չլինելու հանգամանքով:

«Գտնում ենք, որ քննարկման առարկա պետք է դառնա էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության՝ վարչական ակտ հանդիսանալու.հանգամանքը( վարչական ակտին բնորոշ որակական հատկանիշների միաժամանակյա առկայության լույսի ներքո)՝ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին համահունչ»,- ասաց Էդգար Շաթիրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter